ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ

«Արարատ 73»-ի լեգենդար հաղթանակը ուղիղ 50 տարի առաջ հենց ռադիոընդունիչից ու Սուրեն Բաղդասարյանի ձայնով ցնցեց Խորհրդային Հայաստանը։ Հայկական ռադիոն դարձավ պատմական հաղթանակի միակ խոսափողը։ Պատմական հաղթանակը հնչունավորած մարզական մեկնաբանն իր կեսդարյա մասնագիտական արխիվը նվիրել է Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդին, այն ռադիոյի, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Հանրային ռադիոյի նվիրյալների ճեմուղում այսուհետ նաև սպորտային լեգենդար մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի անունն է։

Գերմանիայի արտգործնախարարը  հստակեցնում է՝ Գերմանիան Հայաստանի կողքին կարող է լինել նաև անվտանգության հարցերով․

«Գերմանիան հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին և կանգնած է այդ երկրների կողքին, որպեսզի հնարավոր լինի խաղաղ համաձայնագիր ստորագրել։ Եվ, այո, ցանկանում ենք ավելի ինտենսիվ աջակցել Հայաստանին բոլոր ոլորտներում․մի կողմից՝ խաղաղության ջանքերի առումով, մյուս կողմից՝ սահմանագծման, քարտեզների մասին է խոսքը։ Շատ ծրագրեր ունենք ԵՄ, ԵԱՀԿ ուղղությամբ և աջակցում ենք դրանց, բայց նաև անվտանգության հարցերում կարող ենք օգնել, աջակցել և համագործակցել Հայաստանի հետ և այդ մասին մենք մտքեր ենք փոխանակել ինտենսիվ կերպով»։

Նվազագույնը կայուն և խաղաղ հարաբերություններ բոլոր 4 հարևանների հետ․ այսպես է ՀՀ–ն ձևակերպում 2024-ի արտաքին քաղաքական հայեցակարգը։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների առանցքում այսօր ԱԺ–ում եղել են արտաքին քաղաքական հարցերը։ Բացի հարևանների հետ հարաբերությունների կարգավորումից՝ Հայաստանը կարևորում է ինչպես ավանդական համարվող երկրների հետ շփումների զարգացումը, այնպես էլ դիվանագիտական նոր ուղղությունները։ Նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի շարք երկրներում։ Այս պահին նշվում են Սեուլն ու Լյուքսեմբուրգը։ Համագործակցության նոր ուղղությունները Չինաստանն ու Հնդկաստանն են։

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հետաքրքիր է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարված փուլում է հավանություն տրվում Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այսպիսով, Ռուսաստանը դառնում է երկրորդ երկիրը, որ Կապանում հյուպատոսություն է բացում։ Առաջինը Իրանն է։ Ի դեպ, ԵՄ-ն նույնպես նման մտադրություն ունի։ Ի՞նչ խնդիրներ են լուծելու հյուպատոսությունները Սյունիքում, արդյոք դրանք կդառնա՞ն անվտանգության լրացուցիչ գործոններ, թե՞ նոր ռիսկեր կստեղծեն Հայաստանի համար։ Փորձագետներն այս հարցերում տարակարծիք են։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխությունները։ Ռուսաստան մեկնող միգրանտը հաշվառվելու համար պետք է արդեն առցանց գրանցվի, բայց պարզվում է՝ «Госуслуги» կայքում միգրացիոն հաշվառում անցնելու ձևաթուղթը առկա չէ: Պատկան մարմինները նշում են, որ այն մշակման փուլում է ու, հավանաբար, պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին։ Կանխատեսվում է, որ մուտքի արգելք ունեցողների թիվը կավելանա։ ՌԴ պաշտոնական տվյալները փաստում են՝ այդ երկիր Հայաստանից մեկնողների թիվը նվազել է։

«Մենք դեռ կվերադառնանք»․ այս գրությամբ լուսանկարը համացանցում հայտնվեց սեպտեմբերի 28-ին։ Նկարում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներն էին։

Դուրս գալուց առաջ կենտրոնը կարգի բերեցին, ամեն ինչ դասավորեցին ու բանալիները հանձնեցին ռուս խաղաղապահներին։

Ստեփանակերտի սպիտակ խալաթավորների բանակն աշխատեց ուժերի գերլարումով՝ կռիվ տալով նախ՝ շրջափակման, հետո՝ պատերազմի ու պայթյունի սարսափելի  հետևանքների հետ։

Այսօր շատ շենքեր ծածկված են արտաքին գովազդով, ինչը տգեղացնում է մայրաքաղաքի տեսքը և խաթարում ճարտարապետական ամբողջությունը։ Երևանի քաղաքապետարանը նոր չափորոշիչներ է սահմանել․ ներկայացվել է գովազդի տեղադրման նոր ուղեցույցը։

Եթե մինչև հունվարի 1-ը Երևանում գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն փոփոխություններ կանի: Քաղաքապետարանում ասում են, որ նոր չափորոշիչներ սահմանելու նպատակը Երևանն ավելի գեղեցիկ, իսկ ճարտարապետությունն ավելի տեսանելի դարձնելն է։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում:

Back to top button