Վերնատուն

Ինստալացիոն փառատոն՝ մարդկային, մշակութային, մտածողության «հոսքի» մասին․ «Վերնատուն»

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մեկնարկում է «Հոսք» խորագիրը կրող ինստալացիոն արվեստի ամենամյա 3-րդ փառատոնը։ «Հոսքը»՝ կյանքի ու անընդհատ շարժման մասին է․ մարդկային, մշակութային, մտածողության և այլ հոսքերի մասին։

Փառատոնի կազմակերպողն ու համադրողը ՆՓԱԿ–ի թիմն է։ «Նփակի 30-ամյա փորձառությունը ցույց է տվել, որ մեր արվեստագետները պասսիվ են հենց ինստալացիաների հարցում,– ասում է ՆՓԱԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Մարիամ Ալեքսանյանը, – ինստալացիոն արվեստը բավականին հետաքրքիր արվեստի ուղղություն է, դժվար սահմանելի է և աշխատում է տարածքի հետ։ Այս ժանրում մենք հատկապես ուզում ենք ներգրավված տեսնել կին արվեստագետներին, որպեսզի նրանք ավելի շատ մասշտաբային գործեր անեն»։

Այս տարի փառատոնին մասնակցում են 20 արվեստագետ, ներկայացված է շուրջ 22 ստեղծագործություն։ Մարիամ Ալեքսանյանը, խոսում է փառատոնի այս տարվա առանձնահատկության մասին, շեշտում, որ այս տարի արվեստագետները իրենց գործերը ստեղծում են հենց ՆՓԱԿ–ի տարածքում։

Ասում է, որ այս փորձառությունը շատ կարևոր է, երբ այցելուն մասնակից է դառնում ինստալացիայի ստեղծման պրոցեսին, երբ վիզուալ չկա ոչինչ, ընդամենը կա գաղափար, և այցելուներն իրենք են օգնում մասնակից արվեստագետներին` ստեղծել ինստալացիաները։ Միաժամանակ մասնակից արվեստագետների միջև նույնպես ստեղծվում է համագործակցություն, միմյանց աջակցելով՝ ստեղծում ու ավարտին են հասցնում գործերը։

Փառատոնի մասնակից արվեստագետ Հակոբ Բալայանի գործը Աստվածաշնչի մի պատմության առաջին հայացքից անկարևոր թվացող դրվագի մասին է․ թե ինչպես է հերոսը գլուխը դնում քարին ու քնում։ Հակոբն իր գործում շեշտում է բնությանը մոտ լինելու և հողի վրա քնելու առանձնահատկությունը, հիշելով, որ ծառայության ընթացքում հաճախ էին գետնին քնում։

«Դա ուրիշ զգացողություն և ուրիշ հանգստություն է, որն ինձ մոտ հարց է առաջացնում․ արդյո՞ք մենք շատ չենք հեռացել բնությունից։ Գործն այն սահմանի մասին է, թե որտեղ ես դու գիտակցաբար ընտրություն կատարում և երբ ես ուղղակի հոսանքի մատնված առաջ գնում», – ասում է Հակոբ Բալայանը։

Մարիամ Ալեքսանյանը շեշտում է, որ ինստալացիայի սահմանման առաջին կետերից մեկը օբյեկտն է, որն աշխատում է տարածության հետ, իսկ տարածությունն առանց միջավայրի դժվար է պատկերացնել։

«Մենք մեր ֆիզիկական տարածքում աշխատում ենք միջավայրի ստեղծման վրա և էս ամենը մեզ բերում է մի արդյունքի, որն ի սկզբանե կար մեր նպատակներում․ ստեղծել արվեստագետների համայնք, որոնք կհամագործակցեն, կխոսեն իրենց գործերի ու նրանց փիլիսոփայության ու գաղափարի մասին»,– ասում է Մարիամ Ալեքսանյանը։

Back to top button