ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայկական 20 բեռնատար Վերին Լարսից վերադարձել է Հայաստան․ փորձագետները քաղաքական պատճառներ են տեսնում

Արդեն 2-րդ օրն է իրավիճակը սրվել է Վերին Լարսի անցակետում։ Եղանակով պայմանավորված՝ փակ է Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը, ինչի պատճառով Վերին Լարսի անցակետում ավելի քան 2500 բեռնատար է կուտակվել։ Առայժմ ճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար ու ուղևորատար տրանսպորտային միջոցների համար, սակայն բեռնատարներն դեռ կանգնած են։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի անցակետի երկու կողմում ավելի քան 1600 հայկական բեռնատար է կանգնած՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Եղանակային պայմանները, սակայն միակ խոչընդոտը չեն․ արդեն մի քանի օր է ռուսական ֆիտոսանիտարական ծառայությունը ուժեղացված ստուգումներ է իրականացնում։

Այս պահին ռուս–վրացական անցակետի երկու կողմերում էլ հայկական բեռնատարներ կան, որոնք սպասում են ճանապարհի բացվելուն։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ձնամաքրման աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար, սակայն բեռնատարների երթևեկն առայժմ անհնար է։

«Ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են, շատ մեծ հույս ունենք, որ այսօր երեկոյան բեռնատարների համար ևս երթևեկությունը կվերականգնվի, հակառակ դեպքում ստիպված կլինենք մինչև առավոտ ևս սպասել, քանի որ երեկոյան ճանապարհը կարող է սառցակալել ու ավելի վտանգավոր դառնալ բեռնատարների համար»,– ասում է Վահան Հակոբյանը։

Վերին Լարսի անցակետում իրավիճակը սրվեց նոյեմբերի 26-ի երեկոյան՝ եղանակի կտրուկ վատթարացումից հետո։ Ժամեր անց արդեն Ռուսաստան–Վրաստան սահմանին սպասող բեռնատարների թիվը, Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ գերազանցեց 2500–ը։ Մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ շեշտում է հայկական բեռնատարներ կան անցակետի երկու կողմում էլ։

«Այս պահին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնության սահման ուղղությամբ ունենք սպասող 800 բեռնատար, որոնք սպասում են, որ ճանապարհը բացվի ու շարունակեն ճանապարհը դեպի ՌԴ սահման։ Հակառակ ուղղությամբ՝ Ռուսաստանի տարածքում ունենք սպասող ևս 800 բեռնատար»։

Եղանակային պայմանները, սակայն բեռնատարների միակ խոչընդոտը չեն․ արդեն մի քանի օր է ռուսական ֆիտոսանիտարական ծառայությունը ուժեղացված ստուգումներ է իրականացնում, ինչի արդյունքում խնդիրներ են առաջանում հայկական բեռների համար։ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ասում է՝ այս պահին էլ ստուգումները շարունակվում են։

«Մոտ 20-ից ավելի հայկական բեռնատարներում ստուգումների արդյունքում խնդիրներ են հայտնաբերել և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այդ բեռնատարները վերադարձել են Հայաստան։ Եվս 15 բեռնատարների հետ կապված կան մերժման որոշումներ, դրանք հիմա գտնվում են ձևակերպման փուլում և շուրջ 5 փորձաքննության արդյունքներ էլ դեռ չեն ստացվել, սպասում ենք դրանց պատասխաններին»։

Մաքսային կցորդն ասում է՝ խնդիրների են բախվում ոչ միայն հայկական այլև, օրինակ, վրացական կամ թուրքական բեռնատարները։ Ռուսական կողմի պարզաբանմամբ՝ ռուս–վրացական անցակետում ուժեղացված հսկողության պատճառը Դաշնության սահմանային անցակետերից մեկում հայտնաբերված խախտումներն են։ Մինչդեռ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը ստեղծված իրավիճակի հիմքում քաղաքական ենթատեքստ է տեսնում․ փորձագետի կարծիքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Վերին Լարսի անցակետում, քաղաքական հայտարարությունների ուղիղ հետևանք է։

«Տեղում ռուս սահմանապահներն ասում են, որ իրենք մեր հետ խնդիրներ չունեն, մեր խնդիրները լուծենք Երևանում, հրապարակներում, իրենց «վերևից» հրահանգել են, իրենք էլ հրամանն են կատարում։ Այլ կերպ ասած՝ հիմնավոր կասկածներ ունենք, որ այս ամենը քաղաքական հայտարարությունների հետևանք է։ Եվ սա բոլորովին չի նշանակում, որ ռուսները «վատն են»։ Տեսեք՝ մենք չենք կարող Եվրամիություն արտահանում իրականացնել, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց եթե մենք առևտուր ենք անում ԵԱՏՄ–ի հետ, մեզ զգուշացնում են, թե ինչ կլինի, եթե մենք ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չլինենք»,– կարծում է փորձագետը։

Սա ամենևին էլ նոր կամ անսովոր, տարօրինակ երևույթ չէ․ Էմիլ Ստեփանյանն ասում է՝ տնտեսական դիվանագիտության կամ արտահանման քաղաքականության մեջ փորձաքննությունները, կամ ապրանքի որակական թերությունները պարզապես «արդարացումներ» են․ ամեն ինչ որոշում է քաղաքականությունը։

Օրինակ հիմա ռուսական կողմը որոշել է, որ վրացական կոնյակի սպիրտի նկատմամբ ստուգման պարզեցված ընթացակարգ է կիրառելու․ հիմա ինձ ասեք, թե որքանո՞վ սա քաղաքական հարց չէ և կապվա՞ծ չէ այն հանգամանքի հետ, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների փաթեթին։ Ամենևին ավելի որակյալ չի դարձել վրացական սպիրտը կամ նրանց փաստաթղթավորումը։ Նույն կերպ, եթե հիմա թույլ չեն տալիս հայկական բեռներն անցնեն, դա չի նշանակում, որ հայկական ապրանքն անորակ է կամ փաստաթղթային լուրջ խնդիրներ ունի»։

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ․ հայկական կաթնամթերքը, հետո հայկական կոնյակը, հետո պանիրը պարբերաբար ռուսական խոշորացույցի տակ են հայտնվել՝ հիշեցնում է փորձագետը։ Հայաստանից արտահանման 50 տոկոսից ավելին բաժին է ընկնում ռուսական շուկային, սա նշանակում է Հայաստանի տնտեսությունը վտանգավորության աստիճան կախված է Վերին Լարսի անցակետից, կամ այլ կերպ ասած Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ շեշտում Էմիլ Ստեփանյանը։

Back to top button