ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում արժեքավոր նոր ծառատեսակներ են տնկվելու

Նոյեմբերի 1-ից Երևանում մեկնարկել են աշնանային սանիտարական էտի և սանիտարական ձևավորման աշխատանքները։ Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը կարևորում է այդ աշխատանքների մասին հանրության հետ բաց և անկեղծ զրույցը։ Նա հիշեցնում է, որ գարնանը ունեցել են դրա պակասը, ինչը տարատեսակ շահարկումների առիթ էր դարձել։ Բեգոյանի խոսքով՝ հենց սա էր պատճառը, որ, օրինակ, Մաշտոցի պողոտայում գարնան փոխարեն միայն աշնան վերջին են սկսել վերականգնել արժեքավոր ծառերը։

«Մաշտոցի պողոտայում ամբողջը սոսի տեսակի թանկարժեք ծառատեսակներ են։ Տասնամյակներ շարունակ ինչ-ինչ պատճառներով այնտեղից հեռացվել են ծառատեսակներ, մենք ձեռք ենք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ, որով աղալով հեռացնում ենք բնաբաժակներում մնացած ծառերից կոճղերը, հատված ծառերի կոճղերը և դրանց տեղը տնկում ենք նույն սոսիները»,-նշում է Բեգոյանը։

Թե որ փողոցներում ինչ տեսակի ծառ պետք է տնկել, որոշում է գիտատեխնիկական խորհուրդը։ Քաղաքապետարանը խորհրդին ներկայացնում է փողոցների ցանկը, մասնագետներն էլ  ուսումնասիրում և առաջարկում են ծառատեսակներ։

« Իմ խնդրանքով ասել եմ, որ մի փողոցի համար մի քանի տեսակ ընտրեն, օրինակ՝ առաջնային պլանով սա, հետո սա, հետո սա, որովհետև միշտ չէ, որ գնումների օրենքը թույլ է տալիս, բավականին բարդ է գնումներ կատարելը, որպեսզի եթե մեկ ծառատեսակը չլինի, անցնենք հաջորդին,  ամեն փողոցում գոնե 2 ծառատեսակ ունենանք»,-ասում է Բեգոյանը։

Ծառերի արժեքավորությունը որոշվում է սաղարթի մեծությամբ, երկարակեցությամբ և օդը մաքրելու ՕԳԳ-ով։ Բեգոյանը նշում է՝ նոր տնկված բոլոր ծառերը 7-10 տարեկան են, ունեն 5-6 մետր բարձրություն և անմիջապես տնկման պահից կատարում են իրենց ֆունկցիները․

«Մենք Երևանում տնկում ենք արժեքավոր ծառեր, ուզում ենք բացառել էժանագին ծառերը Երևանից, ինչպես նաև դրանց հետ միասին կան ծառատեսկաներ, որոնց ակցենտը դնում ենք գեղագիտության վրա, բայց դա զուտ հազվագույտ դեպքերի համար, հազվագույտ շենքերի առաջ, հազվագույտ ճարտարապետական կոթողների մոտ»։

Անդրադառնալով գարնանը տնկված սակուրաներին՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշում են՝ դրանք բոլորը լավ վիճակում են , ունեն ոչ միայն գեղագիտական, այլև սանիտարական նշանակություն։ Հարցին, թե արդյոք ճի՞շտ էր Թամանյանի «աչքի առաջ» սակուրա տնկել, փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը պատասխանում է․

«Եթե խոսքը գնում է, որ Թամանյանը նայում է սակուրային, այսինքն՝ ոչ հայկական տեսակին, եթե համարում եք, որ մեր կանաչապատման մեջ հայկական շատ տեսակներ կան, շատ սխալվում եք։ Թամանյանը երկար տարիներ նայում է սոսիներին, որոնք թուրքապարսկական ծագում ունեն, նայում է ծիրանենուն, որը չինական ծագում ունի։ Ուղղակի այլ բան է՝ մեր աչքը սովո՞ր է, թե՞ սովոր չէ։ Հուսով եմ՝ մեր ճաշակը կփոխվի, և մենք կունենանք գեղատեսիլ վայրեր»։

Քաղաքապետարանը գարնանը 850 նոր ծառատեսակ է տնկել, ևս այդքան էլ նախատեսում է տնկել այս աշնանը։

Ծառերն էտվելու են հանգստյան օրերին՝ խցանումներից խուսափելու համար։ «Ռադիոլուրի» հարցին, թե ինչո՞ւ չեն էտվում նաև բակային տարածքների անխնամ ծառերը, Արմեն Բեգոյանը պատասխանեց՝ դրա համար պետք են լրացուցիչ ֆինանսավորում և նոր հաստիքներ։

«Բայց քանի որ հիմնականում չեն կատարվում ոչ բնակիչների, ոչ համատիրությունների կողմից, ստիպված որոշ դեպքերում, չլինելով մեր անմիջապես կանոնադրական նպատակների մեջ, բայց հաշվի առնելով, որ կարևոր չէ՝ դա բակային է, թե չէ, ամեն դեպքում Երևանի կանաչ ֆոնդն է, մենք միայն այս տարի մեր տարածքից դուրս շուրջ 450 բակային տարածքներում ստիպված ենք եղել կատարել սանիտարական էտի աշխատանքներ, և եթե հնարավոր լինի, սա նաև Երևանի ֆինանսական հնարավորությունները պետք է թույլ տան, կազմակերպության հաստիքացանկը մի փոքր ավելացվի, մենք չենք զլանա նաև սպասարկելու բակային տարածքները»։

Նոյեմբերի երկրորդ կեսին կմեկնարկեն նաև կենսուանակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման աշխատանքները։

Back to top button