լրացվել է ժամը 16։55-ին
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտարարել Արթուր Բաղդասարյանը։ ՕԵԿ նախագահը վերահաստատել է, որ ինչպես կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ որոշումը, այնպես էլ ԱԽ քարտուղարի պաշտոնից իր հրաժարականը վերլուծված ու փաստարկված որոշում է` ելնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից: Դրդապատճառները սպառիչ ներկայացված են ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման մեջ, շեշտել է Արթուր Բաղդասարյանը: ՕԵԿ նախագահը չի բացառել 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականությունը` շեշտելով, թե 4 տարի կա եւ այդ ընթացքում շատ ջրեր են դեռ հոսելու:
Արթուր Բաղդասարյանն ինքն առանձնացրեց հինգ դրդապատճառ` նկատելով, որ դրանք նոր իրավիճակ են բերել Հայաստանի քաղաքական դաշտում: Դրանով պայմանավորված էլ ՕԵԿ քաղաքական խորհուրդն ընդունել է հայտնի որոշումը: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ ՕԵԿ-ը կոալիցիա է մտել ժողովրդի համար եւ կոալիցիայից հեռանում է կրկին ժողովրդի համար: Կան ծրագրեր, որոնք չենք կարողանում իրականացնել` ելնելով մեր փաստացի դերակատարումից, պարզաբանեց կուսակցության ղեկավարը` հավելելով, թե ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ է:
Քառյակի աշխատանքներին ՕԵԿ-ի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին ի պատասխան` Արթուր Բաղդասարյանը նախ կրկնեց, թե իրենք որեւէ մեկի տեղը չեն զբաղեցնելու ընդդիմադիր դաշտում, ապա հավելեց, որ կաշկանդված չեն որեւիցե քաղաքական ուժի հետ իրենց համագործակցությամբ: ՕԵԿ նախագահը նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումներն այսօր մեր երկրի համար հրատապ անհրաժեշտություն են, բայց քննարկումներից կուսակցությունը երբեք չի խուսափելու:
Գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ եղել են կառավարության կազմում` ունենալով պատասխանատվության իրենց նվազ չափը, սակայն կարծում է, որ այդ կառավարության հրաժարականը հիմնավորված էր, ավելին` նույնիսկ ուշացած: Նոր վարչապետիի մասին չխոսեց` նշելով, որ 100 օր կսպասեն տեսնելու քայլերը, հետո կխոսեն։
Կոալիցիա վերադառնալու հավանականությունը ՕԵԿ նախագահը բացառեց, քանի որ նոր են դուրս եկել: Նախագահի հրաժարական պահանջելու հավանականության մասին հարցին էլ ի պատասխան ասաց, թե ՕԵԿ-ի համար դա բարոյական չի լինի: Վատ քայլերը, սակայն, կքննադատեն, լավ քայլերին կօժանդակեն: Արթուր Բաղդասարյանը հաստատեց, որ առաջիկայում ղեկավարելու է ՀԱՊԿ ակադեմիայի խորհուրդը եւ կարծում է, որ այդ հաստատությունը կարեւոր դերակատարում կունենա: Այս կապակցությամբ անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին առնչվող հարցին` հերքեց դիտարկումը որ երբեւէ կողմ է եղել ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը։
Նման պաշտոնավարումն էլ, ՕԵԿ նախագահի վստահեցմամբ, չի կաշկանդի իր ընդդիմադիր գործունեությունը, քանի որ, Արթուր Բաղդասարյանի ձեւակերպմամբ, առաջնորդվելու է երկրի եւ ժողովրդի շահերով։