Շուրջօրյա վերահսկողություն անտառների համար․ Հայաստանում կսկսի գործել էկոպարեկների ծառայությունը
Հայաստանում ներդրվում է էկոպարեկների ծառայությունը։ Իսկ դա նշանակում է, որ 2024 թ-ից անտառները կհսկվեն ոչ թե ութ, այլ 24 ժամ։ Շուրջօրյա հսկողություն կիրականացվի ոչ միայն անտառներում, այլև շրջակա միջավայրում ընդհանրապես։ Ծառայողին իրավունք է տրվելու արձանագրել խախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, եթե իրավախախտը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։ Բայց մինչ այդ, նախ անտառների ու համայնքների սահմանները պետք է հստակեցվեն։
Անտառային կոմիտեն կփոխարինվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայությամբ։ Արդյունքում ներկայիս ութ ժամյա պահպանության փոխարեն անտառներն այսուհետ կպահպանվեն 24 ժամ։ Օրենսդրական փոփոխություններով «Հայանտառ»-ից և ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ներից առանձնացվում է պահպանությունը։ Այն հանձնվում է նոր ստեղծվող ծառայությանը։ Շրջակա միջավայրի նախարարը հստակեցնում է՝ ծառայությունները բաժանել են ըստ մարզերի։ Բայց կա 10 մարզ, վեց ծառայություն։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն է մանրամասնում․
«Քանի որ Արմավիրի մարզում ըստ էության անտառային հողեր չունենք, որ մեր լիազոր մարմնի տակ է, դուրս է գալիս։ Շիրակ, Արագածոտնի համար մեկ, Կոտայք, Գեղարքունիքը՝ մեկ, Արարատն ու Վայոց ձորը՝ մեկ, Լոռին, Տավուշը ու Սյունիքը առանձին մարմիններ կունենան»։
Ծառայողին իրավունք է տրվելու արձանագրել խախտումը, վարույթ հարուցել, վնասը չափել և տուգանք նշանակել, իսկ եթե իրավախախտը չենթարկվի ծառայողի պահանջներին, նաև ֆիզիկական ուժ կիրառել։ Հայաստանն առաջինը չէ, որ նման ծառայություն է հիմնում։ Աշխարհում նման փորձ կա․ ասում են՝ ավելի արդյունավետ է։ Ինչու նման անհրաժեշտույթյուն առաջացավ․ կառավարության ղեկավարն արձանագրում է․
«Մենք սկզբունքային պայքար ենք մղում անտառների ու բնապահպանական իրավիճակի պահպանման առումով։ Մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ երեկոյան 9–ին ծառահատումներ են։ Երբ «Հայանտառի» անտառապահները արձանագրում են, պարզվում է, դա կասկածելի է, քանի որ լիազորությունները ավարտված են։ Ունի աշխատանքային ժամի սկիզբ ու ավարտ և աշխատանքային ժամի ավարտից հետո նման լիազորություններ չունի»։
Վարչապետն ընդգծում է՝ անտառների կառավարման ու պահպանման գործառույթներն են միախառնված։ Ներդրվում է էկոպարեկների ծառայություն՝ հստակեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Տեխնիկապես հագեցված սարքավորումներ կան՝ ասում է ՇՄ նախարարը․
«Բավականին լայն գործիքներ կունենանք ՝ սկսած ազդանշան տվող լավ սարքերից, որոնք ծխի, ձայնի դետոնացիայի դեպքում ազդանշան կտան։ Կունենանք նաև նկարահանող սարքեր, որոնք դրոններին են միացված լինելու։ Հետո նաև աշխատողնրեը կմիանան։ Համալիր իմաստով մենք տեխնիկապես մեծ հագեցվածություն ենք ապահովելու, որ հնարավոր լինի այդ հսկայական տարածքները հսկել»։
Կադաստրի կոմիտեի նախագահը ընդգծում է՝ այստեղ էլ սահմանների ճշգրտման կարիք կա․
«Ըստ էության մեզ մոտ արձանագրված չեն քարտեզների ու տարածական տվյալների գեոպորտալի վրա բնության հատուկ պահպանվող տարածքների հստակ սահմանները։ Դրանք ճշգրիտ դեմարկացված ու դելիմիտացված չեն, որը ժամանակ առ ժամանակ տեղում հենց շփոթմունք է ստեղծում համայնքներում համապատասխան տվյալների համաձայնեցման մասով»։
Առաջիկայում կներդրվի նաև միասնական քարտեզագրման համակարգ, որն էլ հնարավորություն կտա խախտումներն արձանագրել ըստ տեղանքի վարչական պատկանելության։