ԿարևորՀասարակություն

Ինչպես վերադառնալ կյանքի բնականոն հուն, երբ տագնապային վիճակը տևական է

Ավելի քան երկու ամիս է, ինչ արցախցիներն այլևս տանը չեն, կտրված են իրենց առօրյա միջավայրից ու փորձում են հարմարվել նոր իրողություններում։ Ի թիվս այլ խնդիրների, նրանցից շատերը նաև հոգեբանական դժվարություններ են ունենում այս հարցում։ Սոցիալական առաջնահերթությունների մեջ հաճախ պատշաճ ուշադրություն այդ խնդրին չի դարձվում։ Մինչդեռ երկար շարունակվող հոգեբանական ծանր հոգեվիճակը  ռիսկերով է հղի կոնկրետ անհատների համար, իսկ ընդհանրության մեջ նաև հանրության համար։

Աննա Գրիգորյանն ուսանողուհի է, Արցախից․ 2016 թվականին 12 տարեկան էր, երբ սկսվեց ապրիլյանը,  2020-ին 12-րդ դասարանի աշակերտ էր,  երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մինչ աշխարհի այլ երկրներում իր հասակակիցները պատրաստվում էին իրենց կյանքի կարևոր փուլին՝ ընդունելության քննությունների, Աննան  պատերազմից պատսպարվեց Հայաստանում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո հավատաց, որ կարող է ապրել ու արարել հայրենի երկրամասում․ վերադարձավ տուն, ավարտեց դպրոցն ու ընդունվեց Արցախի պետական համալսարանը։

Շատերի նման Աննան 2023 թվականին իր հայրենակիցների հետ բռնի տեղահանվեց՝  ավելի քան 9 ամիս տևած շրջափակումից և 24 ժամյա պատերազմից հետո։ Տեղահանության օրն Աննայի ու նրա ընտանիքի համար ճակատագրական էր․ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունից վիրավորվեց հայրը և հիմա վերականգնման ծանր փուլ է անցնում: Արդեն երկու ամիս ընտանիքը նաև այս փորձությանն է դիմակայում Երևանում, փորձելով  ուժ գտնել հաղթահարելու սթրեսը, հոգեբանական ու սոցիալական խնդիրները և ապրել՝ հարմարվելով նոր միջավայրին։

«Այս 2 ամիսներին շատ դժվարությունների ենք հանդիպել։ Ունեցել ենք ամեն ինչ, հիմա չունենք ոչինչ։ Փորձում ենք ամեն ինչ նորից սկսել։ Սխալ կլինի, եթե ասենք, որ ամբողջությամբ հարմարվել ենք նոր միջավայրին, մարդկանց, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որ մենք վերադառնանք կյանքի բնականոն հուն, բայց ուսմամբ, աշխատանքով փորձում ենք ադապտացվել նոր միջավայրին»։

Այո, շրջափակումը, պատերազմները, ապա տեղահանությունը լրջագույն խնդիրներ են առաջացրել արցախցիների մոտ։ Այդ թվում նաև, կամ գուցե առաջին հերթին՝ սոցիալ-հոգեբանական։ Մարդիկ տագնապային են դարձել, դյուրագրգիռ, վախեցած, չվստահող։ Եվ դա օրգանիզմի ադեկվատ ռեակցիա է: Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԱՐՊՀ արդեն նախկին պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բնական է համարում այն, որ մարդու, տվյալ դեպքում արցախցիների հոգեկան առողջությունը կարող է խաթարվել նման պայմաններում։

«Խնդիրն այն է, որ վնասվել են մեր ամենաբազային, արմատական, հիմնարար համոզմունքները․ մեր հայրենիքի, անկախության, դաշնակիցների հետ կապված։ Մեր սպասելիքները՝ սեփական տանն անվտանգ ապրելու հետ կապված, և հանրութունը իրեն խաբվածի կարգավիճակում է զգում»։

Դեռևս մինչև 2023 թվականի պատերազմն ու բռնի տեղահանությունը Հայաստանում անցկացվել էր «Տևական տագնապային վիճակում անձի բնականոն կենսագործունեության ապահովումը» թեմայով գիտական հետազոտության՝ պարզելու համար, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել պատերազմը մարդկանց զգացմունքների, վարքագծի և աշխատունակության վրա, ինչպես է փոխվում մարդը նման իրավիճակներում։ Հետազոտությանը նաև արցախցիներ են մասնակցել։ Պարզվել է, որ շուրջ 45 տոկոս աշխատունակության անկում է տեղի ունենում սահմանային լարվածությունների, պատերազմների ֆոնին։ Իրավիճակը վատթարացել է երկարատև շրջափակման ու տեղահանության ֆոնին։

