ԿարևորՄիջազգային

Թուրքիայի մի քանի շրջաններում ծովը հեղեղել է ափերը․ վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել 81 նահանգներից 44-ում

Հզոր փոթորիկներից և անձրևներից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում ծովը հեղեղել է ափամերձ գոտիները, Իզմիրում փրկարարները օգնության են հասել սրճարանի այցելուներին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայում կիրակի օրը վտանգի նախավերջին «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել 81 նահանգներից 44-ում, ևս 20 նահանգում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հայտարարվել է «դեղին» մակարդակ։

Իզմիրում փոթորկի պատճառով ծովը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի շրջաններ, այդ թվում՝ կենտրոնական Ալսանջակը և Կորդոնը, իսկ լաստանավերի երթուղիները չեղարկվել են։ Հեղեղված քաղաքի փողոցների տեսանյութերը հրապարակվում են սոցիալական ցանցերում։

Ստամբուլում ջերմաստիճանն իջել է 10 աստիճանով՝ հասնելով +8-ի, իսկ որոշ շրջաններում անձրեւ է տեղում։ Փոթորիկի պատճառով Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում չեղարկվել է թռիչքների 15%-ը, մյուս օդանավակայաններում նույնպես սպասվում են չեղարկումներ և հետաձգումներ։

Քյագիթհանե շրջանում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքի տանիքը, վնասվել են մի քանի մեքենաներ։

Աղետը չի շրջանցել Անթալիայի հանգստավայրը. որոշ հատվածներում արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են մեքենաներ և խանութներ, իսկ Քեփեզի շրջանում ջրանցքները դուրս են եկել ափերից: Մանավգաթում առնվազն երկու նավ է խորտակվել։ Զբոսանավեր են լցվել ջրով նաև Անթալիայի կենտրոնական մասում։

Back to top button