Թուրքիայում ավելի շատ է քննարկվում Մեծ եղեռնի թեման. հիմնական շեշտադրումները՝ ցավակցական են


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Թուրքիայի հայկական եկեղեցիներում առաջին անգամ ապրիլի 24-ին պատարագ է մատուցվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատաին: Սա աննախադեպ է, ինչը, Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանի համոզմամբ, պայմանավորված է Թուրքիայի վարչապետ Էրդողանի Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարություններով:
Թեև Էրդողանի խոսքում չի ընդունվում ցեղասպանության փաստը, սակայն հայտարարությունն ինքնին արդեն քայլ է: «Էրդողանը գոնե նոր էջ բանալու տպավորություն է փորձում գործել թուրք և հայ հարաբերություններում, քանի որ նախկինում նման բան չէր եղել, միշտ ժխտել են»,- ասում է Հատեճյանը։
Էրդողանի հայտարարությունը ինքնապաշտպանական քայլ է 100-րդ տարելիցի նախաշեմին, համոզված է «Մարմար» թերթի գլխավոր խմբագիրը: Ցավակցություն հայտնելուց ավելի, ուղերձում պոլսահայ մտավորականը կարևորեց հայերի վերապրած վշտին հասկացողություն հայտնելու կոչը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հայ համայնքին այսուհետ առանց վախենալու ոգեկոչել նախնիների հիշատակը։
Հարկ է նկատել, որ թուրքական ազգայնական կազմակերպությունները քննադատության են ենթարկում վարչապետի խոսքերը, ինչը բնական համարեց Ռոբեր Հատեճյանը։ «Էրդողանի կառավարությունը վերջին ամիսների ընթացքում շատ ծանր կացության մեջ էր, քանի որ քննադատություններ էին հնչում նրա հասցեին և իսկապես քաջություն էր այս հայտարարությունն այդ քննադատություններից հետո»։
Թուրքիայում լուս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց, որ հայտարարությունը որևէ փոփոխություն չի մտցնի պաշտոնական Անկարայի վարած արտաքին քաղաքականության մեջ։ Նա Էրդողանի ապրիլ 24- ի ուղերձն ամենևին չպայմանավորեց օգոստոսին սպասվող նախագահական ընտրություններով։
Թուրքիայում այսօր լույս տեսած թերթերը ողողված են Հայոց ցեղասպանության ու Թուրքիայի վարչապետի ապրիլ 24- ի հայտարարության մասին հրապարակումներով, ինչն արդեն դրական տեղաշարժ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում ընդհանրապես որևէ կերպ չէր արծարծվում հարցը: Այսօր նաև քաղաքական ու վերլուծական շրջանակներն են Թուրքիայում քննարկումներ կազմակերպում Մեծ եղեռնի թեմայով, իսկ շեշտադրումները հիմնականում ցավակցական են: