ԿարևորՀասարակություն

Արտագրությունները բացառվելու են. ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է դպրոցների տնօրենների նշանակման նոր կարգը

Կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Ըստ այդմ՝ կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Գործող կարգով տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Կարգի կիրարկման ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ զարգացման ծրագրերում եղել են արտագրություններ։

Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարումն առավել ճկուն և արդյունավետ դարձնելու համար դպրոցի տնօրենն այսուհետ կզբաղվի միայն ուսումնական հարցերով։ Տնօրենների նշանակման նոր կարգը կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել հավակնորդների միջև, կարծում են ԿԳՄՍ-ում։ Գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով էական փոփոխություններ են սպասվում։ Առաջինն արտագրության ստուգումն է։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից։ Մինչև ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախևառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը և զարգացման ծրագրերի բազան։ Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով նախկինում արձանագրված արտագրության փաստերը, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Օրինակ, երկու տարբեր հավակնորդներ տարբեր դպրոցների համար ներկայացրել են գրեթե նույնաբովանդակ զարգացման ծրագիր։ Բոլոր ստացված զարգացման ծրագրերը ստուգվելու են դրանցում առկա արտագրությունների իմաստով։ Մենք ակնկալում ենք, որ տնօրենները պետք է ինքնուրույն վերլուծություն իրականացնեն տվյալ դպրոցի իրավիճակի վերաբերյալ և սեփական ծրագիրը ներկայացնեն»։

Եվ սա դեռ միայն տեխնիկական ստուգման փուլն է։ Հաջորդը՝ մասնագիտական փորձաքննության փուլն է, որին հավակնորդները կարող են հասնել նախորդը հաղթահարելուց հետո միայն։ Արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության՝ ասում  է Թամարա Սարգսյանը։

«Ամենաառանցքային փոփոխությունը հարցազրույցի փուլն է, որն իրականացվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Դա հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին և անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ /քաղաքապետարան, ՏԿԵ/»։

Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։ Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձևավորման և բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։ Նոր կարգով կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլ հնարավոր է անցնել միայն նախորդը հաղթահարելու դեպքում։

Եթե նախկինում դպրոցի կառավարումը վերապահված էր միայն մեկ ղեկավարի, այժմ դպրոցը կունենա 2 տնօրեն․մեկը պատասխանատու կլինի վարչատնտեսական  գործունեության համար, մյուսը՝ բովանդակային։

«Վարչատնտեսականը և բովանդակայինը կարողանանք ավելի հստակ իրարից առանձնացնել և վստահ լինել, որ այս նոր կարգով ընտրվող տնօրենները կարողանալու են իրենց ամբողջ ժամանակը տրամադրել կրթության բովանդակության իրացմանը, դրա վերահսկողությանը, որակին, որովհետև իրենք ազատված են լինելու  մնացած կազմակերպատնտեսական պարտականություններից»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ չեն սահմանափակվելու միայն տնօրենների նշանակման կարգի փոփոխություններով։  Վստահեցնում են, որ հետևողական են լինելու նաև մշտադիտարկման, վերահսկողության և  ոլորտի զարգացման հարցերում։

Back to top button