ԿարևորՔաղաքական

Անվտանգության երաշխի՞ք, թե՞ նոր մարտահրավեր․ ի՞նչ «բովանդակություն» կունենա Կապանում բացվող ռուսական հյուպատոսությունը

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հետաքրքիր է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարված փուլում է հավանություն տրվում Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այսպիսով, Ռուսաստանը դառնում է երկրորդ երկիրը, որ Կապանում հյուպատոսություն է բացում։ Առաջինը Իրանն է։ Ի դեպ, ԵՄ-ն նույնպես նման մտադրություն ունի։ Ի՞նչ խնդիրներ են լուծելու հյուպատոսությունները Սյունիքում, արդյոք դրանք կդառնա՞ն անվտանգության լրացուցիչ գործոններ, թե՞ նոր ռիսկեր կստեղծեն Հայաստանի համար։ Փորձագետներն այս հարցերում տարակարծիք են։

Դեռ այս տարվա մայիսին էր Ռուսաստանը հայտարարել, որ հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Աշխատանքները կազմակերպելու համար էլ սեպտեմբերին ռուս դիվանագետներ էին ժամանել Հայաստան։ Այսօր էլ արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այդ մասին հայ–ռուսական համաձայնագրին։

Այսպիսով, Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում: Առաջինը Գյումրիում է։ Նշենք, որ հոկտեմբերի վերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Հետաքրքրական է, որ այս ամենը կատարվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության փուլում։ Միրզոյանն այսօր ևս խորհրդարանում խոսել է հայ–ռուսական հարաբերությունների այդ վիճակի մասին.

 «Դա տեսանելի է՝ կան որոշ խնդիրներ այս հարաբերություններում։ Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Որքան հասկանում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունում նույնպիսի վերաբերմունք կա։ Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում՝ հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։ Բայց սա երկար պատմություն է։ Սա առանձին թեմա է։ Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել՝ գործընկերաբար։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ և հուսանք՝ կստացվի։ Անշուշտ, այն , ինչ ես ասում եմ, դա արտաքին հարաբերությունների ոլորտում է, մեկ կողմից չէ կախված»։

Թե որքանո՞վ է Կապանում ՌԴ հյուպատոսության բացումը տեղավորվում ասվածի տրամաբանության շրջանակներում՝ որպես երկկողմ քայլերից մեկը, ցույց կտա ժամանակը։ Նկատենք, որ այս նախաձեռնությունը երկու երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Կապանում ռուսական հյուպատոսության բացումը պարզեցված ճանապարհով է իրականացվում։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ արագ է պետք գործել՝ Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը նպաստելու համար։

Ըստ փորձագետների, սակայն, Հայաստանի հարավում դիվանագիտական ներկայությունը մեծացնելու Մոսկվայի որոշումն ամենևին էլ դիվանագիտական չէ, այլ՝ քաղաքական դաշտում է։ Կապանում 2022 թ-ի հոկտեմբերի 21-ից գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, այս տարվա օգոստոսի 2-ին էլ ԵՄ դիտորդական առաքելությունը հենակետ բացեց։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ այս պահին Սյունքիը մեծ հետաքրքրություն է առաջացնում բոլո՛ր աշխարհաքաղաքական խաղացողների մոտ․

«Կարծում եմ՝ Հայաստանի համար ցանկացած դիվերսիֆիկացում որոշակի նշանակություն ունի և որոշակի արժեք կարող է ունենալ անվտանգային տեսակետից»։

Փորձագետների դիտարկումները միանշանակ չեն այս գործընթացների վերաբերյալ՝ կդառնա՞ն արդյոք հյուպատոսությունները անվտանգության ամրապնդման ու պահովման գործիքներ, թե՞, այնուամենայնիվ, դրանք իրենց հետ նոր ռիսկեր կբերեն։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյան. «Սա անվտանգության հետ որևիցե կապ չունի, հակառակը։ Այսինքն, սահուն կերպով հակամարտության կետն Արցախից տեղափոխվում է Սյունիք։ Սյունիքը դառնում է այն վիճարկելի կետը, որը շատ երկար ժամանակ պետք է մնա։ Սա, բնականաբար, ազգային անվտանգության առանցքային սպառնալիք է, առանցքային խնդիր է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, նկատում է. «Պետք է հաշվի առնենք և չմոռանանք, որ կողմերը մեկը մյուսին հավասարակշռելու շահ նույնպես ունեն։ Եվ այդ շահերը տվյալ դեպքում մեր անվտանգային շահերի հետ համընկնում են»։

Այնուամենայնիվ, փորձագետները համակարծիք են՝ շահերը միշտ չէ, որ կարող են համընկնել։ Առավել ևս, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված, այս պահին այստեղ ավելի մեծ է խորքային հակամարտության հավանականությունը, իսկ հյուպատոսությունները, պարզապես ազդեցության ընդարձակման թիվ մեկ իրավական, ֆորմալ և դիվանագիտական կառույցներն են։  

Back to top button