ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Արամ Խաչատրյանը դաշնամուր սկսել է նվագել հարևանուհու տանը․ Թբիլիսիում բացվել է կոմպոզիտորի հուշատախտակը

Այսօր Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող եռալեզու հուշատախտակ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Թբիլիսիի ավագանու ղեկավար Գիորգի Տղեմալաձեն, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։

Թբիլիսյան հին թաղամասերից մեկում՝ Ուձնաձե 93 հասցեի  պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ստացած շենքի պատին տեղադրվեց Արամ Խաչատրյանի եռալեզու հուշատախտակը։

Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է Թբիլիսիի մոտակայքում՝ Խոջորի քաղաքում, երեք տարեկանից ապրել թբիլիսյան այս տանը:  

«Իտալական բակ» կոչվող այս շենքում հայուհի Տալիա Չերմակյանը միակ հարևանն է այսօր թերևս նացել, որ տեսել է Արամ Խաչատրյանին։ Պատմում է, որ ինքը փոքր էր, Խաչատրյանը մինչև Մոսկվա տեղափոխվելն իրենց տանն էր դաշնամուր նվագում․ «Խաչատրյանները երկրորդ հարկում են ապրել, ավագ քույրս դաշնակահարուհի էր, Արամը հաճախ էր մեզ մոտ գալիս՝ նվագելու»։  

Թբիլիսահայ պատմաբան Ենոք Թադևոսյանը նշում է, որ Խաչատրյանի հայրը շատ էր ցանկանում, որ որդին իրավաբանական կրթություն ստանա։  Ասում է՝ 19 տարեկանում է նա սկսում երաժշտությամբ հետաքրքրվել, առաջին անգամ դաշնամուրի առաջ նստում հարևանների տանը․   

 «Նա միշտ զգացել է թիֆլիսյան շունչը․ երաժշտության նկատմամբ ձգտումը կոլորիտային Թիֆլիսից էր, նրա բազմազանությունից, բազմաժանր երաժշտությունից․ և այս քաղաքում տիրող միջավայրը մեծ ազդեցություն է ունեցել»։   

Խաչատրյանի տան պատի հուշատախտակը մինչ օրս միայն վրացերենով էր։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Հարություն Խուդանյանը նշելով եռալեզու հուշատախտակ տեղադրելու գաղափարի նախապատմությունը, ընդգծում է դրա կարևորությունը զբոսաշրջային Թբիլիսիում։

«Այս օրը ևս մեկ խորհրդանիշ է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության։ Մենք հպարտ ենք, որ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել և մեծացել է Վրաստանում, և Թբիլիսին մեծ ներդրում է ունեցել նրա ստեղծագործական կյանքում», — նշեց Թբիլիսիի քաղաքապետարանի սակրեբուլոյի ղեկավար Գիորգի Տղեմալաձեն։

Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար,  Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի ղեկավար Արայիկ Հարությունյանը    «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց․

«Մենք նախատեսել էինք թբիլիսյան միջոցառումները, որովհետև Արամ Խաչատրյանն անմիջական կապ է ունեցել Վրաստանի հետ, և սրանով ևս մենք անգամ շեշտում և ամրապնդում ենք հայ-վրացական մշակութային սերտ կապերը»։

Թբիլիսիում Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին նվիրված մի շարք այլ միջոցառումներ ևս նախատեսվում են։

Back to top button