ԿարևորՀասարակություն

Չափանիշներին չհամապատասխանող գովազդային վահանակները կհեռացվեն․ քաղաքապետաանը զգուշացնում է

Այսօր շատ շենքեր ծածկված են արտաքին գովազդով, ինչը տգեղացնում է մայրաքաղաքի տեսքը և խաթարում ճարտարապետական ամբողջությունը։ Երևանի քաղաքապետարանը նոր չափորոշիչներ է սահմանել․ ներկայացվել է գովազդի տեղադրման նոր ուղեցույցը։ Եթե մինչև հունվարի 1-ը Երևանում գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն փոփոխություններ կանի: Քաղաքապետարանում ասում են, որ նոր չափորոշիչներ սահմանելու նպատակը Երևանն ավելի գեղեցիկ, իսկ ճարտարապետությունն ավելի տեսանելի դարձնելն է։

Գովազդային մեծ ու փոքր, գույնզգույն, գրեթե ամենուր փակցված ցուցապաստառները նաև վարորդների համար են «գլխացավանք» դարձել։

Երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը նկատում է, որ հատկապես մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված էլեկտրոնային հսկայական գովազդային վահանակներն են խանգարում վարորդներին։ Դրանք փակում են տեսադաշտը, շեղում ուշադրությունը։

«Եթե, օրինակ, սովետի տարիներին Կոմիտաս փողոցում կանգնեիր, մինչև գրեթե փողոցի մյուս ծայրի լուսացույցները տեսանելի էին։ Ոչ մի բան չէր խանգարում լուսացույցը տեսնել թեկուզ մեկ կիլոմետրից։ Հիմա գովազդները այնքան են շատացել ու այնքան բազմազան են, որ լուսացույցի կողքը կանգնում ես, հազիվ 5 մետրից սկսես նկատել։ Դրա համար, երևի տեսած կլինեք, քաղաքապետարանի մոտ, Խանջյան–Սայաթ-Նովա խաչմերուկում ամբողջ հանգույցն ու սյունն են լուսացույցի նույն գույնից տալիս, որ առավել տեսանելի լինի։ Ողջունելի է»։

Չնայած «Գովազդի մասին» օրենքը կանոնակարգում է դաշտը, արտաքին գովազդի մասով ավելի մեծ իրավասություններ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին և անգամ դրանց չափորոշիչների սահմանման վերաբերյալ ավագանու որոշում կա, իրավիճակը, մեղմ ասած, անհանգստացնող է: Ուստի՝ նոր, արդեն խստացված չափորոշիչներով մայրաքաղաքն ավելի գեղեցիկ կդառնա, իսկ ճարտարապետությունը՝ տեսանելի, վստահ է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Այսօր շատ շենքեր քողարկված են արտաքին գովազդով։ Խնդիրը բազմիցս բարձրացվել է թե՛ քաղաքացիների, թե՛ մասնագետների կողմից։ Հիմա ակտիվ աշխատանքներ են իրականացվում մինչև հունվարի 1-ը հեռացնելու այն գովազդային նյութերը, որոնք կա՛մ տեղադրվել են առանց որևէ թույլտվության, կա՛մ տնտեսվարողը դիմել է քաղաքապետարան և պատասխան ստացել, որ չի կարող այդ չափորոշիչների հիման վրա գովազդ տեղադրել, բայց, այնուամենայնիվ, տեղադրել է: Այս գովազդները հիմա ակտիվ հեռացվում են»:

Որպեսզի առաջարկվող փոփոխությունները մեծ սթրեսի չենթարկեն տնտեսվարողներին, քաղաքապետարանը ժամկետ է սահմանել՝ մինչև տարեվերջ բիզնեսն իր արտաքին գովազդը պետք է համապատասխանեցնի նոր չափորոշիչներին: 2024 թվականի հունվարից կարգավորմանը չհարմարեցված գովազդային վահանակներն ու պաստառները կհեռացվեն:Քաղաքապետարանում հուսով են՝ գործը դրան չի հասնի։

«Դա անցանկալի սցենար է մեզ համար, որովհետև ենթադրում է որոշակի սթրես տնտեսվարողի համար , մեզ էլ հաճելի չէ կոշտ ուժի միջոցով ինչ–որ գործողություններ իրականացնել»։

Արտաքին գովազդ տեղադրել արդելվում է, եթե օրինակ, այն ձևափոխում է շենքի ճարտարապետական ոճը։ Գովազդի միջոցը չպետք է խանգարի փողոցների ու մայթերի մաքրմանը, խոչընդոտի ճանապարհային երթևեկության կազմակերպանն ու անվտանգության ապահովմանը, շփոթեցնի կամ շեղի վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը՝ խաթարելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, սահմանափակելով տեսանելիությունն ավտոճանապարհների վրա: Գովազդի, գովազդի միջոցի լուսավորումը թույլատրվում է, եթե այն չի հանդիսանում աղմուկի, տատանման, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի, թարթող, թրթռացող, անդրադարձող կամ ուժեղ լույսի աղբյուր, չի առաջացնում երթևեկության մասնակիցների կուրացում, չի շփոթեցնում կամ շեղում վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը, չի խաթարում ճանապարհային երթևեկությունը, չի ներթափանցում բնակելի տարածքներ:

«Ասում ենք տարբերակները, տառաչափերը, ասում ենք, որ պետք է ֆոն ասվածը չլինի, կամ լինի թափանցիկ, որպեսզի շենքի ֆասադը երևա։ Մեծ վահանակները կարող են հանվել, փոխարենը դրվի ավելի փոքր՝ համապատասխանելով քաղաքային ֆորմատին։ Իսկ այն վահանակները, որոնք մենք տարիներ շարունակ տեսել ենք, դրանք տեղադրվում են մայրուղիներում, ոչ թե նեղ քաղաքային փողոցներում»։

Վիզուալ ուղեցույցը տնտեսվարողին կօգնի հասկանալ՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ: Ըստ փոխքաղաքապետի՝ շատ քաղաքներ են այս խնդրին բախվել, և Երևանը նաև այդ փորձից է օգտվել։ Փոփոխության գլխավոր մեսիջն է՝ գովազդը շենքի վրա կամ քաղաքում պետք է հյուր լինի, ոչ թե իրավիճակի տեր։ Ա՛յն պետք է հարմարվի իրավիճակին և ոչ հակառակը։

Back to top button