ԿարևորՀասարակություն

Կառավարությունը սկսում է սոցիալական բնակարանաշինության ծրագրերի քննարկումը

Կառավարությունը նոյեմբերի 6-ից Ասիական զարգացման բանկի փորձագետների հետ հետազոտություն է սկսում՝ սոցիալական բնակարանաշինության իրականացման հարցով։ Այս քննարկումը կդառնա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախահիմքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը շատ մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ կառավարությունը ծրագրի մասին բավարար պատկերացումներ ունի։

Նարեկ Մկրտչյանը Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերի մասին խոսել է խորհրդարանական հանձնաժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։ Նախագծի քննարկումներն ավարտվել են։ Խմբակցություններն ու պատգամավորները գրավոր առաջարկություններ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 9-ի ժամը 18-ը։ Իսկ արդեն մինչև նոյեմբերի 10-ի ժամը 14-ը քննարկված առաջարկները կներակայցվեն կառավարություն։ Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը խորհրդարանը կքննարկի արդեն հաջորդ երեքշաբթի սկսվող նստաշրջանում։

Որտե՞ղ է կենտրոնացվում Արցախից բռնի տեղահնվածների մասին ամբողջական տեղեկատվությունը, կա՞ արդյոք համապատասխան բազա, թե՞ ոչ․ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հարցն է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանին։ Նախարարը հստակեցնում է՝ Փարաքարում Միասնական սոցիալական ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համատեղ կայան է գործում։

Այստեղ բոլոր հարցերը պատասխան կստանան․ «Բոլոր այն բազաները, որոնցով մենք ժամանակին աշխատել ենք ԼՂ մեր գործընկերկների հետ, եթե հնարավոր է եղել փոխգործելիությունը ապահովել, դրանք կան։ Արցախի տեղեկատվական շտաբից էլ վերցրել ենք այն տեղեկտավական բազաները, որոնք վերաբերում էին ՀՀ-ում ապրող ԼՂ բնակիչներին»։

Հասանելի ու առկա տվյալների բազաներն այժմ օգտագործվում են, կատարվում են համադրումներ՝ ասում է Մկրտչյանը։ Հատկապես կարևորում է ՆԳՆ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության տվյալների հավաքումը, որոնց հիման վրա էլ աջակցության ծրագրերն են մշակում ու փոխանցումները կատարում։

2024 թ աջակցության ծրագրերի մի մասը կշարունակվի։ Ֆինանսների նախարարը հստակեցնում է՝ նախագծում փոփոխություններ կարվեն։ Դրանցում կներառվեն նաև Արցախից տեղահանվածների համար իրականացվող սոցիալական ծրագրերը։ Վահե Հովհաննիսյանը տեղեկացնում է՝ 10 մլրդ դրամ են այս պահին հատկացրել բռնի տեղահանվածներին, բայց երբ ծրագրերը մշակված լինեն, հավելյալ հատկացումներ կարվեն․

 «Նախագծում փոփոխություններ կառաջարկենք, որը իր մեջ պետք է արտահայտի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված 2024 թվականին իրականացվելիք ծրագրերը։ Դրանք այս պահին դեռ ներկայացված չէ։ Առաջիկայում, երբ ծրագրերը ամբողջությամբ մշակված կլինեն, նպաստների ու թոշակների գծով հավելյալ հատկացումներ կանենք։ Կարծում ենք, այս 101 մլրդ դրամը չի արտացոլում այն պատկերը, որ մենք ունենալու ենք հաջորդ տարի»։

Արցախցիների առաջնային կարիքների լուծման համար 100 հազարական միանվագ գումար տրամադրվեց։ Մինչ այժմ, դեռ կան քաղաքացիներ, որոնք գումարը չեն ստացել, կամ էլ փոխանցված գումարի վրա արգելանք է դրվել։ Նախարարը պարզաբանում է․

 «Բանկը չի կարող արգելք դնել աջակցության վրա։ Դա որևիցե արգելքի ենթակա չէ։ Հետևաբար, եթե նման դեպքեր լինում են, խնդրում եմ փոխանցեք Միասնական սոցիալական ծառայության ձեզ մոտ կենտրոնին կամ գրեք ուղիղ մեզ։ Մենք կփորձենք հասկանալ»։

Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու հարցը նույնպես օրակարգում է։ Նախարարը հստակեցնում է՝ Ասիական զարգացման բանկի միջազգային փորձագետների օգնությամբ որոշակի հետազոտոթյուն են սկսում։ Հետո արդեն փոխվարչապետի հետ կքննարկեն։ Մոտավոր պատկերացում ունեն՝ ինչ են առաջարկելու․

 «Արդեն իսկ տրամաբանությունը պատկերացնում ենք, թե ինչ ծրագրեր ենք առաջարկելու։ Օրինակ, կարող է լինել նույն սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու տարբերակը։ Առանձին բնակավայրերից տեղահանված 1750-ից ավելի հայրենակիցներ արդեն ԲԳՎ-ներ են ստացել։ Նույնատիպ ծրագրեր կամ այլ ծրագրեր ենք առաջակելու։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք դրանց մասին»։

Հաջորդ տարի պետական բյուջեում ամենամեծ հատկացումը սոցիալական պաշտպանության ոլորտինն է։ Ծախսերի ամենամեծ բաժինը՝ 25 տոկոսն ու ՀՆԱ-ի 7․2 տոկոսը հենց այս ոլորտին են ուղղված։ Հաջորդ տարի սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 755 մլրդ 291 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ գումարը ավելի է 101 մլրդ-ով կամ մոտ 15 տոկոսով։

Կշարունակվեն ժողովրդագրական խնդիրների խթանմանն ուղղված ծրագրերը։ Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը։ Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվի յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքը, կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը։ 2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը: Մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը այլևս չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավել ստաժի 1 տարվա արժեքը։

Այսպիսով՝ խորհրդարանական հանձնաժողովներում ավարտվեց 2024 թ պետական բյուջեի նախագծի քննարկումը։ «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կներառվի արդեն հաջորդ երեքշաբթի սկսվող նստաշրջանի օրակարգ։

Back to top button