Ժամանակակից ջազի ամենակարևոր ուղղություններից մեկը էթնո ջազն է, որը ամենատարբեր ավանդական երաժշտական մշակույթների և ջազային երաժշտության դրսևորումների խաչմերուկում գոյացած նոր երևույթ է: Դեռևս 70-ականներին սկսվեցին ջազի ոլորտում ազգային նվագարաններ ներգրավելու առաջին փորձերը: Հետագայում սրան գումարվեցին էլեկտրոնային երաժշտության էլեմենտները, և այսօր էթնո ջազը ներկայացված է լայն մշակութային աշխարհագրությամբ և ժամանակակից երաժշտության բազում արտահայտչաձևերով:
«Երաժշտական եռանկյունու» հյուրեր Տիգրան Կազազյանը և Լյուսի Խանյանը ներկայացվել են որպես ինքնուրույն կատարող-երաժիշտներ և ստեղծագործողներ, բայց այս անգամ նրանք հանդես են գալիս որպես ուդի և դաշնամուրի դուետ:
Տիգրան Կազազյանը ծնունդով Եգիպտոսից է, ուր նա ավարտել է Ամերիկյան համալսարանը և Կոնկորդիայի համալսարանը: 2012 թ. տեղափոխվելով Հայաստան՝ նա սովորում և ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նրա հայրը՝ Գեորգես Կազազյանը, հայտնի ուդահար է, և հենց դրանով է պայմանավորված Տիգրանի որոշումը՝ մասնագիտանալ ուդի կատարողական արվեստի ոլորտում և այսօր նա հանդես է գալիս որպես անհատ կատարող և մի քանի երաժշտական նախագծերի մասնակից, որոնցից առանձնանում է 2016-ին ստեղծված «Նուռ» փրոջեկտը իր հոր՝ Գեորգես Կազազյանի հետ: 2018 թ. դուդուկահար Արսեն Պետրոսյանի հետ նրանք նոմինացվել են լավագույն արտիստ անվանակարգում՝ Song Lines երաժշտական մրցանակաբաշխությունում: Նրա համերգները հեռարձակվել են Ֆրանս 2 և RTS Swiss ալիքներով: 2022 թ. Տիգրան Կազազյանի քառյակը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին:
«Իմ համագործակցությունը Լյուսի Խանյանի հետ օրինաչափ է ինչ-որ առումով, որովհետև սկսվել է մի միջադեպից, երբ երկուսով հայտնվեցինք մի բեմի վրա և հանպատրաստից իմպրովիզացիայով պետք է ստեղծեինք նոր կոմպոզիցիա: Հենց այդ պահից հասկացա, որ նույն կերպ ենք վերաբերվում երաժշտությանը և շատ լավ ենք զգում իրար որպես ստեղծագործողներ»,- ասում է Տիգրան Կազազյանը:
Լյուսի Խանյանը դաշնակահարուհի և կոմպոզիտոր է, որն աշխատում է ավանգարդ ֆոլկ երաժշտության բնագավառում՝ ստեղծելով սյուրռեալիստական գույներով, էքսպերիմենտով լի սեփական ստեղծագործական տարածություն: Ծնվելով Հայաստանում՝ նա հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղից վերհաստատվում է հայաստանում՝ հիմնելով բազմաթիվ երաժշտական նախագծեր և համագործակցելով էթնիկ երաժիշտների և տարբեր նվագախմբերի հետ: Ունենալով սեփական երաժշտական կազմ, որն ընդգրկում է բազմաթիվ արևելյան և հայկական ավանդական նվագարաններ՝ նա Տիգրան Կազազյանի հետ կազմում է դուետ, ուր հանդես է գալիս որպես դաշնակահար:
«Ինձ չափազանց հետաքրքիր է աշխատել Տիգրանի հետ, ում երաժշտական մտածողությունը շատ մոտ է ինձ: Նրա հետ աշխատանքը բացում է նոր հնարավորություններ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուդը այդքան էլ տարածված նվագարան չէ, և Տիգրանի վարպետությունը մեծ բավականություն է պատճառում ինձ որպես երաժշտի», ասում է Լյուսի Խանյանը: