Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
2007 թվականից Հայաստանում անցկացվում են տարբեր խոհարարական փառատոններ: Արդեն ավանդական դարձածներին վաղն ավելանալու է եւս մեկը։ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ կանցկացվի Ձկան ձառատոն: Ռեստորաններում այսօր թեեւ ձկից պատրաստված ուտեստները` տարբեր բաղադրատոմսերի առումով, զիջում են այլ ուտեստներին, բայց հայկական խոհանոցում ձուկը դեռ վաղուց զբաղեցրել է իր տեղը: Այլ կերպ ասած` հայերը միշտ սիրել են ձուկ ուտել, ասում է փառատոնի կազմակերպիչներից «Կամուրջ» ՀԿ ղեկավար Տիգրան Ղազարյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ տնօրեն Գարիկ Գեւորգյանը նշում է, որ փառատոնի ժամանակ օգտագործվելու են ոչ միայն նոր, այլեւ պահպանված շատ հին բաղադրատոմսեր։
Փառատոնի նպատակներից է նաեւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն ու տուրիզմի զարգացումը: Բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ արդեն մտադրվել են իրենց զբոսաշրջիկներին ցույց տալ Ձկան փառատոնը: Կազմակերպիչները խոստանում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ` մրցույթներ, գեղարվեստական մաս, տարբեր անվանակարգերում հաղթողների որոշում:
Բացում են նաեւ որոշ փակագծեր։ Ձուկ է պատրաստվելու արեւային սարքի օգնությամբ: Սա ավելի հեռուն գնացող ծրագրերի առաջին քայլն է։ Նպատակ կա Հայաստանում ստեղծել «Արեւային խոհանոց»։ Ի դեպ` Ձկան փառատոնին մասնակցելու 20 հայտ է ստացվել` Շիրակից, Տավուշից, Գեղարքունիկից, Արարատյան դաշտավայրից, Երեւանից: Կազմակերևպիչները հատուկ նշում են, որ պատրաստված ուտեստները անվճար չեն բաժանվելու, կազմակերպվելու է վաճառք:
Փառատոնը կանցկացվի Աբովյան քաղաքում։ Այն, որ քաղաքի կյանքում կավելանա եւ մեկ ավանդական միջոցառում խիստ ոգեւորել է աբովյանցիներին, ովքեր արդեն հիմա կազմ ու պատրաստ սպասում են հյուրերին, ասում է Աբովյանի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարիչ Հերմիներ Ադամյանը։