ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանրային պաշտպանները կվարձատրվեն արտաժամյա աշխատանքի համար․ այդ նպատակով 67 միլիոն դրամ կհատկացվի

Արդարադատության նախարարությունը նախատեսում է սոցիալական լրացուցիչ երաշխիքներ սահմանել հանրային պաշտպանների համար։ Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փոփոխության հիմքում գրասենյակից ստացված դժգոհություններն են․ պետության կողմից քաղաքացիներին անվճար իրավաբանական պաշտպանություն տրամադրողների ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, քննվող գործերն ավելանում են, սակայն գրասենյակը չի կարողանում վճարել հանրային պաշտպաններին արտաժամյա աշխատանքի համար։ Գործադիրն առաջարկում է շուրջ 15 տոկոսով ավելացնել հանրային պաշտպանների աշխատավարձային ֆոնդը և այս կերպ մեղմել առկա խնդիրները ու կանխել որակյալ մասնագետների արտահոսքը ոլորտից։

Ամեն տարի հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը շուրջ 20 տոկոսով աճում է։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ մեկ հանրային պաշտպանը տարեկան վարում է շուրջ 210–ը քրեական կամ170 քաղաքացիական գործ։ Հենց ծանրաբեռնվածության աճը հաշվի առնելով՝ ոլորտային գերատեսչությունն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն ծանրաբեռնված և արտաժամյա աշխատող հանրային պաշտպաններին՝ մանրամասնում է արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը։

«15 տոկոսով ավելացվելու է հանրային պաշտպանների աշխատավարձային ֆոնդը, և օրենքում հստակ ամրագրվելու է, որ հատկացվող միջոցները պետք է ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրելուն»,– ասում է նախարարի խորհրդականը։

Այս նախաձեռնությամբ նախարարությունը փորձում է հանրային պաշտպանի ինստիտուտը գրավիչ դարձնել  ոչ միայն նոր ու որակյալ կադրերի համար, այլ նաև կանխել բարձրակարգ մասնագետների արտահոսքը։ Նախարարի խորհրդականը շեշտում է՝ փոփոխությունների ընդունումից հետո, ըստ ծանրաբեռնվածության, կբարձրանա հանրային բոլոր պաշտպանների աշխատավարձը։

«Տեսեք, այսօր շատ է խոսվում, որ հանրային պաշտպանները փաստաբաններ են և կարող են աշխատել մասնավոր ոլորտում, և արդյոք պետությունը կարող է վարձատրել այնքան, որ որակյալ մասնագետները մասնավոր սեկտորի փոխարեն գան և աշխատեն որպես հանրային պաշտպաններ։ Ես կարծում եմ, որ այսօր արդեն հանրային պաշտպանի աշխատավարձը բավական մրցունակ է, և այս ավելացումները կնպաստեն դրան»։

Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյան

Հանրային պաշտպանների աշխատավարձային ֆոնդը 15 տոկոսով ավելացնելը պետության համար կարժենա շուրջ 67 միլիոն դրամ։ Այս ներդրումը կմեղմի առկա խնդիրները, սակայն ամբողջովին չի լուծի դրանք՝ կարծում է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը։ Նա ընդգծում  է, որ փոփոխությունը վերաբերում է արտաժամյա աշխատանքին, մինչդեռ առհասարակ պաշտպանների աշխատավարձը վերանայելու կարիք կա։

«Նախկինում մենք գտնվում էինք հավասար պայմաններում․ թե դատախազի, թե հանրային պաշտպանի աշխատավարձերը, ելնելով այն հանգամանքից, որ նրանք դատարանում հավասար մրցակցային կողմեր են, հավասարեցված էին, սակայն հիմա այս բալանսը խախտվել է, և մենք լավ մասնագետների արտագաղթի ռիսկ ունենք։ Քննիչի կամ դատախազի աշխատանքն այս առումով ավելի գրավիչ է, քանի որ աշխատավարձը հավելավճարների հաշվին գրեթե կիսով չափ աճում է»,– մանրամասնում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը։

Այս պահին պետությունն իր ստանձնած պարտավորության համաձայն ամբողջ հանրապետության տարածքում քաղաքացիներին անվճար իրավաբանական պաշտպանություն է տրամադրում 95 հանրային պաշտպանների միջոցով։ Գրասենյակի ղեկավարը պնդում է՝ այս թիվն անհամաչափորեն փոքր է քրեական ու քաղաքացիական գործերի՝ տարեցտարի աճող թվի համեմատ։ Կառավարությանը բազմիցս դիմել են նաև հաստիքներն ավելացնելու խնդրանքով։

«Ինչպես նկատում ենք, բյուջեում համապատասխան փոփոխություն չի նախատեսվում, մինչդեռ հաստիքների քանակի ավելացումը կախված է հենց բյուջեում համապատասխան միջոցների ավելացումից»։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը հույս ունի, որ օրենսդրական փոփոխությունն առաջին լուրջ քայլը կլինի ավելի մեծ փոփոխությունների ճանապարհին։ Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է հանրային պաշտպաններին լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տրամադրող նախագիծը։ Նախարարությունում հույս ունեն, որ փոփոխությունները ուժի  մեջ կմտնեն հաջորդ տարվանից։ 

Back to top button