ԿարևորՀասարակություն

Երևանում բացվել է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

Բժշկական ապրանքների և ծառայությունների ներկայացում, նոր գործարար կապերի հաստատում․ այսպիսի նպատակներ է հետապնդում «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նոյեմբերի 3-ին  բացվեց Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։

Ըստ LOGOS EXPO կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի՝ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան և Բելառուսը ներկայացնող 80 ընկերություն։  Տաղավարները բաշխված են ըստ հիմնական թեմատիկ բաժինների, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն,  ախտորոշում, կլինիկական բժշկություն, բժշկական ու լաբորատոր սարքավորումներ, մայրություն և մանկություն, հիգիենա։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոյի խոսքով՝ ռուսական ընկերությունները ներկայացնում են երկրի մայրաքաղաքն ու Մոսկվայի մարզը։ Նրա հաղորդմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանից Հայաստան միայն դեղագործական արտադրանքի գծով իրականացվել է շուրջ 163 մլն դոլարի ներկրում, և այս միտումը ներկայում էլ շարունակվում է։ Աննա Դոնչենկոն հույս հայտնեց, որ ցուցահանդեսը հնարավորություն կտա ձևավորել նոր կապեր, ունենալ նոր պայմանավորվածություններ։

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» 21-րդ բժշկական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպվել է  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO կենտրոնի կողմից, աշխատանքը կշարունակի մինչև նոյեմբերի 5-ը:

Back to top button