ԿարևորՀասարակություն

Քրեական հետապնդում Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ․ ՀՀ-ն պատասխանում է Բաքվի դատարանի «ներկայացումներին»

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի դատարանը շինծու քրեական գործով և կեղծ մեղադրանքներով դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Առաջին 5 տարին Խաչատրյանը պատիժը կրելու է բանտում, մնացած մասը՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե իբր նրան մեղադրանք է առաջադրվել դեռ 2013-ին և կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին միջազգային հետախուզում է հայտարարվել։

Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Առևանգման օրը 68-ամյա Խաչատրյանը Կարմիր Խաչի մեքենայով տեղափոխվում էր Երևան բուժման նպատակով։ Ադրբեջանում դատավարության ժամանակ վերջին խոսքի իրավունքով նա հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել իրեն մեղսագրվող իրադարձություններին և հիվանդ մարդ է, սրտի վիրահատության խնդիր ունի։

Հայաստանից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ Վագիֆ Խաչատրյանի դեմ դատական գործընթացն ընթանում է միջազգային իրավական նորմերի խախտումով․ հիվանդ անձը առևանգվել է հատուկ կարգավիճակ ունեցող Կարմիր Խաչի մեքենայից և նրան իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ են առաջադրվել։ Առաջին հերթին սա հարված էր Կարմիր Խաչի հեղինակությանը, և հենց այդ պատճառով այդ կազմակերպության ձայնը ավելի լսելի պետք է լիներ, կարծում է «Հելսինկյան Ասամբլեաի» ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա ենթադրում է, որ հայկական կողմը Վագիֆ Խաչատրյանի գործով պետք է արդեն դիմած լինի միջազգային դատարան։ Արդեն վճռի հրապարակումից հետո հետագա քայլերը պետք է լինեն ավելի գործնական և «աղմկոտ», եթե կարելի է ասել, որ հնարավոր լինի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան վերադարձնել։

«Տարբեր, բոլոր միջազգային հարթակներում խոսելուց զատ, իհարկե, միջազգային մեխանիզմներ է պետք գործադրել, ներառյալ՝ տարբեր երկրների ներկայացուցչությունների հետ հանդիպումներ, զրույցներ, խոսույթ, պահանջ, որպեսզի բոլոր միջոցները ձեռնարկեն ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի, այնտեղ գտնվող ազգությամբ բոլոր հայերի տեղափոխելու, անկախ նրանից իրենք 90-ականներից հետո են այնտեղ հայտնվել, 44–օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո կամ վերջում բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առևանգվել են։ Բոլորի վերադարձը ժամ առաջ պետք է ապահովվի, որովհետև որևէ մեկի, այդ թվում նաև միջազգային կառույցների համար գաղտնիք չէ, թե ինչ ավտորիտար ռեժիմ է Ադրբեջանում և ինչպես են իրենք վերաբերվում ազգությամբ ադրբեջանցի համարվող իրենց երկրի քաղաքացիների նկատմամբ, էլ ուր մնաց, թե հայերի նկատմամբ 30 տարի ատելություն սերմանելուց հետո ինչ վիճակում կարող են գտնվել ազգությամբ հայերը ադրբեջանական բանտում»։

Ըստ իրավապաշտպանի՝ Վագիֆ Խաչատրյանի գործը լավագույն ապացույցն է, թե ինչպես է արցախցիների համար անհնար ապրել ադրբեջանցիների հետ։

ՀայաստանիՔննչական կոմիտեի տվյալներով Արցախից Հայաստան գաղթի ժամանակ 16 անձի ապօրինի գերեվարման դեպք է եղել, մինչդեռ Ադրբեջանը բոլորովին վերջերս հաստատեց դեռ 10–րդ դեպքը։ Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դեռ չի շտապում փակագծեր բացել։ Քննությունը դեռ շարունակվում է։

 «Կան նաև ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, և այդ անձանց գերությունը հաստատված է։ Մենք ինտենսիվ զբաղվում ենք, և բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարման, խոշտանգման և ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին»։

