ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Նվազագույնը կայուն հարաբերություններ 4 հարևանների հետ․ ԱԺ–ում ներկայացվել է  2024-ի արտաքին քաղաքական հայեցակարգը

Նվազագույնը կայուն և խաղաղ հարաբերություններ բոլոր 4 հարևանների հետ․ այսպես է ՀՀ–ն ձևակերպում 2024-ի արտաքին քաղաքական հայեցակարգը։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների առանցքում այսօր ԱԺ–ում եղել են արտաքին քաղաքական հարցերը։ Բացի հարևանների հետ հարաբերությունների կարգավորումից՝ Հայաստանը կարևորում է ինչպես ավանդական համարվող երկրների հետ շփումների զարգացումը, այնպես էլ դիվանագիտական նոր ուղղությունները։ Նախատեսվում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի շարք երկրներում։ Այս պահին նշվում են Սեուլն ու Լյուքսեմբուրգը։ Համագործակցության նոր ուղղությունները Չինաստանն ու Հնդկաստանն են։ Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ, որն իրականացնում է «Ռաիսինա երկխոսություն» ամենամյա ծրագիրը, Երևանում 2024 թվականի սեպտեմբերին  նախատեսվում է կազմակերպել համանուն միջազգային համաժողով։ Հայաստանի արտգործնախարարի կարծիքով՝ սա մեծ հնարավորություն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարական լույսի ներքո ներկայացնելու։ Արտաքին քաղաքական դաշտում, սակայն, առանցքայինը շարունակում են մնալ Հայաստանի անվտանգային խնդիրները և բանակցությունները Ադրբեջանի հետ։

Հայաստանի մայրաքաղաք Երևանի մակերեսը 227 քառակուսի կիլոմետր է։ Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից Հայաստանի օկուպացված տարածքների նոր թիվը, որ հնչեց ԱԺ–ում, գրեթե, համարժեք է այս ցուցանիշին։ 2020 թվականից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիաներից հետո խոսվում էր շուրջ 150 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի մասին։ Սակայն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այլ թիվ է հրապարակում։

«Մենք ունենք ՀՀ տարածք՝ դեռևս 1990–ականներից Ադրբեջանի տիրապետության տակ հիմա գտնվող և ունենք նաև թարմ օրինակներ։ Ինձ հայտնի է շուրջ 200 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»։

Ադրբեջանի օկուպացրած տարածքների մակերեսը ե՞րբ է ավելացել 50 քառակուսի կիլոմետրով․ արտգործնախարարն անպատասխան է թողնում լրագրողների այս և մյուս հարցերը։ Իսկ նախօրեին, կրկին ԱԺ–ում, մարզպետերը պնդում էին՝ դիրքային առումով իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանցիները շարունակում են մնալ ներխուժման ժամանակ գրաված հատվածներում։ Ներկայացվող թվերի տարբերությունը փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն է  պարզաբանում․

«Չէ, որևէ նոր տարածքների մասին չէ, ուղղակի գիտեք, որ թիվը ճշգրտված չէ, միշտ էլ մոտավոր ենք խոսում դրա մասին։ Ես որևէ նոր տվյալների մասին չեմ լսել»։  

Սահմանային իրավիճակի որոշակի կայունացումը իշխանությունը կապում է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի հետ։ Առաքելության կարգավիճակի, արտոնությունների հարցով առաջիկայում համաձայնագիր կստորագրվի: Լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հավելում է՝ այս պահին Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ընդլայնման ու նոր գործառույթների հարցը բանակցային փուլում է: Մանրամասներ չի ներկայացնում՝ նշելով, որ ընդլայնումն առաջնային հարց է: Փոխարտգործնախարարը հաստատում է, որ ոչ միայն ԵՄ դիտորդների, այլև պաշտոնյաների ուշադրության կենտրոնում են Հայաստանի հատկապես այն մարզերը, որոնք ենթարկվել են ադրբեջանական ագրեսիայի։ Սա ուշագրավ է հատկապես ենթադրյալ և հավանական նոր ագրեսիայի մասին խոսակցությունների ֆոնին։   

