ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեղահանված արցախցիների թոշակները կհաշվարկվեն հոկտեմբերի 28-ից

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի: Նիստի առաջին հատվածում կառավարությունը քննարկել է Արցախից բռնի տեղահանվածներին տրվող աջակցությունների, թոշակների և նպաստների տրամադրման կարգը։

Առաջին հարցով կառավարությունը քննարկեց տեղահանված արցախցիների առաջնային սպառողական ծախսերը հոգալուն ուղղված սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։ Ըստ այդմ՝ երկամսյա սոցիալական աջակցության շահառու կդառնան 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացողները, որոշ բացառություններով: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Միջոցառման շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք։ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք ևս ծրագրի շահառու չեն դառնա: Ծրագրից չեն կարող օգտվել նաև մինչև տեղահանումը ՀՀ-ում հաշվառվածները»։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի շահառու դառնալու համար դիմողը պետք է իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն տա։ Կենտրոնական բանկը կպարզի հաշիվների մնացորդը, և սահմանված շեմը չգերազանցող անձանց մասով կկատարվեն վճարումները:

Երկամսյա ծրագրի շահառուները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կստանան ամսական 50 հազար դրամ։ Ծրագիրը առաջնային սպառողական ծախսերի համար է։ Այդ նպատակին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ:Աջակցություն ստանալու համար հաջորդ շաբաթվանից արդեն շահառուները կարող են դիմումներ ներկայացնել։ 

«Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով: Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների քարտային հաշիվներին: 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կթողարկվեն քարտեր, կառաքվեն բնակության վայրեր»։

Արձագանքելով նախագծին՝վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բռնի տեղահանվածների մի մասին կառավարությունը տեղավորել է նաև հյուրանոցներում: Ծրագրից օգտվելու համար նրանք պետք է դուրս գան հյուրանոցներից և այլ տեղում բնակվեն։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ հյուրանոցներից դուրս գալու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

«Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, բնակվում է մեր կողմից վճարվող հյուրանոցում, այս դեպքում չի կարող դիմել այս ծրագրի համար։ Բոլորը պետք է իմանան, որ մինչև նոյեմբերի 15-ը պետք է ազատեն այդ վայրերը, տարածքները, որպեսզի կարողանան դիմում ներկայացնել»:

Անկախ նրանից, թե բռնի տեղահանվածները Արցախում կենսաթոշակ ստացել են, թե ոչ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ: ԱՍՀ նախարարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 26-ի նիստում որոշվել էր բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և սահմանվել էր, որ նրանք կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք ունեն, եթե բավարարում են Հայաստանի օրենսդրության պայմաններին: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որոնցով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները:

«Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»։

Հարթակի գործարկումից հետո բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն։

Կենսաթոշակառուների թիվը, ըստ նախարարի, շուրջ 15 հազար է։ Ինչ վերաբերում է թոշակներին՝ դրանք կհաշվարկվեն հոկտեմբերի 28-ից, քանի որ թոշակառուները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել են հոկտեմբերի 26-ին:

Back to top button