ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եռակողմ հայտարարություն՝ առանց սուբյեկտի․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վախճանը

Ուղիղ 3 տարի պահանջվեց քաղաքական իրողություններում ստուգելու նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կենսունակությունը և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու կարողությունը։ Երեք կողմի՝ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթի 9 կետերի մի մասը կատարված չէ, մյուս մասը կոպտորեն խախտված է։ Փորձագետները խոսում են փաստաթղթի վախճանի մասին։ Զուգահեռաբար շրջանառվում է փաստաթղթի կետերից մեկը փոխելու առաջարկը։

2020 թ.-ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, քաղաքական իրողություններից ելնելով, ֆունդամենտալ նշանակություն այլևս չունի։ Փաստաթուղթն արդիական էր մինչև 2021 թվականի այն պահը, երբ Ադրբեջանը խախտեց համաձայնությունը և ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելի լայնածավալ փաստաթուղթը խախտվեց այն ստորագրելուց 3 տարի անց՝ սեպտեմբերի 19–ին, Արցախի դեմ իրագործված ռազմական ագրեսիայով և էթնիկ զտման քաղաքականությամբ։ Մինչդեռ հայտարարության առաջին կետը փաստում էր․

«Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին։ Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ փաստաթղթի անգործության համար առաջին հերթին պատասխանատու է հայտարարության երրորդ կողմը՝ ՌԴ–ն։

«Ռուսաստանը որպես արբիտր չկարողացավ ամրագրել իր տեղը և ունենալ իրավասություն, իրավարարություն իրականացնել կողմերի միջև, դրանից հետո արդեն ակնհայտ էր, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը շատ թույլ և էականորեն ոչ զսպիչ փաստաթուղթ է»։

Բացի նրանից, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է եռակողմ հայտարարության առաջին իսկ կետը, կան նաև այլ պարտավորություններ, որոնց իրականացման համար 3 տարին Ադրբեջանի համար բավարար չեղավ։ Հայտարարության 7–րդ կետը վերաբերում է ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադաձին Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: 8–րդ կետով նախատեսվում էր իրականացնել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձ, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: 9–րդ կետը տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին էր, իսկ խաղաղապահների հնգամյա տեղակայումը պայմանավորված էր արցախահայության անվտանգային երաշխիքներով։ Արցախահայերը այլևս Արցախում չեն, իսկ ռուս խաղաղապահները Արցախում մնալ–չմնալու հարցն արդեն պետք է քննարկեն Բաքվի հետ։  6–րդ կետով հստակ սահմանվում էր Լաչինի միջանցքի չափը և Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովելու մեխանիզմը։ Ստորագրման պահին ենթադրվում էր, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է գործարկվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի՝ Լաչինին այլընտրանքային նոր երթուղին։

Ի դեպ, Արցախի շրջափակումից առաջ Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ  երաշխավորել էր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Եռակողմ հայտարարության կատարման ընթացքի մասին արտգործնախարար Միրզոյանը պարբերաբար ներկայացրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

«Ադրբեջանը շարունակաբար խախտում է նոյեմբերի 9–ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար հանձնառության կյանքի կոչումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպիսին է նաև անհայտ կորած համարվորղների ճակատագրերի պարզաբանումը։ Այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց և առաջին հերթին՝ ՀՀ ջանքերին։ Առանձնահատուկ կարևորության խնդիր է 44–օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից  հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խողաթյուրումը և ոչնչացումը։ Վանդալիզմի կրկնվող դեպքերը կախարգելելու համար ւինչպես նախկին, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ–ի գնահատողական այցը տարածաշրջան»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը առանձնացրել է այն քաղաքական զարգացումները, որոնք նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ չեն։ Դա վերաբերում է նաև բանակցային գործընթացին․

«Բոլոր հաջորդ հանդիպումները, ըստ էության, եռակողմ հայտարարությունից դուրս հայտարարություններ են։ Մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության մուտքը ՀՀ տարածք նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ, Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կոնկրետ տարածքների նշումով և «անկլավների» խնդիր բարձրացնելը, որի մասին նույնպես հիշատակում չկա եռակողմ հայտարարության մեջ, և ճանաչել ԼՂ–ն որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այն բոլորը ինքնին շեղում էին եռակողմ հայտարարության ոգուց։ Հաջորդիվ Ադրբեջանը պարբերաբար պահանջում էր ԼՂ ՊԲ լուծարում, մի բան, որը նախատեսված չէր եռակողմ հայտարարությամբ։ Ընդ որում՝ եռակողմ հայտարարության մեջ հիշատակում կար ԶՈՒ–ի մասին, որոնք պետք է մնային իրենց տեղերում։ Ըստ էության՝ մենք յուրաքանչյուր հաջորդ հանդիպման ականատես ենք լինում եռակողմ հայտարարության վախճանին, ամեն անգամ նորովի, ընդ որում»։

Առանձին մեկնաբանության թեմա է եռակողմ հայտարարության 9–րդ կետը։ Տեղեկությունները, թե Հայաստանը փորձելու է չեղարկել այն,  սկսեցին շրջանառվել Հայաստանի վարչապետի հայտարարությունից հետո, որ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվում ապաշրջափակվող կոմունիկացիաների անվտանգության ապահովման համար։ Պաշտոնական Երևանը փաստաթղթի 9-րդ կետը չեղարկելու կամ վերանայելու մտադրության մասին պաշտոնապես չի հայտարարել։ Ամեն ինչ կախված է նույն փաստաթղթի տարբեր մեկնաբանություններից՝ համոզված է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Կա նոյեմբերի 9–ի ադրբեջանական մեկնաբանություն և այն, ինչ գրված է նոյեմբերի 9–ի փաստաթղթում։ Ելակետային, բազային տվյալ կա, որ ՀՀ սուվերենությունը, ինքնիշխանությունը պետք է գործի ցանկացած բացվող, բացված ճանապարհի և ապագայում պլանավորվող որևէ ճանապարհի նկատմամբ, որը անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով։ Ինչ վերաբերում է ռուսական կողմին կամ նոյեմբերի 9–ի փաստաթղթին, ապա այն ժամանակվա պայմանավորվածության տրամաբանությունը եղել է հետևյալը՝ հայկական կողմը ճանապարհը բացում է, տալիս է հնարավորություն, որ Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ, իսկ ռուսական կողմը մեր այդ ստանձնած պարտավորության նկատմամբ պետք է հստակողություն ունենա։ Այդ հսկելու մեխանիզմները տարբեր են և դրանց վերաբերյալ որևէ պայմանավորվածություն վերջնական այս պահին չկա։ Մեր սահմանապահներն են լինելու և մեր մաքսային ծառայությունն է լինելու։ Ադրբեջանական մեկնաբանությունը մինչ այս եղել է հետևյալը, որ մենք ուղղակի պետք է տանք ճանապարհ և գործ չունենանք այդ ճանապարհի հետ»։

Հայ պաշտոնյաները և վերլուծաբաններն այժմ արձանագրում են, որ Բաքվի այս խոսույթը վերջին շրջանում փոխվել է։ Հայաստանն այժմ հանդես է գալիս  «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, և հերթն արդեն հարևաններինն է՝ ընդունե՞լ տարածաշրջանի ապաշրջափակման հայկական  առաջարկը, թե՞ մերժել այն։

Back to top button