ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայկական ճարտարապետական միտքը Բաքվի մշակութային հենարաններից էր

Ազգային ժողովի ցուցասրահում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված են Բաքվի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգությունը, հայ ճարտարապետների և ինժեներների հեղինակած շինությունները և Բաքվի հայ մագնատների ժառանգությունը։

ԱԺ–ի նիստերի դահլիճի հարևանությամբ պատերին փակցված են Բաքվում հայ ճարտարապետների կառուցած շինությունների լուսանկարները։ Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես են հայերը կառուցել Բաքուն։

«19 –րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Բաքուն նավթի պաշարների շնորհիվ արագ զարգացող ու հարուստ քաղաք դարձավ։ Այդ քաղաք գալիս էին ամբողջ Եվրոպայից փող սարքելու համար։ Փողը բառիս բուն իմաստով ոտքերի տակ էր, պետք էր ուղղակի վերցնել։ Ու քանի որ նավթարդյունաբերողներից շատերը հայեր էին, շինարարներին էին ֆինասավորում, որոնք կառուցում էին Բաքվի և Ադրբեջանի հպարտությունը կազմող շենքեր։ Օրինակ՝ Մայիլյանների թատրոնը, որն այժմ Ադրբեջանի օպերային թատրոնն է, այժմյան ֆիլհարմոնիայի շենքը և մի քանի բանկի շենքեր, եկեղեցիներ։ Բաքվի կենտրոնական հրապարակում կանգնած է հայկական եկեղեցի ու այդ եկեղեցին պահում են, որ բոլորին ցույց տան»,–ասում է Գրիգորյանը։

«Բաքուն մշակութային քաղաք էր և մշակույթի հենարաններից մեկը հայկական ճարտարապետական միտքն էր»,- ասում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալ Մարիամ Ավագյանը։ Նա պատմական էքսկուրս է կատարում ու հիշեցնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին։

«Բաքուն չի ուզում հիշել նրա մասին, որ այդտեղ հայեր են ապրել, և դա եղել է պարսկական և հայկական մշակույթի վրա հենված հզոր քաղաք։ Բաքուն եղել է ոչ միայն արդյունաբերական քաղաք, այլ Հարավային Կովկասի ողջ քաղաքական մտքի զարգացումն ընթացել է այնտեղ։ Իսկ այսօր Բաքվում մեկ քաղաքական միտք կա՝ մարդատյացություն և հայատյացություն։ Եվ այն ինչ կատարվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության հետ՝ դա 1988 թվականի մարտից սկսած և 1990 հունվարի 19-ին իր կուլմինացիային հասած Բաքվի հայերի սպանդի մի շարունակական երևույթն էր։ Բաքվի իշխանությունը հետամուտ է, որպեսզի այդ տարածքները մաքրվեն հայերից։ Մաքրեցին Սումգայիթը, Շիրվանը, ամբողջ Ապշերոնի թերակղզին հայկական բնակավայրեր էին, և 1990 թվականին այնտեղ որևէ հայ արդեն չէր ապրում»։

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը ծնվել է Բաքվում ու բռնի տեղահանվել, ասում է ՝ պայքարելու է  Գարդման-Շիրվանի և Նախիջևանի հայերի ոտնահարված իրավուքնենրի պատշաճ բարձրաձայնման, արձանագրման ու վերականգնման համար։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ այն պահից սկսած, երբ Ադրբեջանի իշխանությունները ամրագրեն, վերականգնեն և փաստացի ապահովեն հայերի բոլոր ոտնահարված իրավունքները մենք պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան հանրապետություն և այնտեղ շարունակել ստեղծագործել բոլոր ոլորտներում՝ սկսած մշակութայինից մինչև տնտեսություն»։

Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան․ «Իհարկե մենք չենք փորձում այս ցուցահանդեսով ասել, որ Բաքուն հայկական քաղաք է, բայց կա ներդրում, որ ոչ մի դեպքում չի հաջողվի անտեսել կամ նվազեցնել» ։

Back to top button