«Իսկապես, զգալի է ավելացել, թե ուշադրությունը, թե քայլերը, թե այցելությունները։ Տեսել եք աննախադեպ ակտիվության առումով բոլոր այդ պաշտոնյաների այցերի հաջորդական շարան։ Թերևս բոլոր այցելություններում կա թե՛ Սյունիքը, թե՛ Վայոց Ձորը։ Հատուկ ուշադրությունը հատկապես Սյունիքին տեսնում ենք գրեթե ամեն օր։ Տարբեր կենտրոններ, տարբեր պրոյեկտներ, որոնք ուղղված են Սյունիքի դիմակայության բարձրացման՝ հոգեբանական գործոնը, որպեսզի բնակչությունը զգա այդ ուշադրությունը միջազգային հանրության։ Թերևս չկա երկիր, որը Երևանում դեսպանատան մակարադակով ներկայացված է և այս կամ այն մշակութային, տնտեսական, սոցիալական մի պրոյեկտ չիրականացնի Սյունիքում։ Անգամ որոշ երկրներ ազգային տոնի ընդունելությունը, Չեղիան էր վերջինը, անցկացրեց Գորիսում։ Իտալիայի դեսպանն է մի շարք մշակութային միջոցառումներ նախատեսում։ Այդ ուշադրությունը ակնհայտ է»։

Սակայն, սա չի նշանակում, որ Սյունիքով հետաքրքրված է միայն Արևմուտքը։ Ռուսաստանը նախօրեին որոշում է կայացրել հյուպատոսություն բացել նաև Կապանում։ Այդպիսի ներկայացվածություն նա արդեն ունի Գյումրիում։ Փոխարտգործնախարարը պնդում է՝ այս ուղերձն ունի նաև քաղաքական բաղադրիչ։

«Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Երկրները հյուպատոսություն են բացում՝ հաշվի առնելով համայնքը, տնտեսական շահերը, քաղաքական շահերը: Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի դեպքում, Ֆրանսիան է հայտարարել դրա մասին։ Կարծում եմ, այլ երկրներից էլ կլինի նույն ձևով ուշադրության աճ»։

ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը թերևս ՌԴ–ի հետ հարաբերություններում որոշակի խնդրիրներ ունենալու պատճառներից մեկն է։ Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են կիսել ոչ միայն բանակցային սեղանը, այլև՝ ազդեցության գոտին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ հարաբերություններն ու դրանց զարգացումը շարունակում է առանցքային լինել Հայաստանի համար, վստահեցնում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք բազմաթիվ և բազմաոլորտ կապերով ենք կապված։ Հիմա, իհարկե, տեսանելի է, կան որոշ խնդիրներ այս հարաբերություններում։ Մենք բավարարված չենք շատ բաներից, որքան հասկանում եմ՝ ՌԴ–ում նույնպիսի վերաբերմունք կա։  Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք։ Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել, գործընկերաբար։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ և հուսանք՝ կստացվի։ Անշուշտ, ամենը, ինչ ես ասում եմ մեկ կողմից չի կախված»։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ակնհայտ է, որ վերջին շրջանում Ալիևը պարբերաբար հրաժարվում է արևմտյան միջնորդությունից։ Այդ հարթակի մասին հայտարարությունների մի մասը նա արել է Բիշքեկում՝ ԱՊՀ երկրների գագաթաժողովի շրջանակում։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի տեղեկություններով, սակայն, Արևմուտքը շարունակում է աշխատել Ադրբեջանի նախագահի հետ։

«Տարբեր ուղղություններով, տարբեր ձևաչափերով ջանքերը շարունակվում են վերադարձնելու այդ պրոցեսը բանակցային փուլ։ Այդ առումով ԵՄ–ն ունի առանձին նշանակություն, ինչպես նաև անդամ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան։ Ակնկալում ենք Գերմանիայի արտգործնախարարին։ Կարևոր այց է, թերևս պատմական առաջին երկկողմ այցն է Գերմանիայի արտգործնախարարի և դա նաև ցույց է տալիս Գերմանիայի նվիրվածությունը ներդնելու այդ գործընթացում, որպես ծանրակշիռ ԵՄ անդամ։ Նաև տեսնում ենք կոչեր տարբեր ծանրակշիռ կազմակերպություններից, այլ կարևոր ռեգիոնալ և ոչ ռեգիոնալ խաղացողներից, որպեսզի գործընթացը վերադարձվի բանակցային փուլ։ Հայկական կողմը բազմիցս հայտնել է դիրքորոշումը այդ առումով և այն սկզբունքները, որով պատրաստ է շարունակել այդ գործընթացը և իսկապես հասցնել այն ավարտին»։

Հայկական կողմն արդեն երկրորդ տարին է հույս հայտնում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի։ Ստեղծված իրավիճակում իրատեսական չէ ակնկալել 2023–ի ավարտին նման փաստաթղթի ստորագրումը։ Երևանն ու Բաքուն 6–րդ շրջափուլով են փոխանակել «Խաղաղության պայմանագրի»–ին առնչվող առաջարկները։

Ուշագրավ է, որ նախօրեին Մոսկվան և Բեռլինը մի քանի ժամ տարբերությամբ բանակցությունների հերթական միջնորդությունն ու հարթակն են  առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։

Back to top button