Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հրեշտակապետների և երկնային զորքերի հիշատակության օրը
Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու զանգերը կհրավիրեն Անմահ Պատարագի: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հրեշտակապետների և երկնային զորքերի հիշատակության օրը:
Հրեշտակներ. ովքե՞ր են, ինչպիսի՞ն են
Անմարմին, անսեռ հոգիներ, Աստծո սպասավորներ: Թե ովքեր են հրեշտակներն ու ինչպիսին են, Սուրբ Գրքում բացահայտ արտացոլված չէ, տեղեկությունները սուղ են:
«Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների»։ (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 10:1)
Հրեշտակների գոյության մասին նշվում է մարգարեությունների մեջ: Նրանք մեր պահապաններն են, մարդկանց աղոթքները, խնդրանքները երկինք բարձրացնողները:
Ըստ եկեղեցու Սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են լույսի հետ միասին՝ Արարչագործության առաջին օրը:
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա Գյոզալյանի խոսքով՝ ի տարբերություն նրանց՝ մարդ արարածն Արարչագործության մեջ առաջնային տեղ ունի:
«Մինչ մարդուն ստեղծելը, Աստված ստեղծեց աներևույթ էակներին՝ հրեշտակներին, որոնք պետք է ծառայեին մարդուն»:
Նշվում է, որ նրանք ունեն բանականություն, չեն մահանում, միշտ մարդու հետ են՝ անգամ մահից հետո: Բոլորն ունեն պահապան հրեշտակներ: Նրանց անվանում են նաև Աստծո պատգամավորներ, որոնք մեզ են փոխանցում Տիրոջ կամքը: Սուրբ Գիրքը վկայում է, որ այդ սուրհանդակները բազմաքանակ են:
Գաբրիել և Միքայել հրեշտակապետներ
Հրեշտակապետներն ունեն ավելի մեծ ծառայություն: Հայտնի են Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը: Բացատրում է քահանան:
Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացուհրեշտակներն ունեն ինը դաս
Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակներ և Հրեշտակապետներ:
«Հրեշտակապետներից առաջինը Սուրբ Գրքում հայտնվում է Միքայելը: Նա մարտնչում է Արուսյակի դեմ, որը ըմբոստացել էր, ցանկանում էր բազմել Աստծո գահին: Ըստ հրեշտակաբանության՝ Արուսյակը Աստծուն ամենամոտ գտնվող հրեշտակն էր»:
Քահանան ընդգծում է՝ Միքայել նշանակում է հզոր, բայց ըստ Սուրբ Գրքի՝ այն նաև թարգմանվում է՝ «Աստծուց բացի ուրիշ մեկը կա՞»:
Գաբրիել նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է: Նրան է վերապահված Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհը:
Ըստ Տեր Հրաչյայի՝ ժողովրդի մեջ տարածված է, թե Գաբրիելը մահաբեր հրեշտակն է:
«Ամեն հրեշտակ իր ծառայությունն ունի: Հրեշտակաբանության մեջ նշվում է, որ Գաբրիել հրեշտակապետը դրախտի հսկողն է»:
Այս հրեշտակապետը հայտնեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը նաև բարի լուրը հաղորդեց Սուրբ Կույս Մարիամին:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՛նչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես»։ (ՂՈՒԿԱՍ 1:26-31)
Ծառայե՛նք լույսի հրեշտակներին
Տեր Հրաչյան ընդգծում է՝ հրեշտակները Աստծո տան մեջ ունեն լիարժեք ներկայություն:
«Այս օրվա խորհրդով մեր հավատքի դրսևորումը վերստին հաստատում ենք, որ Աստծո ստեղծած այս աներևույթ էակներին՝ հրեշտակներին, ընդունում ենք: Վստահ ենք, որ իրենք բարձրացնում են Աստծուն մեր աղոթքները: Ամենակարևորը՝ թող մարդիկ լույսի հրեշտակներին ծառայեն, ոչ թե խավարի»:
Ըստ ավանդության՝ հրեշտակները Սուրբ պատարագի ժամանակ իջնում են Սուրբ Սեղանի շուրջ: