ԿարևորՍպորտ

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Սամբոյի ԱԱ մեկնարկային օրը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալներ են նվաճել Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը:

Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Զագիդ Գայդարովին և բավարարվել բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԱԱ-ի հաղթողները կստանան 4000, արծաթե մեդալակիրները՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 2000 դոլար մրցանակ:

Եվրոպայի գործող չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտոմ առավելության է հասել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Նատալևիչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում հաղթող ճանաչված մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։

Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։

Մրցանակակիրներին պարգևատրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

Back to top button