ԿարևորՀասարակություն

Քաղաքապետարանը նորից է փորձում․ Շառլ Ազնավուրի արձանի համար նոր մրցույթ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը երկրորդ անգամ Շառլ Ազնավուրի արձանի համար բաց մրցույթ է հայտարարել։ Նախորդ մրցույթին շուրջ 4 տասնյակ էսքիզներ էին ներկայացվեվ, սակայն մասնագիտակլան հանձնաժողովը դրանցից ոչ մեկ չէր ընտրել։ Ավելին՝ նոր որոշմամբ փոխվել է արձանի տեղադրման նախապես հայտարարված տեղը։ Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիեի արձանի նոր տարբերակները ներկայացնելու համար քանդակագործները 4 ամիս ժամանակ ունեն։ Երկու փուլից բաղկացած մրցույթը կամփոփվի եկող տարվա մարտին։ Եթե այս անգամ մրցույթը հաջող անցնի և ներկայացվող աշխատանքներից մեկն ընտրվի, ապա նախատեսվում է, որ մինչև 2025–ի հունվարի 1-ը Երևանը կունենա Շառլ Ազնավուրի արձան։

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը որոշել է՝ այս անգամ անպայման մասնակցելու է Շառլ Ազնավուրի արձանի համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին։

«Շառլ Ազնավուրի կերպարը բոլորիս էլ ոգևորում է․․․ թե որքանով կստացվի, աշխատանքի ընթացքը ցույց կտա․ եթե գոհ լինեմ իմ արած էսքիզից, ապա անպայման կցուցադրեմ ու կմասնակցեմ մրցույթին»,– ասում է քանդակագործը։

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյան

Քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է բաց մրցույթ հայտարարում Ազնավուրի արձանի համար։ Առաջին փորձն անհաջող էր․ ներկայացված 37 էսքիզներից ոչ մեկը մասնագիտական հանձնաժողովի ու Ազնավուրի ժառանգների հավանությանը չարժանացավ։

հենց այդ ժամանակ քաղաքապետարանը որոշեց՝ ի պատասխան մասնագետների ու հասարակության մի խմբի քննադատությունների, փոխել արձանի տեղադրման համար նախատեսված վայրը։ Քանդակագործ Տիգրան Արզումանյանը առաջին մրցույթի ժուրիի կազմում էր՝ պատմում է՝ որոշումը միանշանակ է եղել։

«Հնարավոր է՝ կային պրոֆեսիոնալ աշխատանքներ, բայց ընդհանուր առմամբ առանձնապես նայելու ու դիտարկելու բան էլ չկար։ Որոշված էր, որ մրցույթը պետք է չեղյալ համարել, և բոլորս միաձայն քվեարկեցինք, որ այդ տեղը՝ Ֆրանսիայի հրապարակը հարմար չէ արձանի համար, մենք նույնիսկ գրավոր էինք դիմել քաղաքապետարանին, որ պետք է վերանայել տեղադիրքը»։

Ի վերջո՝ որոշվեց, որ արձանը նախապես հայտարարված Ֆրանսիայի հրապարակի փոխարեն կտեղադրվի «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

«Այն ժամանակ շատերը, այդ թվում նաև ես կարծում էինք, որ Ֆրանսիայի հրապարակը՝ Ռոդենի արձանի տեղը, հարմար չէ արձան տեղադրելու համար և, ըստ այդմ, չէինք մասնակցում մրցույթին, իսկ արդեն «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակի դեպքում շատերը ցանկություն կունենան մասնակցելու»,– ասում է Տիգրան Արզումանյանը։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

Ազնավուրի հրապարակն էլ պետք է նախապատրաստել արձանի տեղադրմանը։ Տարածքում կան կրպակներ, սրճարան, հայտնի «սարդի» արձանը։ Քանդակագործի կարծիքով՝ դրանք պետք է հեռացվեն, ինչից հետո միայն կարելի է ըստ տեղանքի ճարտարապետական լուծումներով արձանի էսքիզ պատրաստել։

«Տեղադիրքը շատ որոշակի ազդեցություն ունի աշխատանքի ներկայացման համար, պարզապես քանդակ նայել առանց տեղի ընտրության, հնարավոր չէ, սխալ է։ Տեղը պարտադրում է, որ կոմպոզիցիոն լուծումները հենց այդ տեղի համար լինեն, չափը հարմար լինի այդ տեղի համար»։

Քաղաքապետարանը այս անգամ ավելի երկար ժամանակ է տվել Ազնավուրին արժանի կերպար կերտելու համար։ Եթե նախորդ անգամ երկու, այս անգամ չորս ամիս է տրվել հայտ ներկայացնելու համար՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը։

«Եթե արձանը Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելու լիներ, մենք հատուկ շեշտել էինք, որ արձանը պետք է 360 աստիճանի դիտելիություն ունենա, բայց քանի որ հիմա արդեն լինելու է Ազնավուրի հրապարակում, մենք այդ պահանջն էլ ենք հանել և ազատություն է տրված քանդակագործներին։ Այս անգամ ընդամենը 3 պահանջ ենք դրել․ մանրակերտը, արձանը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը, արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին, և ցանկալի է որ արձանն ու արձանի նյութը համապատասխան լինի միջավայրին»,– ասում է Գևորգ Սահակյանը։

Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն մանրակերտի եռադիրք լուսանկարը, իսկ արդեն երկրորդ փուլում գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտը՝ ներառյալ պատվանդանը։ Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, սակայն պնդում է՝ նույնիսկ երկրորդ անգամ հայտարարված մրցույթի պայմանները լիարժեք չեն։

«Պետք էր ավելի գրագետ ձևով ներկայացնել մրցույթի պայմանները, այստեղ պարզապես բառեր են, օրինակ՝ համահունչ լինի, ներդաշնակ լինի․ դե դա հասկանալի է, բայց պայմանները ավելի հասկանալի պետք է լինեն, ինչպես օրինակ, պահանջվում է, որ դիմաքանդակ արվի, թե ոչ։ Կամ ինչ չափի պետք է լինեն ներկայացվող էսքիզները․ բայց սրանց մասին առհասարակ ոչինչ նշված չէ»։

Քաղաքապետարանը նախատեսում է մրցույթն ամփոփել 2024–ի մարտի 4-ին․ դրանից հետո ևս կես տարի կտրամադրվի արձանը կերտելու համար։ Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի լինի, ապա մինչև 2025 թ հունվարի 1-ը Երևանը կունենա աշխարհահռչակ ֆրանսիահայ երգչի՝ Շառլ Ազնավուրի արձան։

Back to top button