ԿարևորՀասարակություն

Նոր ճանապարհ՝ նոր խնդիրներ. վարդանաշենցիները պահանջում են կշեռք ու արագաչափ տեղադրել գյուղամիջյան հատվածում

Մ3 միջպետական մայրուղու Մարգարայից Լուսագյուղի կամուրջ ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է: Վարդանաշեն գյուղում, սակայն, բողոքում են բնակավայրում արագընթաց մեքենաների ու գերծանրաբեռնված բեռնատարների երթևեկությունից: Դժբախտ պատահարներից խուսափելու համար վարդանաշենցիներն առաջարկում են բնակավայրում արագաչափեր ու ճանապարհային կշեռքներ տեղադրել: Գյուղի բնակիչները մտահոգված են, քանի որ Մարգարայի ավազահանքի գերբեռնված բեռնատարները կարող են նորից քանդել հիմնանորոգված ճանապարհը:

Գրեթե մեկ ամիս առաջ է ավարտվել միջպետական նշանակության Մարգարա-Վարդանաշեն-Լուսագյուղի կամուրջ 8.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Վերջին 10 տարում այս ճանապարհն արդեն երկրորդ անգամ է ասֆալտապատվում, քանի որ Մարգարա գյուղի ավազահանաքերից եկող գերծանրաբեռնված բեռնատարները վնասել էին այն: Բայց հիմա էլ, ասֆալտապատումից հետո մայրուղին դարձել է թռիչքուղի. ասում են վարդանաշենցիները.

«100 կմ/ժամ արագություն են զարգացնում: Աստված չանի, միամիտ մեկը դուրս գա դիմացը՝ պիտի լղճի՞: Հարկատուները պետությանը՝ բյուջեին, փող են տալիս, որն էլ տրամադրում են ճանապարհը սարքելուն»:

Վարորդներն անտեսում են բնակավայրում ընթացքի թույլատրելի արագությունը նույնիսկ ճանապարհային զգուշացնող նշանների առկայության դեպքում: Իսկ Մ-3 միջպետական մայրուղին անցնում է Վարդանաշեն գյուղի միջով, որի երկու կողմերում էլ բնակելի տներ են, դպրոց, սպասարկման կառույցներ: Արագընթաց են դարձել ոչ միայն մարդատար մեքենաները, այլև՝ գրեթե 50 տոննա կշռող բեռնատարները:

«Նախ՝ երեխաներն այդ ճանապարհով են գնում դպրոց, առաջին անհանգստությունը դա է, մեքենաները շատ արագ են վարում: Երկրորդ՝ ավազը թափվում է ճանապարհի վրա, ասենք, եթե մեքենան արգելակում են, այդ ավազի հատիկների վրայով մեքենան ինքնահոս առաջ է շարժվում, սղում է: Մեր ճանապարհներն այդ ավազով գերբեռնված մեքենաներն էին վնասել»:

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում մարդկանց անվտանգության համար ճանապարհներին արգելապատնեշներ են կառուցվել, սակայն Վարդանաշենի նորակառույց ճանապարհներին դրանք բացակայում են:

«Թող արագաչափեր դնեն, որ ավտոմեքենաները հանգիստ անցնեն: Սահմանված արագություն գոյություն ունի, թող բնակտարածքում սահմանված արագությամբ իրենք երթևեկեն: Կա 30կմ/ժ արագություն, կա 40 կմ/ժ արագություն, 60կմ/ժ արագություն. Ցուցափեղկերը բոլոր տեղերում դրված են: Այնքան արագ են գնում, որ չես հասցնում տեսնել, թե ում ավտոմեքենան էր, համարն էլ չես կարողանում տեսնել: Այ այդքան արագ են գնում»:

Գերբեռնված բեռնատարները նաև վնասելու են նոր կառուցված ճանապարհը: Մայրուղին երկար շահագործելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի քանի հատվածներում ճանապարհային կշեռքներ է տեղադրել:

«Կշեռքը որտե՞ղ է դրված, Զվարթնոցո՞ւմ, իսկ վարորդներն այնքան շրջանցող ճանապարհներ ունեն: Կշեռքը պետք է դրվի այնպիսի տեղ, երբ հանքից դուրս գա մեքենան՝ կշռվի: Մարդիկ Հովտաշատով՝ Մեհմանդարով, են գնում, Էջմիածնով, չգիտես՝ չոլերով, գյոլերով: Մարդիկ շրջանցում են, ինչու պիտի մտնեն Զվարթնոց, որ անտեղի տուգանվեն»:

«Բավականին ժամանակ, երկար տարիներ ավազը տանում են, դեռ երկար տանելու են և կշեռքը կարելի է դնել գյուղի սկզբում, որտեղ որ հանքից մեքենան դուրս է գալիս, որպեսզի մարդը չափով ավազ լցնի, եթե շատ բարձի՝ կտուգանվի: Եթե մարդը տուգանվեց, ապա ավել քանակությամբ ավազ չի բարձի մեքենան»:

«Զվարթնոցում հանքեր կա՞ն, որ կշեռք էն դրել»:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ասում է՝ ճանապարհները պահպանելու համար անհրաժեշտ է նոր մեթոդներ կիրառել.

«Սա այն քիչ հարցերից մեկն է, որ մեր գործիքակազմը, մեր հսկողությունը, ճանապարհային կշեռքների որոշակի խնդիրները ի զորու չեն սրա դեմն առնելու: Եղեգնուտով ենք եկել, տեսել, որ այդ ճանապարհն ավիրվել է, իսկ եթե հիմա այս ճանապարհը ծանրությունից քանդվի, նույն բանն է, թե՝ պետության փողերը ճղես, թափես»:

Բեռնատարները քանդել են նաև Նոր Կեսարիա-Շենավան-Գետաշեն-Նալբանդյան, Նոր Կեսարիա-Հուշակերտ-Արմավիր ճանապարհները: Նոր Կեսարիայի բնակիչները նույնպես բողոքում են բնակավայրում արագընթաց բեռնատարաներից:

 «Ավազ են տանում «ՄԱՆ» բեռնատարներով, դրանք մինչև 60 տոննա բարձում, տանում են և ամբողջ ճանապարհը ջարդել են: Հետո շատ արագ են քշում, այստեղ ոչ արգելապատնեշ են դնում, ոչ տեսախցիկ են դնում: Եթե երկու րոպե կանգնես այստեղ՝ փողոցի մյուս կողմը չես կարող անցնել: 100կմ/ժամ արագության վրա են գնում: Մեքենայի համարը չես կարող կարդալ, այնքան արագ են անցնում: Հիմա որի հետ վիճես»:

Հիշյալ ճանապարհները կառուցվել են 10 տարի առաջ, բայց բեռնատարների ծանրության տակ քանդվել են՝ ասում է Նոր Կեսարիայի վարչական ղեկավար Հրայր Գալստյանը.

«Մեր համայնքային ճանապարհները լավ վիճակում չեն: Վերջին անգամ միջհամայնքային Նոր Կեսարիա-Շենավան-Գետաշեն ճանապարհը վերանորոգվել է 2013 թ.-ին: Ծանր բեռնատարներից են այդ փոսերը նորից  առաջացել»:

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն այս տարի նախատեսել էր հիմնանորոգել Արմավիրի մարզի 39 կմ երկարությամբ ճանապարահ  ՝ 11 ուղղությունով: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նախատեսվում է դրանք ավարտել մինչև տարվա վերջը:

Back to top button