Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի sms քվեարկության փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։
«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։
SMS քվեարկության փուլի մեկնարկին նախորդած ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 2-ը, տեղի են ունեցել փորձագիտական այցելությունները հայտատու քաղաքներ: Նախարարության կողմից նախապես սահմանված չափանիշներին համապատասխան բաց հայտարարությամբ ընտրված փորձագետները հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, համայնքապետարանների երիտասարդությանն առնչվող պատասխանատուների, կրթական հաստատությունների ղեկավար կազմերի, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների և կամավորների հետ, ուսումնասիրել վերջիներիս ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում, քննարկել համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այցերի ընթացքում դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:
Փորձագիտական այցելություններին հաջորդած կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության փուլը կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 28-ը (ժամը՝ 23:59-ը). 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը։
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։
Մրցույթի հաղթողը որոշվում է փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։