ԿարևորՔաղաքական

Հայաստանով անցնող կոմունիկացիաների անվտանգության ապահովումը՝ ԱԱԾ նոր ստորաբաժանման հիմնական գործառույթ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվել և երեկվանից գործում է հատուկ ստորաբաժանում՝ ապահովելու Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը՝ այսօր կառավարության նիստին  տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս ստորաբաժանման մասին  կառավարության ղեկավարը խոսել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման շրջանակում՝ նշելով, որ կողմերի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մոտեցումը Բաքվի հետ համաձայնեցված 3 սկզբունքներից մեկն է։

ԱԱԾ-ու ստեղծված նոր ստորաբաժանման հիմնական  գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն  է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նորաստեղծ ստորաբաժանումը երեկվանից արդեն գործում է։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է։ Իհարկե, նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև դա կար մեր պլաններում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկվանից սկսել է իր աշխատանքները»։  

ԱԱԾ կազմում նորաստեղծ ստորաբաժանման ձևավորումը տեղավորվում է վերջերս ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում, այն պետք է ապահովի ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։

Փորձագետները չեն շտապում տեսակետներ հայտնել նորաստեղծ ստորաբաժանման վերաբերյալ՝ դա համարելով նեղ մասնագիտական խնդիր։ Կարծում են, որ առայժմ պետք է պարզապես  որպես փաստ ընդունել ԱԱԾ-ի կազմում նոր ստորաբաժանման ստեղծումը, որը կոչված է ապահովելու կոմունիկացիաների անվտանգություն՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում։

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պատրաստ է, մասնավորապես, 7 անցակետ տեղադրել՝ Հայաստան-Ադրբեջան (Քայան, Սոթք, Քարահունջի մոտ, Երասխ, Անգեղակոթի մոտ) և Հայաստան-Թուրքիա (Ահուրիկ, Մարգարա) սահմանին՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։ Ծրագրով նաև անհրաժեշտ է համարվել ստեղծել երկաթուղային ենթակառուցվածքի 5 անցակետ, 4-ը Հայաստան-Ադրբեջան (Նռնաձոր, Ագարակ, Երասխ, Կայան) և մեկը՝ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Ախուրիկում»: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերջերս է Հայաստանի կառավարությունը ներկայացրել՝ համոզվածությամբ, որ այն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող նախաձեռնություն է: Փորձագիտական շրջանակներում, սակայն, թերահավատորեն են մոտենում հարցին՝  արդյո՞ք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է խաղաղություն բերել տարածաշրջան։

«Միանշանակ կարծում եմ, որ՝ ոչ։ Դա իրատեսական չէ։ Նախ՝ խաչմերուկում խաղաղություն չի լինում։ Նույնիսկ տեսականորեն՝ «խաչմերուկը» ենթադրում է ակտիվություն»։  

«Ռադիոլուրի» հետ զրույցում ռազմական փորձագետ, քաղաքագետ Մհեր Հակոբյանը տեսականից դուրս էլ հիմնավոր պատճառներ է տեսնում, որոնք էլ, ըստ նրա, հիմք են տալիս այդպիսի եզրահանգում կատարելու։

«Երբ որ հենց այսօր Ալիևը ակտիվ հայտարարություններ է անում «Արևմտյան Ադրբեջանի» և Սյունիքի մասին, երբ որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իրանական առաջնորդները հանդես են գալիս «Իսրայելի՝ կարմիր գծերը անցնելու» թեմայով, և մենք մեծ հավանականությամբ կտեսնենք, թե ինչպես է այդ կոնֆլիկտը գալիս դեպի Ադրբեջան ու Իրան. այս պայմաններում խոսել այս տարածաշրջանում խաղաղության մասին, կներեք, դա կամ միամտություն է, կամ՝ դիմացինին մոլորության մեջ գցելու փորձ»։        

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ, սակայն, «Խաղաղության խաչմերուկ» եզրույթն ընկալելի ձևակերպում է աշխարհի համար։

«Քանի որ իրադրությունն այս պահին ՀՀ օգտին չէ, պարզ է, որ  ուղիներ որոնողը պետք է լինի ՀՀ-ն։ Որովհետև մյուս կողմերը՝ Ադրբեջան, Թուրքիա, նկատի ունենան նաև, որ տարածաշրջանում «թագավորում է Ռուսաստանը», որը ամուր գրկել է թուրքական դաշինքը։ Պարզ է, որ այս ծանրությանը դիմանալու համար ՀՀ-ն ելք է որոնում»։ 

Քաղաքագետը համոզված է, որ հենց այդպիսի հանգամանքները հաշվի առնելով էլ Հայաստանն ընտրել է խոսույթ, որը հասկանալի է աշխարհի, մասնավորապես՝ Արևմուտքի, նաև՝ Հնդկաստանի ու Իրանի համար։ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանությամբ հետաքրքրված այլ երկրներ ևս կան, ուստի այդ հարցում Հայաստանը միանշանակ ունի դաշնակիցներ, որոնց կողմից, քաղաքագետի համոզմամբ, աջակցություն կլինի։ Հետևաբար, փորձագետի ձևակերպմամբ, Հայաստանը պիտի շարունակի այդ դիսկուրսը՝ զուգահեռաբար բանակը կարգի բերելով, որը ադրբեջանական ագրեսիան զսպելու գլխավոր գործոնն է։ Փորձագետները միանշանակ դրական են գնահատում նաև ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ այս պահի դրությամբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցում առաջնային դերակատարում ունի Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. 

«Հայտարարությունը միանշանակ ողջունում եմ, բայց մյուս կողմից էլ ուզում եմ հիշեցնել, որ  դեռևս սեպտեմբերի կեսերին ԱՄՆ կոնգրեսում լսումների ժամանակ շատ կտրուկ հայտարարություն արվեց Արցախի հարցով, բայց դա չխանգարեց, որ 4-5 օր հետո արցախահայությունը բռնի տեղահանվի»։

Լավ է, որ նման հայտարարություններ կան, բայց, փորձագետի ձևակերպմամբ, պետք չէ գերագնահատել, քանի որ դրանք երբեք աջակցության 100 տոկոսանոց երաշխիքներ չեն։

Back to top button