ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ոչ թե պահանջներ, այլ անկյունաքարային  սկզբունքներ․ Երևանը՝ Խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանների մասին

Կառավարության նիստից անմիջապես հետո  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան։ Տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այնտեղ նոյեմբերի 10–ին նախատեսված է «Խաղաղության 6-րդ համաժողով»-ը, որի բանախոսներն են լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԵԽ նախագահ Շառլ Միշելը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք։ Փարիզի խաղաղության համաժողովին բանախոսելու փորձ ՀՀ վարչապետն արդեն ունեցել է նախորդ տարիներին։

«Խաղաղության 6–րդ համաժողովի» նախօրեին՝ նոյեմբերի 9–ին, Փարիզում նախատեսված է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վերջին անգամ նրանք հանդիպել են Գրանադայում, երբ ակնկալվող հնգակողմ հայտարարության փոխարեն Ալիևի բացակայությամբ քառակողմ փաստաթուղթ ստորագրվեց, որը հստակեցնում է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման սկզբունքները։ Դրանից հետո Ալիևը հրաժարվեց նաև բրյուսելյան հանդիպումից և առայժմ հայտնի չէ, թե որ հարթակում և երբ կարող է կազմակերպվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դեմ առ դեմ հաջորդ հանդիպումը։ Առաջարկներ հնչել են Ռուսաստանից ու Գերմանիայից։ Չկայացող  հանդիպումները Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը դեռևս «բանակցային փակուղի» չի համարում։

«Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց բնականաբար, մենք շարունակում ենք աշխատանքները։ Ամեն դեպքում միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Երեկ Երևանում էր ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք նաև մյուս միջնորդների հետ, այնպես որ, սպասում ենք, որպեսզի տեղի ունենա նոր հանդիպում։ Մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռևս կդժվարանամ ասել»։

Փաշինյանի փարիզյան այցը նույնպես կապ ունի խաղաղության հետ, բայց՝ ավելի գլոբալ համատեքստում։ «Փարիզի խաղաղության համաժողովի» երկօրյա աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 10–ին, բանախոսների ցանկում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարթակը Հայաստանի համար, կարծես, ավանդական է դառնում։ Փարիզի խաղաղության 2–րդ համաժողովին՝ 2019–ին, Փաշինյանը դարձյալ բանախոսների շարքում էր, իսկ 5–րդ համաժողովին՝ 2022–ին, ֆորումին  մասնակցում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

5 տարի առաջ Փաշինյանը նույն հարթակից միջազգային հանրության մոտ խոսում էր ցեղասպանությունները կանխելու անհրաժեշտության և ԼՂ ժողովրդի՝ ինքնորոշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին։ 2019–ին Փարիզում նա հայտարարում էր․

«21–րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»։

Այս թեզերը  իրականություն դարձան 5 տարի հետո՝ նույն միջազգային հանրության լուռ թողտվության պայմաններում։ Թեև Հայաստանը ակտիվորեն աշխատում է խաղաղության օրակարգը առաջ մղելու ուղղությամբ նույն միջազգային հանրության հետ, բայց նաև հստակ ցուցադրում է իր հիասթափությունը։ Դա երևաց նաև ՄԱԿ ԱԽ–ի նիստում՝ ասում է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Մենք հստակորեն արձանագրել ենք մեր դիրքորոշումը, որ, ըստ մեզ, Լաչինի միջանցքի փակումից սկսած և մինչ այդ նույնպես, միջազգային հանրությունը ադեկվատ չի արձագանքել ստեղծված իրավիճակին և ԼՂ–ում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաև միջազգային հանրության անգործության հետևանք էր։ Բայց մենք շարունակելու ենք և շարունակում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի ավելի ադեկվատ և տարածաշրջանում կայունության և խաղաղությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկեն և անհրաժեշտության պարագայում ամբողջությամբ կիրառեն այն գործիքակազմը, որը իրենք ունեն»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով։ Լսումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը իր հերթին անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի տարածաշրջան վերջին այցի նպատակներին․

«Ներգրավվելով այս խնդիրների կարգավորման մեջ՝ այն, ինչ մենք առաջնային ենք համարում, ցանկությունը և հույսն է՝ տեսնել այս երկու երկրների միջև խաղաղություն, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում»։

Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ–ին՝ որևէ փաստաթղթում գոյություն չունեցող «անկլավներ» հասկացությունը առաջ քաշելով, իսկ ՌԴ–ն որպես միջնորդ շարունակում է պնդել իր շահերը բազմաթիվ կետերով խախտված նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետով։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով բացվող կոմունիկացիաները պետք է վերահսկեն Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության աշխատակիցները։ Ռուս դիվանագետը սա պնդել է՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԱԾ-ում տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ճանապարհների եւ այլ հաղորդակցությունների անվտանգության վերահսկման ստորաբաժանում ստեղծելու որոշումը։

Ոչ թե պահանջներ, այլ անկյունաքարային հստակ սկզբունքներ․ Հայաստանը սա է առանձնացնում Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Վահան Կոստանյան․

«Մեզ համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը, և մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը։ Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը դեռևս պետք է մոտեցնեն իրենց դիրքորոշումները»։

Ինչ վերաբերում է 8 «անկլավների» վերադարձը «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման դարձնելու Ադրբեջանի փորձերին, ապա Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ հարցը ոչ թե պայմանագրի, այլ սահմանազատման գործընթացի տիրույթում է։

Back to top button