ԿարևորՄշակույթ

Կյանքի 86-րդ տարում մահացել է Կոնստանտին Օրբելյանը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում 86 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: «Սա մեծ կորուստ է մեզ համար: Նա վերջիններից է Էդվարդ Միրզոյանից, Ալեքսանդր Հարությունյանից հետո: Օրբելյանի մահով մի սերունդ վերջացավ»,- «Ռադիոլուր»-ին ասել է Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը: Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Կոնստանտին Օրբելյանի երգերից մեկում հնչում է «Երջանկության 100 ժամ, արդյոք դա քիչ է» խորաթափանց հարցը: Իսկ արդյո՞ք  բավարար չէ մի քանի տասնյակ տարիների երջանկությունը՝  զգացում, որը տվել է երաժշտության հետ միասնությունը: Երաժշտությունը մաեստրոյի կյանքում ոչ միայն մասնագիտություն էր, այլեւ նրա էությունը, բնույթն ու կյանքի  իմաստը: Կոմպոզիտոր , դաշնակահար, դիրիժոր , ուսուցիչ եւ կազմակերպիչ. այսքան տաղանդ՝ մեկ մարդու մեջ:

«Մեծագույն ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին»,- ասում է ջազային երաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Օրբելյանն այն դեմքն էր, ով իր ուսերին կրեց Հայաստանի էստրադային-ջազային երաժշտության զարգացման բեռը: Լինելով բազմակողմանի տաղանդավոր անձնավորություն՝ Կոնստանտին Օրբելյանը մեզ թե սիմֆոնիկ, թե կամերային հիանալի ստեղծագործություններ թողեց, իսկ կինոյի համար գրված եւ ժանրային նրա երաժշտությունները մի քայլ առաջ էին իր ժամանակից եւ հայկական երաշտությունը ճենաչելի էին դարձնում աշխարհին, ասում է մաեստրոն:

«Նրա շնորհիվ էր, որ հայկական երաժշտությունը լսելի դարձավ աշխարհի 40 երկրներում»:

Օրբելյանն այն դեմքն էր, որի ստեղծագործությունները դեռ շատ ու շատ սերունդներ երգելով ու լսելով կվերհիշեն,- ասում է Մարտին Վարդազարյանը:

«Թանկագին Կոտիկ. Քեզ անչափ սիրում ու գնահատում եմ: Հավատում եմ քո հսկայական տաղանդին:  Նոր աշխատանքների անկնկալիքներով, հաջողողություններ եմ մաղթում քեզ եւ քո հիանալի նվագախմբին»,- 1974թ. Մոսկվայում ասել է Արամ Խաչատրյանը:

«Կոնստանտին Օրբելյանը այն սակավաթիվ ժամանակակից կոմպոզիտորներից է, ով հավասարապես ներդաշնակորեն աշխատում էր ժամանակակից, դասական եւ թեթեւ երաժշտության ժանրերում: Կոնստանտին Օրբելյանի երաժշտության մեջ հրաշալի կերպով համատեղվում է ժամանակի շունչը, հայկական ժողովրդական երաժշտության ու ոգու ժամանակակից ներկապնակը»,-Մյունխենում 1995թ. ասել է Ռոդիոն Շեդրինը:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: Նրա առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից 36 տարի գլխավորել է Հայաստանի էստրադային նվագախումբը։ Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների։

 

Back to top button