ԿարևորՀասարակություն

Հաստատվել է մանկավարժներին և դպրոցականներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

Կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։

Հանրակրթության մատչելիություն

Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների.

  • այն ուսուցիչներին (նաև զինղեկներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո նաև հոգեբաններին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռու գտնվող այլ բնակավայրի հաստատության ուսուցիչ՝ 0.5 և ավելի հաստիքային դրույքով: Դրույքի այս սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։ Ամենամյա երկարացված արձակուրդի ընթացքում մանկավարժական աշխատողներին փոխհատուցում չի տրվում:
  • սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաև քննաշրջանի ընթացքում:

Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում հաստատության կողմից կարող են ձեռք բերվել նաև ուղևորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն փոխհատուցման կարգում նշված շահառուները։ Ընդ որում՝ ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է ներառել սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ վարորդին և նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաև ուղևորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ:

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցում

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ծրագրից օգտվող և հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ այցելելու դեպքում։

Փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում տարին մեկ անգամ անվճար այցելելու մշակութային օջախներ:

Back to top button