ԿարևորՎերլուծական

Խաղաղության պայմանագիրը պետք չէ Բաքվին, փաստաթղթի ստորագրումը կձգձգվի․ փորձագետ

Թեև վերջին շրջանում շատ է շեշտվում մինչև այս տարվա վերջը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, փորձագիտական շրջանակներում այս առումով լավատեսություն չկա։

«Անորոշություն». սա այն է, ինչ հստակ է այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ համոզված են փորձագետները։

Մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելը հավանական չի համարում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նա քիչ հավանական է համարում նաև եկող տարի նման փաստաթղղթի սորագրումը։ Եթե անգամ 2024 թվականին աշխարհում ընտրական գործընթացներով պայմանավորված փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կլինի ոչ համապարփակ, համոզված է քաղաքագետը․

«Իրավիճակը խճճված է, և մոտ ժամանակներս ես չեմ կարծում, որ ստորագրումը հնարավոր է։ Թեև մյուս կողմից պետք է նշել, որ եկող տարի ընտրական տարի է թե՜ ԱՄՆ-ում, թե՜ ՌԴ-ում, թե՜ Ուկրաինայում, և գուցե ուժային կենտրոններից մեկը որոշի պայամնագիրը ստորագրելու հիման վրա որոշակի դիվիդենտներ շահել, թեկուզ ներքին դաշտում և ճնշում գործադրել, բայց ամեն ինչ այս հարցում էլ այդքան միանշանակ չէ․ գուցե այդ ճնշումն աշխատի, գուցե՝ ոչ։ Թեև մենք պետք է հաշվի առնենք մեկ այլ հանգամանք ևս, որ եթե անգամ ստորագրվի ինչ-որ բան, եթե ոչ մինչև այս տարվա վերջ, այլ եկող տարվա ընթացքում, ապա դա չի լուծելու բոլոր խնդիրները, այն կլինի փոխըմբռնման, կամ ճանապարհային քարտեզի նման մի բան»։

Հայկական կողմը վերջին շրջանում հաճախ է խոսում մինչև տարեվերջ պայմանագրի ստորագրման հավանականության մասին․ այդ մասին պարբերաբար հայտարարություններ արվում են։ Հերթականը հնչել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու բանակցություններն Ադրբեջանի հետ և մինչև տարեվերջ ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Գրիգորյանը խոսել է բանակցությունները բրյուսելյան հարթակում կամ Վաշինգտոնում շարունակելու հնարավորության դեպքում Հայաստանի պատրաստակամության մասին և հույս հայտնել, որ նման հանդիպում կկայա։ ԱԽ քարտուղարը հստակեցրել է, որ այդ հարթակներում հստակ առաջարկներ են արվել։ Սակայն հստակ է, որ Ալիևը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններից․ նա չմեկնեց Գրանադա և հրաժարվեց հոկտեմբերի 31-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումից։

Ղոբերտ Ղևոնդյան․ «Ադրբեջանն այս պահին շարժառիթ չունի այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև հաղթել է, ստացել է դեռ մի բան էլ ավելին՝ ՀՀ հաշվին և պայամանգիր ստորագրելը ինչ է տալու իրեն այս պահին, կարծում եմ՝ ոչինչ։ Իսկ Հայաստանին տալու է, և այդ պատճառով էլ Ադրբեջանը հնարավորինս կձգձգի»։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է, որ Բաքվին հարկավոր չէ փաստաթուղթ, առավել ևս մինչև տարեվերջ։

«Քանի որ եվրոպական ձևաչափերը կենտրոնացած են խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, և բոլորն ունեն այն պատրանքը, որ եթե Ալիևը «լուծի» Ղարաբաղի հարցը, ապա խաղաղության պայմանագրի կնքումը անարգել կընթանա, սակայն ամեն ինչ ցույց է տալիս հակառակը՝ Ադրբեջանի ղեկավարությունը այսօր առավել քան երբևէ, որևէ փաստաթղթի ստորագրման հարցում շահագրգռված չէ, քանի որ ամեն անգամ մարսում է ուժի կիրառումը, էթնիկ զտումը, ագրեսիվ գործելաոճը, և այս իրողության պայմաններում ինքը չունի շահագրգռվածություն իրեն թղթերով կաշկանդելու»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը քիչ հավանական է համարում նաև ռազմական գործողությունների հավանականությունը, քանի որ Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում քայլեր է ձեռնարկել, որոնք կարող են ազդեցություն ունենալ իրավիճակի վրա և թույլ չտալ ռազմական ագրեսիա․

«Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է և ժամանակը աշխատում է ի հօգուտ մեզ, քանի որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր ռազմական հնարավորությունները՝ արդեն Ֆրանսիայից ժամանած զինտեխնիկա ունենք, Հնդկաստանից կա զինտեխնիկա Հայաստանում։ Կան նաև այլ ուղղություններ, որոնցով ՀՀ կարող է աշխատել, մասնավորապես հիշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄԷ–ում էր։ Եվ այդ դիվերսիֆիկացումը ՀՀ-ին հնարավորություն է տալու վերականգնել Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը։ Եթե ժամանակի մասին խոսենք, ապա Ադրբեջանի համար ՀՀ վրա հարձակվելու կամ պատերազմ սկսելու լավագույն ժամանակը այս տարին էր՝ 2023 թ երբ դեռևս ՀՀ չէր վերականգնել իր հնարավորությունները»։

Փորձագետը լավատեսության հիմքերն է մատնանշում՝ հիշեցնելով նաև գերտերություններում սպասվող ընտրությունների մասին, ինչը ևս զսպող միջոց կարող է լինել Բաքվի համար։

Back to top button