ԿարևորՀասարակություն

Լիցենզիա չունեցող մանկապարտեզները կփակվեն. փոխնախարար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ պարտադիր լիցենզավորման են ենթակա նաև մասնավոր մանկապարտեզները։ Եթե նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը լիցենզիա չստանան, նրանց գործունեությունը կկասեցվի։

Ներկայում Հայաստանում կան ավելի քան 300 կազմակերպություններ, որոնք ԿԳՄՍ նախարարության վերահսկողությունից դուրս են գտնվում, բայց զբաղվում են երեխաների կրթությամբ և զարգացմամբ։ Նախարարությունում կարծում են, որ տվյալ հաստատություններում հաճախ անտեսվում են տվյալ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները: Վստահ են՝ լիցենզավորմամբ կկարողանան նաև վերահսկել տվյալ կազմակերպությունների գործունեությունը։

Նախադպրոցական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններն այսուհետ պետք է լիցենզավորվեն։ Հայաստանում գործող ավելի քան 300 կազմակերպություններ, մասնավորապես, զարգացման կենտրոններ, ԿԳՄՍ նախարարության վերահսկողությունից դուրս են, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ և զարգացմամբ` շատ դեպքերում անտեսելով տվյալ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ եթե այդ կազմակերպություները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը նախարարության կողմից լիցենզիա չստանան, նրանց գործունեությունը կկասեցվի։ Քանի որ վերջնաժամկետը մոտ է, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը խորհուրդ է տալիս շտապել։

«Պիտի ներկայացնեն, թե ինչ ծրագիր են իրականացնում։ Եթե մասնագիտական փորձարկումից հետո զրագիրը համապատասխանի բոլոր չափանիշներին, բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո կազմակերպությունը կլիցենզավորվի։ Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել, այն բոլոր կազմակերպությունները, որոնք դիմած կլինեն, բայց հասցրած չեն լինի լիցենզիա ստանալ, այդ կազմակերպությունները կհամարվեն լիցենզավորման գործընթացքում, բայց այն կազմակերպությունները, որոնք դիմած չեն լինի մինչև դեկտեմբերի 30-ը, հունվարին ՊԵԿ-ը կարող է ստուգումներ իրականացնել և թե տույժեր կան սահմանված, թե գործունեության արգելք»։

Մանկապարտեզների լիցենզավորման պահանջը նոր չէ։ Պարզապես, եթե կազմակերպություններ կային, որոնց համար դա պարտադիր չէր, այժմ բոլորի վրա է տարածվում։ Միակ տարբերությունը ծրագրային, ինչպես նաև պայմաններին ներկայացվող պահանջներն են։ Չեն կարող մի զարգացման կենտրոնին, որը 3-ժամյա ծառայություն է մատուցում և կազմակերպությանը, որը 8- ժամյա ծառայություն է մատուցում նույն պահանջները ներկայացվել։

«Եթե իրականացնում են ամբողջական ծրագիր, պետք է ամբողջական ծրագիրը ներկայացնեն և լիցենզավորվեն որպես մանկապարտեզ։ Եթե կարճ՝ մինչև 4 ժամ տևողությամբ ծրագրեր են իրականացնում, կլիցենզավորվի որպես նախադպրոցական ծառայություն»։

Մանկապարտեզները ոչ թե պետք է երեխայի ժամանակավոր ժամանցը ապահովեն, այլ կրթության առաջին ու կարևոր փուլը դառնան։ Ուստի լիցենզավորման պահանջի նպատակն է կանոնակարգել դաշտը, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ տվյալ հաստատությունն ունի՞ բավարար պայմաններ նախադպրոցական կրթություն իրականացնելու համար, թե՞ ոչ։ Արդյոք լիցենզավորմամբ նաև երաշխավորվում է, որ նախադպրոցական հաստատություններում երեխաները բռնության կամ ոչ մասնագիտական այլ դրսևորումների չեն ենթարկվի։ Ի պատասխան «Ռադիոլուրի» դիտարկմանը՝ փոխնախարարը հայտնեց, որ լիցենզավորման պահանջ ներկայացնելու հիմքում հենց այդ դրսևորումները բացառելն է։

«Մենք պետք է վստահ լինենք, որ ցանկացած կառույցում, որտեղ երեխայի հետ են աշխատում, իմանանք, թե ինչ ծրագրով է այդ աշխատանքն իրականացվում, ինչ պայմաններում և ովքեր են այդտեղ աշատում։ Որովհետև լիցենզավորման համար նաև մասնագետների ցանկն է անհրաժեշտ ներկայացնել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ պահանջներիյն բավարարող մարդիկ են աշխատում։ Սա նաև մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմներ է բերելու, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաները շատ ավելի խոցելի են, և շատ կարևոր է, որպեսզի մենք հստակ տեղեկատվություն ունենանք, թե մեր երկրում որ կազմակերպություններն են զբաղվում նախադպրոցական տարիքի երեխաներով»։  

Ավելի վաղ Արաքսիա Սվաջյանն ընդունել էր մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին և լսել լիցենզավորման պահանջին վերաբերող նրանց հարցերը: Դրանք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության սահմանումների տարբերությանը, սանիտարահիգիենիկ, շինության հասարակական նշանակության նորմերին, մանկավարժական կադրերի համալրմանն ու աշխատանքային փորձի հաշվարկմանը: Փոխնախարարի փոխանցմամբ՝ հասարակական նշանակության շենքերի պահանջը միայն մանկապարտեզների վրա է տարածվում։ Հաշվի առնելով կարճաժամկետ ծրագրերը՝ զարգացման կենտրոնները կարող են իրենց գործունեությունը ծավալել նաև բնակելի տարածքում։

Իսկ բոլոր այն մանկապարտեզները, որոնք մանկապարտեզի ծրագիր են իրականացնում, բայց շենքային պայմանները չեն համապատասխանում լիցենզիայի նորմերին, այդ կազմակերպություններն այժմ փաստի առաջ են կանգնած, քանի որ դա նաև ֆինանսական լուրջ ներդորւմներ է ենթադրում, նախարարությունը որոշել է այնուամենայնիվ տրամադրել լիցենզիա՝ պայմանով, որ սահմանված ժամկետներում տվյալ կազմակերպությունը փոխի շենքի նշանակությունը, համապատասխանեցնի լիցենզիայի պահանջներին։

Back to top button