ՀՀ առողջապահության նախարարությունը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսում է Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպել առողջ և ակտիվ ծերության հանրային արշավ: Այն նախատեսված է ավագ սերնդի ներկայացուցիչների համար և ուղղված է նրանց ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկմանը։
ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանի խոսքերով, Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ յուրաքանչյուրում 6 դպրոցում օրվա երկրորդ կեսին կբացվեն խմբակներ տարեցների համար: Օրերի ու ժամերի մասին կփակցվի դպրոցների տարածքներում, կտարածվեն իրազեկող թռուցիկներ բակերում և խոշոր սուպերմարկետներում, որ բոլորն իրազեկ լինեն:
«Եթե դուք կամ ձեր մեծահասակ հարազատը ձանձրանում է տանը, հնարավորություններ է փնտրում իր օրը բովանդակալից և արդյունավետ անցկացնելու համար, ապա խորհուրդ տվեք նրան միանալ ավագ սերնդի ֆիզիկական ակտիվության խմբակին»,- առաջարկում է Ք.Գալստյանը:
Երկու ժամ տևող խմբակի ընթացքում մասնակիցները, նախ, կունենան ֆիզիկական ակտիվության դաս, հետո հյուրասիրություն և զրույցներ առողջ կենսակերպի վերաբերյալ: Ֆիզիկական ակտիվության դասի ընթացքում մասնակիցները կկատարեն ֆիզիկական և շնչառական արդյունավետ վարժություններ, որոնք ցուցված են բոլորի համար, չունեն որևէ հակացուցում, իսկ հետագայում նրանք կարող են այդ նույն վարժությունները կատարել տանը:
Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցը մեկն է Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից, որ կմասնակցի ծրագրին: Տնօրեն Վերգինե Մարկոսյանն ասում է, որ միանգամից են որոշել միանալ նախաձեռնությանն ու մաս դառնալ սերունդների միջև արդյունավետ երկխոսության ու կապերի ձևավորմանը և առողջ ապրելակերպի քարոզարշավին: Ավելին, մտածել են, թե ինչպես կարելի է տատիկ-պապիկներին դպրոց բերել, խրախուսել նրանց ակտիվ մասնակցությունը:
«Նախ, դասղեկական ժամին կիրականացնենք առողջ ապրելակերպի վերաբերյալ դաս, կիրազեկենք երեխաներին, կխրախուսենք նրանց իրենց տան տատիկ-պապիկներին այդ օրն ուղեկցել գալ դպրոց: Հույս ունենք, որ առաջին հանդիպումից հետո նրանք կոգևորվեն և հաջորդ հանդիպումներին ինքնուրույն կգան»,— ասում է Վ.Մարկոսյանը՝ հավելելով, որ նախատեսում են նաև անակնկալ միջոցառում տարեցների համար:
Բացի դրանից, դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրազեկող թռուցիկները կբաժանվեն բակերում այն ժամերում, երբ տատիկները զբոսնում են թոռնիկների հետ, և մարդիկ տեղյակ կլինեն միջոցառման մասին: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ն ամեն շաբաթ օր ցերեկային ժամերին, դպրոցը սիրով կընդունի ավագ սերնդի ներկայացուցիչներին, հանդիպումները կսկսվեն ժամը 14:30-ին և կավարտվեն 16:30-ին:
Հատկանշական է, որ 37 դպրոցում արշավին կարող են մասնակցել ոչ միայն մոտակայքում ապրող տարեց մարդիկ, այլ նաև այլ վարչական շրջաններից: Ք.Գալստյանը, որպես առողջ ծերացման արշավի գաղափարի հեղինակ, կոչ է անում բոլոր տարեցներին և ոչ մի նրանց, ակտիվ լինել, հետևել առողջությանը, զուգվել-զարդարվել և միանալ արշավին:
«Մեր հասարակությունում «տարեց»-ի իշխող մոդելի փոփոխության կարիք ունենք: Երբ մենք ասում ենք «տարեց» նույնիսկ այդ բառի շուրջ խտրականության տարրեր ենք զգում: Մենք պետք է հասնենք այն բանին, որ տարեց լինելը դիտարկվի որպես կյանքի շարունակականության և նոր հնարավորությունների սկիզբ»,— ասում է առողջապահության կառավարիչն ու բոլորին հրավիրում մասնակցելու, իսկ տատիկներին հորդորդում չմոռանալ շտկել մանիկյուրն ու գալ նոր ընկերներ ձեռք բերելու, սոցիալական նոր կապեր հաստատելու՝ հանուն առողջ կյանքի բանաձևի: