ԿարևորՀասարակություն

Պատմությունը ճշգրիտ առարկա չէ. նախարարը՝ դասագրքի շուրջ քննադատությունների մասին

Նոր չափորոշիչներով  նոր դասագրքերի ստեղծմանն ու գործընթացի շուրջ դժգոհություններին այսօր անդրադարձել  է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով, որ դրանք այս տարի փորձաշրջանի մեջ են, ուստի  նկատված բովանդակային և տեխնիկական խնդիրները կդիտարկվեն։ Ինչ վերաբերում է 7-րդ դասարանի պատմության դասագրքին, ապա դրա շուրջ դժգոհությունները նախարարն ավելի շատ թիրախավորված արշավ է համարում ։ Իսկ այն դասագրքերը, որոնք այդպես էլ դպրոց չեն մտել, կփոխարինվեն հին դասագրքերով, քանի դեռ նոր մրցույթ չի հայտարարվել ։

«Դուք չեք կարող սկսել մի աշխատանք և ունենալ 100 տոկոսանոց արդյունք՝ հատկապես կրթության ոլորտում»։

2-րդ, 5-րդ և 7-րդ  դասարանների դասագրքերը նոր չափորոշիչներով  ստեղծված առաջին դասագրքերն են։ Դրանք այս տարի փորձաշրջանի մեջ են, և բնական է, որ բարելավումների կարիք կունենան՝ անդրադառնալով նոր դասագրքերի շուրջ առաջացած աղմուկին, նկատում է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ։

«Ձեզ երբևէ հետաքրքրել է՝ մեր երեխաները ինչ դասագրքերով են տարիներ շարունակ դպրոցում սովորել։ Միայն մի դասագրքից մի քանի հարյուր բովանդակային և փաստական անճշտություն է դուրս բերվել։  Այսինքն՝ մեզանում որակյալ դասագիրք գրելու խնդիր կա։ Պետք է շարունակե՞լ այդ ավանդույթը, թե՞ գնալ մի ճանապարհով, որով հնարավորություն ենք ստանում ունենալ նոր և որակյալ դասագրքեր, որից թե ուսուցիչները, թե աշակերտները, թե լայն շրջանակը բավարարված կլինեն»։

Ինչ վերաբերում է պատմության դասագրքին ու կոնկրետ դրա բովանդակության շուրջ աղմուկին, Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ այն թիրախավորված արշավի առարկա է դարձել։

«Դուք չեք կարող ասել՝ ինչ–որ մեկը սխալ պատմություն  է սովորում։ Պատմությունը ճշգրիտ առարկա չէ։Այն պատմական մտածողության և տրամաբանության մասին է, որտեղ ոչ թե ճիշտ կամ սխալ կա, այլ կա գործընթաց, վերլուծություն, հմտություն։ Դրա մասին պետք է խոսենք, որևէ քննարկումների մեջ ես այս դիտանկյունն ու մոտեցումը չեմ տեսել։ Հետևաբար, մի բան կարող եմ ասել, որ այդ մարդիկ հանրակրթության նոր չափորոշչին ծանոթանալու խնդիր ունեն»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դասագրքի շուրջ դժգոհության պատճառն այլ տեղ է տեսնում։ Կարծում է, որ դա նաև թերի կազմակերպված մրցույթի հետևանքն է։

«Դասագրքերը չեն անցել գիտական երաշխավորություն։ Չի ապահովվել նաև մեխանիզմ, որ ընտրող հանձնաժողովում պարտադիր լինի գիտնական ներկայությունը։ Եվ այն, որ հիմա «Հայոց պատմության» հետ կապված խնդիր կա, պատճառներից մեկն էլ այն է, որ դասագրքերը գիտական երաշխավորություն չեն անցել»։ 

Դժգոհության հիմքում միայն բովանդակային խնդիրները չեն։  Ուսումնական առաջին կիսամյակը շուտով կավարտվի, բայց որոշ դասագրքեր դեռ դպրոց չեն հասել։ Խոսքն  այն դասագրքերի մասին է, որոնք մրցույթին չեն էլ ներկայացվել՝ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Իսկ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերն արդեն դպրոցներում են։

«Այն առարկաների դեպքում, որոնց համար նոր դասագրքեր չեն ստեղծվել,  կիրառվում են հին չափորոշիչ հիման վրա գործող նախկին դասագրքերը, և նոր չափորոշչին հարմարեցնելու համար մշակվել են ուսումնական նյութեր, որոնք տրամադրվել են դպրոցներին, և ուսուցիչները դասագրքի և ուսումնական նյութի համադրմամբ իրականացնում են ուսումնական գործընթացը»։

Առանց դասագրքերի ուսումնական տարին սկսելն աննախադեպ երևույթ է մեր կրթական պատմության մեջ՝ նկատում է փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Ուսուցիչները ստիպված հին գրքերով, պատճենահանելով, տարբեր նյութերով են դասավանդում։ Նման բան Հայաստանում չի եղել և սա արդեն լուրջ խնդիր է։  Բացի դրանից, բազմաթիվ առարկաներից դիմորդներ էլ չկան։ Իհարկե, կարելի է մեկնաբանել, որ եթե մարդիկ չեն դիմել, ինչ մեղք ունի նախարարությունը։ Բայց այստեղ հակառակ հարցն է առաջանում։ Իսկ ինչո՞ւ չեն դիմել։ Գուցե պատճառն այն է, որ ժամկետներն են կարճ եղել, և մարդիկ չեն ուզել պատմության գրքի նման լինի։ Նաև գուցե ֆինանսական պայմանները ևս շատ վատն են եղել»։

Նախարարության  որոշմամբ՝ այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցների 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարաններում ներդրվել են կրթության նոր չափորոշիչներ։ Սակայն ուսումնական տարին 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները սկսեցին առանց դասագրքերի, որոնք նոր չափորոշիչների գլխավոր բաղադրիչներից մեկն էին։

Back to top button