ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմավիրի մարզում արցախցի դպրոցականներին ընդունում են սիրով ու ջերմությամբ

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում Արցախից բռնի տեղահանված շուրջ 1350  աշակերտ է սովորում: Երեխաներն ապահովված են անվճար դասագրքերով ու գրենական պիտույքներով: Աշակերտները լիովին ինտեգրվել են միջավայրին, բավականին ակտիվ են մասնակցում դասապրոցեսին։ Մարզի դպրոցներում դեռ շարունակում են ընդունել արցախցի երեխաներին:

Նադեժդան  արդեն մեկ ամիս Լուկաշին գյուղի դպրոցն է հաճախում, սակայն սովորում է ոչ իր հասակակիցների հետ, այլ 5-րդ դասարանում։ Նա Հադրութի շրջանի Թաղասեր գյուղից է։ 2020 թ-ի պատերազմի առաջին հարվածներն իր վրա է զգացել: Տեղահանվելը, տեղից-տեղ ապաստանելը երեխայի վրա բացասաբար են ազդել, ասում է մայրը՝ Լիլիթ Ավանյանը.

«Պատերազմից հետո, երբ տեղահանվեցինք, երեխաս այստեղ մեկ տարի դպրոց չգնաց: Իր վիճակը շատ վատ էր. հոգեբանական վիճակը շատ ծանր էր, առանց ինձ ոչ մի տեղ չէր գնում: Դպրոց չհաճախեց ու այդ տարին կորցրեց: Երբ վերադարձանք Ստեփանակերտ,  նորից նստեց 3-րդ դասարան: Երրորդ և չորրորդ դասարանները Ստեփանակերտում է ավարտել, հինգերորդ դասարան մի քանի օր է գնացել»:

Նադեժդան Ստեփանակերտի թիվ 3 դպրոցն է հաճախել, որտեղ հիմնականում հադրութցիներն էին. թե՛ ուսուցիչները, և թե՛  աշակերտները: Չի մոռանում նաև իր գյուղի դպրոցը: Այս ուսումնական տարվա առաջին զանգը Ստեփանակերտի դպրոցում հնչել է, բայց շրջափակման պայմաններում լիարժեք դասեր չեն արել:

«Ես երկրորդ անգամն եմ տեղահանվում. Առաջին անգամ Հադրութից, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտից: Մեր դասարանում 9 աշակերտ կար, ես գերազանց եմ սովորում: Այս տարի մենք սեպտեմբերի մեկ ունեցել ենք, բայց այն չէր. տետր չի եղել, գրիչ չի եղել, ոչ մի բան չի եղել, հին տետրերով էինք դաս անում: Ամբողջական դասեր երբեմն չենք արել: Ժամանակ կար, որ լույս չի եղել, զանգը չեն կարողացել տալ ու շուտ էին բաց թողնում: Ավտոբուս էլ չկար, ոտքով էինք գնում, գալիս»:

Նադեժդան հիմա լիարժեք հարմարվել է իր նոր դպրոցին ու դասարանին, օտարություն չի զգում: Այս տարի Լուկաշինի դպրոց են ընդունվել  արցախցի 31 երեխաներ.

«Հոկտեմբերի 2-ին եմ գնացել դպրոց, շատ լավ ընդունեցին՝ տնօրենը, ամբողջ անձնակազմը, երեխաներն ուրախացան, ծափահարեցին: Ամեն ինչ ունեմ, դպրոցն է տրամադրել է՝ գիրք տետր»:

Արմավիրի մարզի հանարկրթական դպրոցները պատրաստվել էին ընդունելու  արցախցի դպրոցականներին: Չնայած աշակերտների թվի սահմանափակումների,ն հոկտեմբերի սկզբին մարզի  դպրոցներն անխտիր ընդունել են նրանց: Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց է հաճախում Արցախից տեղահանված 24 երեխա։  Դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանն ասում է, որ նրանց հետ աշխատում են հոգեբանները:

«Երբեմն նկատելի չի լինում մարդու հոգեվիճակը, դրա համար մեր մասնագետները՝ ուսուցչի օգնականները, հոգեբանները, զրույցներ են անցկացնում նաև ծնողների հետ: Առաջին օրվանից երեխաներն ունեցել են բարձր տրամադրություն, դիմելու հենց առաջին օրվանից չեն բացակայել, պարտաճանաչ ինտեգրվել են դասընթացներին»:

Գոհար Գասպարյանն ասում է, որ բոլոր երեխաներին գրքեր, գրենական պիտույքներ են հատկացրել:

Եթե Արմավիր քաղաքի հիմնական դպրոցները աշակերտ-տեղերի սահմանափակումներ ունեն, ապա թիվ 1 ավագ դպրոցն աշխատում է իր  հզորության կիսով չափ: Ավագ դպրոցում են սովորում արցախցի 18 աշակերտներ:

Տնօրեն Նունե Դոլինյան. «Չունենք տեղի սահմանափակում, դեռ մի բան էլ ավելի՝ դպրոցը լիցենզիայով ունի 1000 աշակերտի հզորություն, իսկ այս պահին մյուս ավագ դպրոցի միացմամբ ունենք 570 աշակերտ: Ազատ տեղեր կան»:

Դասերի ժամանակ Արցախի թեման շոշափելիս ուսուցիչները նրբանկատ վերաբերմունք են դրսևորում: Ասում են՝ երեխաներն ավելի խոցելի են ու չեն կարողանում զսպել հուզմունքը:

Ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Վասիլյան. «10-րդ դասարանի հասարակակգիտական հոսքում երկու աղջիկ ունենք։ Սկզբում, բնականաբար, շատ կաշկանդված, հոգեբանորեն ճնշված էին, բայց մեր աշակերտները այնպես գրկաբաց, ժպիտով, ընտանիքի անդամի պես ընդունեցին: Ես ամեն կերպ փորձում եմ իրենց ներգրավել դասին, իսկ այսօր աղջիկներից մեկը շատ հիանալի դաս պատմեց: Խմբային աշխատանքներին մասնակցում են, բայց դեռ ընկճվածությունը կա: Թեմաների ժամանակ հարցերը փորձում ենք այնպես ձևակերպել, որ հոգեբանորեն նորից իրենց ցավ չպատճառենք»:

Մարզի դպրոցականների վերաբերմունքը արցախցի հասակակիցներին.

«Շատ լավ ենք դիմավորել, ջերմ, շատ ընկերական: Բոլորս իր հետ հանգիստ շփվում ենք: Սկզբից էլ ասեցինք, որ իր հետ շատ նորմալ ենք վարվելու, ընկերություն ենք անելու, որ իրեն մենակ չզգա: Այդպես էլ անում ենք»:

 «Իրեն հիմնականում հանգստացնում էինք այդ հոգեվիճակից: Դասատուն մեզ մի օր առաջ ասել էր, որ Արցախից աշակերտ է գալու, և լավ ենք վերաբերվելու իրեն: Մենք ոչ թե վատ էինք վերաբերվելու, այլ իրեն ավելի մեծ ուշադրություն կդարձնեինք, քանի որ նոր է եկել: Ինքը հիմա մեր սովորական ընկերն է, մյուսների պես»:

Արմավիրի մարզի հանարկրթական դպրոցներում սովորում են շուրջ 1350 արցախցի աշակերտներ: Տեղերի սահմանափակման դեպքում նույն ընտանիքի երեխաներին ընդունում են հատուկ ընթացակարգով:

Back to top button