Վերնատուն

Ուշբրոնզեդարյան տեխնոլգիական ինովացիաները՝ Լճաշենի հնագիտական միջավայրում․ «Վերնատուն»

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը։ Սա, թերևս, ամենաերկար հետազոտված հնագիտական հուշարձանն է, որի հետազոտությունները սկսվել են 19-րդ դարի վերջից։

Պատմության թանգարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանն ասում է, որ հետազոտությունը սկսվել է ռուսական կայսերական հնագիտական ընկերության և եվրոպական մի շարք հնագետների տարածաշրջանային գործունեությամբ, իսկ հետագա հետազոտությունները վերսկսվել են 1950-ականներից՝ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Հարություն Մնացականյանի կողմից։

«Երբ մենք հետազոտում ենք Հարություն Մնացականյանի պահպանված դաշտային օրագրերը, որոնք հասնում են շուրջ 2000 էջի, տեսնում ենք, որ ժամանակին Մնացականյանը դիմել է առաջադեմ հնագիտական մեթոդների, որը տվյալ ժամանակաշրջանում նորարարություն էր։ Այս հնագիտական պեղումները հնարավորություն տվեցին ստեղծել հնագիտական դպրոց», – ասում է Բենիկ Վարդանյանը։

Ցուցադրությունը պատմում է Լճաշենի ուշբրոզեդարյան անցյալի մասին՝ հիմնվելով Հարություն Մնացականյանի կողմից արված դամբարանաբլուրների և ամրոցի պեղումների վրա։

«Լճաշենում առկա ավելի քան տասը մեծ դամբարանաբլուրներում հայտնաբերվել է քսան անվավոր փոխադրամիջոց, որոնցից երկուսը ճաղավոր անիվներով կառքեր են և պարունակում են այնպիսի նյութեր, որոնք խոսում են վերնախավի՝ ռազմական, տնտեսական, քրմական լիազորություններով օժտված լինելու և առաջավորասիական առաջնորդների հետ ակտիվ առևտրական կապերի մեջ լինելու մասին», – ասում է Բենիկ Վարդանյանը։

Նա նշում է, որ տարածաշրջանի ոչ մի հուշարձան այս քանակությամբ փոխադրամիջոցների պահպանվածություն հայտնի չէ։

«Լճաշենի ֆենոմենը կայանում է նրանում, որ այստեղ փայտամշակությունը հասնում է արվեստի մակարդակի, առկա են փայտամշակումը արվեստի հասցված նմուշներ՝ նուրբ փորագրություններ, զարդաքանդակներ։ Սա նշանակում է , որ փոխադրամիջոցներն այս հասարակության կյանքում ունեցել են ոչ միայն տեխնիկական կամ կենցաղային, այլ նաև ծիսական, էսթետիկական նշանակություն»։

Անվավոր փոխադրամիջոցները Լճաշենը կարող են դարձնել համաշխարհային գիտության մաս։ Բենիկ Վարդանյանը նշում է, որ աշխարհում ընդունված գիտական ուղղություններից ամենաակտուալը փոխադրամիջոցների տեխնոլոգիական ինովացիաների հետազոտությունն է, իսկ Լճաշենը հնարավորություն է տալիս մի հուշարձանի կտրվածքում հետազոտել մոտավորապես 300-400 տարվա փոխադրամիջոցների զարգացման օրինաչափությունները, էվոլուցիան։

Հավելում է, որ հայերենում կառամարտիկ- կառավարիչ բառի արմատը կառք վարելու գործողությունն է, որը ևս մեկ անգամ հուշում է այն մասին, որ հնում պատկերացումների համաձայն առաջնորդ է եղել նա, ով վարել է կառքը։

Back to top button