ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հադրութի փախլավա, Հաթերքի մեղր ու Ասկերանի թթու․ Արցախի համուհոտը Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնում այսօր արցախյան արտադրանքի փոքրիկ տոնավաճառ էր կազմակերպվել։ Շուրջ 30 արցախցիներ իրենց տարբեր արտադրանքներով, նաև նորաստեղծ ու արդեն կայացած բիզնեսներով մասնակցում էին ցուցահանդեսին։ Հրուշակեղենից մինչև թթուներ, ձեռքի աշխատանքից մինչև հագուստ․ կազմակերպիչների ու մասնակիցների նպատակը մեկն էր՝ աշխարհին ցույց տալ, որ արցախցին չի կոտրվում ու սեփական աշխատանքով կարող է նորից արարել ու ապրել։

Արցախյան ու հատկապես Հադրութի հրուշակեղենի ողջ համն ու հոտը Երևանի կենտրոնում, մի փոքրիկ վաճառասեղանի վրա է։ Հրուշակագործը հադրութցի Զիտա Ավագիմյանն է։ 2020թ պատերազմից հետո մասնագիտութամբ իրավաբան Զիտան որոշեց կյանքի կոչել կռվում զոհված ամուսնու՝ Շուշիում հրուշակեղենի արտադրամաս ունենալու նպատակը։ Շուշիի փոխարեն ստիպված՝ Երևանում, բայց անպայման համով ու արցախյան համուհոտով՝ ասում է հադրութցի կինը։

«Ուզում եմ մեր երազանքը իրականություն դարձնեմ, ստեղծեմ արցախյան հրուշակեղենի նոր պատմություն` հին ավանդական բաղադրատոմսերը պահպանելով։ Մերն ուրիշ է․․․ համը, հոտը, նույն Հադրութի թխվածքի հոտն է գալիս, որ փոքր ժամանակ գյուղ էինք գնում տատիկը ինչ–որ բան էր թխում մեզ համար, այ հենց այդ հոտն է․․․»,– ասում է արցխցի կինը։

Փախլավա, գաթա, կաթնահունց, բուլկիներ, մեղրով տորթ, թրչնի կաթ․ նորաստեղծ բիզնեսն էլ «ԿՌՈ» են անվանել։ Բիզնեսի առաջին քայլերն արված են, հետագայում էլ արտադրամաս ու սեփական խանութ ունենալու նպատակ ունեն։

«Կռո» Արցախում անկորտրուն, պինդ պոպոքին են ասում, բայց միևնույն ժամանակ կռոն բնութագրում է արցախցուն՝ նույնչափ պինդ, անկոտրուն, համառ, այլ կերպ ասած՝ անունն էլ պատահական չենք ընտրել»,– ասում է Զիտան։

Երևանի կենտրոնում մի փոքրիկ տարածքում արցախյան արտադրանքի փոքրիկ տոնավաճառ է կազմակերպվել։ Ամենատարբեր շրջաններից տեղահանված արցախցիները իրենց ձեռքի աշխատանքը, արտադրանքը կամ նորաստեղծ բիզնեսն են ներկայացնում։ Տաղավարներից մեկը «Հաթերք ֆուդն» է․ ավելի քան 12 տեսակ, այդ թվում նաև բուժիչ մեղր են արտադրում ու նույնիսկ արտահանում։ Ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը պատմում է՝ մեղվապահությունը իրենց ընտանիքում ավելի քան 150 տարվա պատմություն ունի․ Արցախի Հաթերք գյուղում իր պապի պապն էր մեղու պահում։

«Այնուհետև սկսեցինք մեծացնել մեր արտադրությունը, ծավալվել Մարտակերտի ու Քարվաճառի մյուս շրջաններում։ 2020թ պատերազմից հետո, ցավոք չկարողացանք շարունակել Քարվաճառում ու արտադրությունը մնաց միայն Մարտակերտում, բայց նաև սկսեցինք տարածվել Տավուշի մարզում, Լոռու մարզում, իսկ այս տարվանից նաև Կոտայքի մարզի Հատիս լեռան մոտ ունենք մեղվափեթակներ»,– պատմում է Սամվել Միրզախանյանը։

Արցախից տեղահանվելիս կարողացել են միայն 15 կգ վայրի մեղրի պաշարը իրենց հետ բերել։ Հիմա դրանց վերջին օրինակներն են վաճառում, բայց վստահ են՝ այստեղ էլ հաջողելու են։

«Ունենք իմունիտետի համար անտառային մեղր, դա ակացիայի մեղրն է, որ նորություն է Հայաստանում, տեսողությունն է լավացնում, թեթև մեղր է, դիաբետիկների համար է, լավ․․․ Մյուս մեղրը ևս նորություն է Հայաստանում։ Հատիս լեռան լանջին 20 հեկտար այս ծաղիկից ենք աճացնում և դրանից ստանում ենք այս մեղրը, որը ճնշումն է իջեցնում, արյունն է ջրիկացնում»

Ասկերանի Ուխտասար գյուղից Ալլա Նալբանդյանն էլ, որ Արցախում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, հիմա Հրազդանում տարբեր տեսակի թթուների փոքրիկ արտադրություն է սկսել։ Ասում է՝ կյանքը ստիպեց իմացածը գործի, բիզնեսի վերածել։

«Հոնի թթու, լեզվի թթու, թափանի թթու, զկեռի թու, բազուկի թթու, խառը թթու, դրանք բոլորը արցախյան թթուներ են․․․ նոր ենք աշխատում, որ կարողանանք ապրենք, մենք մեր աշխատանքով վաստակենք ու ապրենք»։

Ստեփանակերտցի Ռուզաննա Սարգսյանի փոքրիկ բիզնեսն ընդամենը մեկ ամսվա պատմություն ուներ, երբ շրջափակվեց Արցախը։ Պետական համակարգում աշխատած կինը ամբողջովին բնական հումքից ու մոմաթերթերից դեկորատիվ մոմեր է պատրաստում։

«Տարբերվում է առաջին հերթին նրանով, որ ոչ մի ֆորմա չեմ օգտագործում, ամբողջը ինքս եմ հավաքում, լրիվ բնական են, ի տարբերություն պարաֆինից պատրաստված մոմերի, սրանք չեն կաթում, հավասարաչափ այրվում են, չեն ծորում և միջինում 5 ժամ այրվում են»,– պատմում է ստեփանակերտցի Ռուզաննան։

Շուշեցի Մարիամ Վարդանյանն էլ ձեռքի աշխատանքով է փորձում հաղթահարել հոգեբանական ծանր վիճակն ու բարձրացնել տրամադրությունը։ Նկարում է հագուստի, փայտի կտավի, կամ, ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչի վրա։

«Ճիշտն ասած՝ ընկճվելու ու կոտրվելու ժամանակ չունննք․․․ միայն հողատարածքը կորցնելով՝ Արցախը չենք կորցնում, Արցախը յուրաքանչյուր արցախցին է, Արցախը մենք ենք։ Ես փորձում եմ իմ ստեղծածով փոքրիկ արցախյան անկյուն ստեղծել այս մեծ աշխարհում»։

Ցուցահանդես– վաճառքին շուրջ 30 արցախցի էր մասնակցում։ Կազմակերպիչներն ընդգծում են՝ ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ արցախցին ապրելով, աշխատելով ու արարելով, անպայման նորից ոտքի է կանգնելու։

Կարդացեք նաև
Close
Back to top button