Անծանոթ միջավայր տեղափոխվելով և պարտադրված լինելով հարմարվել նոր իրողությանը մարդիկ հոգեբանական մեծ սթրես են տանում։ Սթրես է տանում նաև հանրության այն հատվածը, որտեղ հայտնվել են արցախցիները, քանի որ խաթարվել է հասարակության բնականոն կենսառիթմը։ Այսպիսի պայմաններում հանրային հարաբերություններում կոնֆլիկտներ կամ ճգնաժամեր հնարավոր է, որ առաջանան։ Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները։

«Ընդահանրական մեկ բանաձև չկա, բայց որոշ խորհուրդներ կարող ենք տալ մի փորձեք ընդգրկել անընդգրկելին, մի փորձեք փոխել աշխարհի բնականոն ընթացքը, մեր անձնական ներդրումը կամ ուժերը կարող են չբավականացնել գլոբալ գործընթացների ընթացքը շեղելու համար։Կառուցեք ձեր կյանքը, գտեք հենման կետեր, որոնք ձեր բարեկեցությունն ու երջանկությունը գտնելու ուղի կտան»։

Մասնագետները խորհուրդ կարող են տալ, բայց որքանո՞վ է գործնականում հաջողվում կիրառել այդ խորհուրդը։ Նույնիսկ այն դեպքում, երբ հասարակության առողջ ուժերը մոբիլիզացվում են նման իրավիճակում հայտնված հանրության հատվածին օժանդակելու և ճգնաժամից դուրս բերելու համար, խնդիրը  միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս։ Ինչու՞։ Փորձենք հասկանալ Աննայի օրինակի վրա։

«Մեզ շատ ջերմ ընդունել են Հայաստանում՝ մեր հայրենիքում, այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց հոգով դեռ Արցախում ենք, մեր տանը, հարազատ փողոցներում ու վայրերում։ Հոգեբանական ծանր վիճակն ավելի է վատթարանում, երբ ադրբեջանական կողմից Արցախից տարածվող տեսանյութեր ենք դիտում, սա մեծ հոգեբանական սթրես է մեզ համար»։

 Ստացվում է՝ առկա է հոգեբանական ահաբեկչություն, որին հաճախ տրվում են մարդիկ, և այստեղ անելիք ունեն մասնագետները։  Գտնո՞ւմ են արդյոք այս իրավիճակում հայտնված արցախցիները, որ ունեն հոգեբանական աջակցության կարիք, կամ դիմու՞մ են արդյոք մասնագետի՝ փորձը ցույց է տալիս, որ սեփական նախաձեռնությամբ՝ ոչ հաճախ։ Աննան գտնում է, որ առանձին դեպքերում միայն մասնագիտական համակարգված օգնությունը կարող է օգնել մարդկանց՝ հաղթահարելու հոգեբանական ճգնաժամը։

«Հոգեբանի կարիք բոլորս ունենք, ու հատկապես խոցելի խումբ են կազմում մարդիկ ու նրանց հարազատները, ովքեր տուժել են պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ։ Նրանք հոգեբանի հետ աշխատելով փորձում են հաղթահարել իրենց կյանքի դժվարին փուլը։ Կարծում եմ, հոգեբաններն այսօր շատ պատասխանատու աշխատանք են տանում և այն պետք է շարունակական լինի»։

Վիտյա Յարամիշյանի խոսքով այն, ինչ հարվածել ու թուլացրել է մեզ, պետք է կարողանանք գնահատել որպես նոր հնարավորություն։

«Այն ինչ մեզ հարվածել, թուլացրել է, կարող է մեզ համար նոր հնարավորություններ բացել։ Կարծում եմ, յուրաքանչյուր ոք կարող է իր համար հենակետ գտնի՝ իր կորցրած հոգեկան խաղաղությունը վերագտնելու և առաջ շարժվելու համար»։

Այսինքն խնդիրը սթափ կերպով միջավայրը գնահատելու, մոտեցումները վերանայելու և հենման կետեր գտնելու մեջ է։ Հենց այդպես կարելի է կառուցել կենցաղը, վերականգնել հոգեկան առողջությունը և շարժվել առաջ, ասում է մասնագետը։

Աննան հենց այդպես է նայում կյանքին, ասում է, որ փորձում է սթափ գնահատել իրավիճակը, որում հայտնվել է ինքն ու իր ընտանիքը։ Դժվարին իրավիճակը հաղթահարում է ուսումը շարունակելով, աշխատելով, և սիրած զբաղմունքին տրվելով։ Օգնում է՝ Աննան արդեն սեփական փորձից գիտի։

Back to top button