Վերնատուն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը՝ թատերական կյանքը թարմացնելու ու արդիականացնելու հայտ․ «Վերնատուն»

Այս օրերին ընթանում է Երևանյան միջազգային թատերական առաջին փառատոնը։ Փառատոնը նախաձեռնել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։

«Ծանոթանալ և հայ հանդիսատեսին հնարավորություն տալ ծանոթանալու միջազգային թատերական կյանքին, հնարավություն ստեղծել փոխշփումների, համատեղ ծրագրեի, նախագծերի համար։ Առիթ է նաև ծանոթանալու երևանյան և մարզային լավագույն ներկայացումներին, դիտել այն ներկայացումները, որոնք չենք հասցրել դիտել», – նշում է Երևանյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մանե Մկրտչյանը։

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու «Եվրոպայի թատրոն» պատվավոր կոչումը կրող փարիզյան Օդեոնի, Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի, Միացյալ նահանգներից, Լեհաստանից, Վրաստանից ժամանած լավագույն թատերախմբերի ներկայացումները։

«Թատրոնը թույլ է տալիս աշխարհը տեսնել այլ մշակութային բևեռում, տեսնել այլ աշխարհընկալում, հայացքներ, մոտեցումներ։ Օրինակ՝ Ֆրանսիական Օդեոն թատրոնը, որը Եվրոպայի գլխավոր թատրոններից է, մեր հանդիսատեսի համար ինչ–որ առումով անսովոր էր։ Մենք սովոր ենք գործողության թատրոն տեսնելու, տեսնել ակտիվ գործողություն բեմում, այստեղ միանգամայն այլ մոտեցում էր։ Այստեղ կարևոր էին մարդկային հարաբերությունները, զգացմունքներն ու ներաշխարհը, այն ավելի պասսիվ էր՝ հիմնված խոսքի վրա, և շատ նուրբ էսթետիկայով։ Այսպես մենք ճանաչում ենք, թե ինչն է այսօր արդիական եվրոպայում», – ասում է Մանե Մկրտչյանը։

Խոսելով այն մասին, թե ինչ կարող է փոխել փառատոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական միջավայրում՝ Մանե Մկրտչյանը նշեց, որ թատրոնը աշխատում է որդեգրել եվրոպական թատրոնների մոդելը՝ լինել հնարավորինս բաց, շեշտում է, որ թատրոնը միայն ներկայացում դիտելու տեղ չլինի, այլ բաց հարթակ, որտեղ կարող են համագործակցել արվեստագետները։

Խոսելով հանդիսատեսի մասին՝ ուրախությամբ նշում է, որ ի տարբերություն Եվրոպայի՝ հայաստանյան հանդիսատեսը ծերացող հանդիսատես չէ, ճիշտ հակառակը՝ հայ թատրոնի հանդիսատեսը երիտասարդ է։

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 18–ը։

Back to top button