Մինչդեռ Բաքվում պահվող հայերի, հատկապես Արցախի նախկին ղեկավարների կյանքին սպառնացող վտանգների մասին վերջին շրջանում լուրերը տարածվում են պարբերաբար։ Հատկապես մտահոգիչ են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին առնչվող տեղեկությունները։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասում է, որ փորձել է ճշտել իրավիճակը․

 «Լևոն Մնացականյանի մասով կոնկրետ մի քանի անգամ ես ուղարկել եմ հստակ, անհատականացված խնդրագրեր և դիմումներ»։

Հայաստանի օմբուդսմենը հստակեցնում է՝ այդ հարցը իր ուղղակի մանդատի շրջանակներում չի գտնվում, բայց խնդրի հանդեպ անտարբեր լինել չի կարող։ Ի՞նչ է կատարվել Լևոն Մնացականյանի հետ Բաքվի բանտում, իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածվող լուրերը, թե ոչ՝ հարցի պատասխանը Մանասյանը գիտի, բայց չհրապարակելու պատճառներ ունի․

 «Ես իմ հստակ տեսակետները, կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված հնարավոր արձանագրումներով միջազգային դերակատարներին ուղարկում էի պարբերաբար, հիմա՝ ևս։ Բայց տեղեկությունների ի հայտ գալուց հետո էլ ես անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին, միջազգային դերակատարներին՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններ են։ Պետք է անկեղծ լինեմ, այն տեղեկատվությունը, որ իրենք հետադարձ կապով ինձ հասցեագրել են, իրենք որակել են որպես խորհրդապահական և ես դա չեմ կարող այս պահին հրապարակել։ Եթե ես հիմա դրա մասին խոսեմ, ես խախտելու եմ թե՛ իմ գործունեության, թե՛ այդ կազմակերպությունների գործունեության սկզբունքները և այստեղ թե՛ վստահության, թե՛ աշխատանքի տարբեր հարցեր են ի հայտ գալու։ Եվ դրա պատճառով ես ներողություն եմ խնդրում, բայց այդ հարցին, որպես տեղեկատվության ոչ առաջնային կրող և այնպիսի կրող, որին դա խորհրդապահական եղանակով է դա փոխանցվել, չեմ կարող դա հրապարակել»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզված է՝ պետական մակարդակով բավարար չի խոսվում Բաքվում գերու կարգավիճակով պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս հայերի մասին, թեև ընդունում է՝ իրավական դաշտում գործնական քայլեր արվել են․

 «Որքանով ես եմ տեղեկացված, բոլորի վերաբերյալ դիմել են միջազգային դատարաններին առևանգման, ապօրինի ձերբակալման կամ կալանավորման հետ կապված դիմումները արդեն կան, ՀՀ-ն է ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ, իրենց ընդամենը պետք է հայկական ազգանուններով մարդկանց ստորագրություններով փաստաթղթեր, ցուցմունքներ։ Այլ խնդիր է, որ այս ցուցմունքները չեն կարող համարվել չափորոշիչներին բավարարող, որովհետև գերության մեջ գտնվող մարդը ցանկացած բան կարող է ասել»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արփի Դավոյանը ներկայացնում է միջազգային դատարան ուղարկված գործերի ընթացքը․

«Երբ նորություն լինում է, ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդես են գալիս այդ հայտարարությամբ։ Այնպիսի բան չկա, որ ինչ-որ մեկը գիտի և հանրությունը տեղյակ չէ, որովհետև դա այնպիսի հարց  է, որ դրա վերաբերյալ անընդհատ լինում են հայտարարություններ»։

Իշխանական պատգամավորն ասում է, որ ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ հետապնդում է հարուցել ՀՀ-ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Մինչդեռ ՀՀ Քննչական կոմիտեն հաստատել է՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Կոնկրետ անձանց անուններ չեն նշվում։

Back to top button