ԿարևորՎերլուծական

Անկարայի հակաիսրայելական կոչերը ներվում են որպես փոքր չարաճճիություններ․թուրքագետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Թուրքիա, որտեղ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ է վարել Պաղեստինի Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ։ Նախօրեին էլ Բլինքենը հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի, դրանից առաջ՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Փորձագետների կարծիքով՝ Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, ու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը նաև նոր աշխարհակարգի ձևավորման միտումներ է ուրվագծում։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն են եղել Բլինքեն-Ֆիդան հանդիպման օրակարգում: Թուրքիան «Համասին» ահաբեկչական կազմակերպություն չի համարում՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝  դա, սակայն, չի խանգարում, որ Թուրքիան շարունակի պահպանել իր քողարկված լավ հարաբերությունները թե՛ Իսրայելի, թե՛ ԱՄՆ-ի հետ։

«Հիմա Բլինքենը հավանաբար եկել է, որ հետագա քայլերը ճշտի իրենց այդ զինակցի հետ։ Որքան էլ թվա, թե վերջին տարիներին հարաբերությունները վատ են՝ ոչ, այնուամենայնիվ,  իրենց հարաբերությունները շատ լավ են իրականում ։ Թուրքիան՝ հանձինս Էրդողանի, շատ լավ կատարում է իր պարտականություններն ու հանձնարարությունները այս տարածաշրջանում։ Այո, այդ ընթացքում էլ նաև իր քաղաքականությունն է առաջ տանում, և դա իրեն ներվում է, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, Թուրքիան երբեք էլ կարմիր գծերը չի անցնում Արևմուտքի հետ կապված»։

Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Բլինքենի այցի ժամանակ ինքը Անկարայում չի լինելու, շարունակելու է նախատեսված շրջագայությունը երկրի ներսում։ Թուրքագետն այս քայլն ու Էրդողանի որոշ հայտարարություններ, այդ թվում՝ Արևմուտքին ուղղված քննադատությունները, մանր չարաճճիություններ է որակում, որոնք  ներվում են։ Հակաիսրայելական վերջին ելույթն Էրդողանն ունեցել է նախօրեին՝ Համասի գրոհայիններին համարելով  ազատարարներ, իսկ Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում՝ «հանցագործություն մարդկության դեմ»։

Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ դրանք զուտ հայտարարություններ են և այդպիսին էլ մնալու են։

«Թուրքիան ավելի քողարկված լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Դրա համար ասում եմ՝ Թուրքիան Իսրայելի դեմ երբեք չի կանգնելու, Իսրայելի դեմ ոչ մի քայլ չի անելու։ Այո, այսպիսի խոսքեր կլինեն, որոնք նույնն են, որոնք մենք բավականին ժամանակ լսեցինք Արևմուտքից՝ Արցախի հետ կապված՝ խոսքեր ու միայն խոսքեր, քննադատություններ, բայց ոչ մի գործ»։

Լոքմագյոզյանը նկատում է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը հաջորդում է Իրանի արտգործնախարար Աբդոլահյանի այցելությանն Անկարա։ Նախքան Թուրքիա գալը ԱՄՆ պետքարտուղարը մերձավորարևելյան շրջագայություն է կատարել, որի ընթացքում այցելել է  Թել Ավիվ։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը Բլինքենը քննարկել է Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտգործնախարարների հետ։  

«Այսինքն՝ կաթսան այս տարածաշրջանում եռում է, իհարկե, Իսրայի և Համասի այդ առճակատման պատճառով է այս ամեն ինչը, որը շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Եթե Իրանն արդեն այս խնդրի մեջ մտնի, ապա սա կարող է հասնել անգամ մինչև երրորդ համաշխարհային պատերազմի»։    

Իսկ որ հակամարտությունը երկար շարունակվելու միտում ունի, փորձագետները կարծես համակարծիք են։ Նկատում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն այն հիմնախնդիրն է, որը նախորդ աշխարհակարգից է մնացել, իսկ հիմա տեսանելի է նոր աշխարհակարգի ձևավորման միտումներ, կա լուրջ ճամբարների բաժանման գործընթաց, հետևաբար՝ հակամարտությունը կարող է երկար շարունակվել։

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյան. «Կոնֆլիկտը որքան երկարում է, որքան չի հանգուցալուծվում, ակտիվ փուլում չի ավարտվում, այնքան աշխարհն էլ կանգնում է ընտրության առաջ՝ պետք է արդեն դիրքավորվեն կոնֆլիկտի հանդեպ»։  

Արևելագետ Արմեն Պետրոսյան. «Իսրայելը նպատակ է դրել ամեն կերպ հասնել Համասի տապալման, իսկ սա նշանակում է երկարատև գործողություն Գազայի հատվածում։ Կհաջողվի՞, թե՞ ոչ՝ դժվար է ասել, որովհետև մենք տեսնում են, որ այս գործողությունը ունենում է լրջագույն մարդասիրական հետևանքներ»։   

Հետևաբար, ըստ փորձագետների, տարածաշրջանում տարբեր երկրների ակտիվ քայլերը ներկա իրավիճակում բնական են՝ նոր աշխարահակարգում դիրքավորվելու համատեքստում։ Փորձագետները համոզված են, որ հակամարտության երկարումն ու ընդլայնումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Հետևաբար՝ Հայաստանին ձեռնտու է դրա՝ րոպե առաջ կարգավորումը, իսկ մինչ այդ պետք է պահպանել արդեն իսկ որդեգրած մոտեցումը, որը չեզոքությունն է։

Back to top button