ԿարևորՔաղաքական

Հնարավոր ագրեսիայի մասին հայտարարություններ՝ բանակցային դադարի ֆոնին․ իրավիճակը գնահատել են ԱԺ-ում

Վերջին շրջանում դարձյալ  ակտիվացել են տարածաշրջանում իրավիճակի  լարվածության մեծացման մասին քննարկումները։ Որոշ կառույցներ անգամ ուղիղ տեքստով են նշում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հավանականությունը։

Մյուս կողմից՝ դադար կա բանակցային գործընթացում, որը նույնպես որպես անհանգստացնող ազդակ է դիտարկվում։ Թեև ԱԺ քննարկումների առանցքում այս օրերին հաջորդ տարվա բյուջեի նախագիծն է, բայց խորհրդարանի միջանցքներում առանցքային թեման հենց տարածաշրջանային հնարավոր զարգացումներն  են ու նոր լարվածության հնարավորությունը։ 

Այս պահին Հայաստանի սահմանին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի տեղեկություններով, զորքերի կուտակումներ չկան։ Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում նա լարված է համարում։

«Պետք է հաշվի առնել, որ բոլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանա-թուրքական։ Այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը մեծ հաշվով կա։ Արդյո՞ք սպառնալիք կա, թե՝ ոչ։ Պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր վերջին շրջանում հռետորաբանության փոփոխության տեսանկյունից Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևերի ընդունման տեսքով։ Ինդիվիդուալ կառավարությունների, խորհրդարանների, տարբեր այլ գերատեսչությունների կողմից ընդունված հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող դրվել հարցականի տակ, իհարկե ողջունելի է։ Սա է այս պահի իրավիճակը»։  

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պնդում են՝ վերջին շրջանում իրավիճակի փոփոխություն և կրակոցներ չկան։ Նոր շարժ չի գրանցվել, ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ այն տարածքներում, որոնք նախկինում օկուպացրել է։ Թե որ մարզից որքան տարածք է այս պահին օկուպացված, մարզպետերը խորհուրդ են տալիս ճշտել պաշտպանության նախարարությունից։

Կարեն Սարգսյան․ «Կոնկրետ թվերի մասին չեմ ուզում խոսել, անվտանգային խնդիրների լուծումը՝ ադրբեջանական ԶՈՒ-ն հետ պետք է գնան և դուրս պետք է գան ՀՀ տարածքից»։

Արարատ Գրիգորյան․ «Այո, որտեղ որ նրանք տեղակայված են ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել։ Որևէ փոփոխություն չկա»։

Ինչ վերաբերում է բանակցային հարթակներում տիրող իրավիճակին, ապա ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել բավարար կամք ու պատրաստակամություն ունենալու դեպքում: Նշում է, որ Ադրբեջանի քայլերը բավարար չեն։ Ասում է, եթե բավարար լինեին` ստորագրված կլիներ խաղաղության պայմանագիրը։ Սա նույնպես ռիսկեր է ավելացնում տարածաշրջանի համար։

«Պետք է արձանագրել, որ նման հարթակներին, ինչպիսին, օրինակ, Գրանադայում փաստաթղթի ստորագրումն էր Ալիևի չգնալը, իհարկե, լավ ազդակ չէ, դրական ազդակ չէ և Եվրոպայի Խորհրդարանի կողմից, ԵԽԽՎ-ի կողմից ընդունված այդ հայտարարությունները բանաձևերը նաև որոշակի ճնշում գործադրելու համար են»։

Թեև պաշտոնական Երևանը հայտարարում է, որ «խաղաղության պայմանագրի» երեք սկզբունքները համաձայնեցված են կողմերի միջև, բայց նույն Հայաստանում անհանգստությունները պահպանվում են փաստաթղթի տարբեր ենթակետերի առնչությամբ։ Դրանցից մեկն առնչվում է սահմանազատման քարտեզներին։ Հանրության անհանգստացնում է, օրինակ, փաստը, որ Հայաստանի վարչապետը շաբաթվա սկզբին խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը նաև հանրագիտարանային տվյալ է՝  տպագրված 1979 թվականին։ Ինչո՞ւ վարչապետը խոսեց Հանրագիտարանի մասին, եթե մինև այդ մշտապես, որպես աղբյուր նշվել են Ռուսաստանի ՊՆ-ում պահվող ռազմական քարտեզները։

«Բնօրինակը, իհարկե, մեկ հատ է այդ քարտեզների, և չեն կարող բոլորը ունենալ բնօրինակ։ Այդ քարտեզներին հասանելիություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Ինչո՞ւ է հղում արվում սովետական վերջին հանրագիտարանին, որովհետև դա այն տեղն է, որտեղ այդ թվերը նշված են։ Հիմա, օրինակ, մի քանի կիլոմետր քառակուսիով կփոփոխվե՞ն այդ թվերը, թե՞ չեն փոփոխվի, դա դեմարկացիայի, դելիմիտացիայի ամբողջական գործընթացի ժամանակ կերևա։ Էության տեսանկյունից այն է, որ  խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի տարածքները ֆիքսված են այդ հանրագիտարանում և, ըստ էության, բնութագրում են այն տարածքային ամբողջականությունը, որը մենք տեսնում ենք դե ֆակտո և դե յուրե արդեն ռազմական քարտեզներում։ Այսինքն՝ այդտեղ կարող են փոքր փոփոխություններ լինել, բայց էությունը մեծ հաշվով չի կարող փոխվել»։   

Մտահոգությունների մյուս մասը վերաբերում է «անկլավներին»։ ԱԺ փոխնախագահը պնդում է, որ Հայաստանի վարչապետը երբեք չի խոսել «անկլավների» վերադարձի մասին։ Եթե 2021 թվականի դեկտեմբերի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, որ «անկլավների» հետ կապված իրավական որևէ հիմք գոյություն չունի, ապա 2023-ի մայիսի 22-ի իր ասուլիսում նշել էր, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև այդ անկլավները՝ հավելումով՝ սա քաղաքական հայտարարություն է, որը իրավական տեսանկյունից ճշգրտման կարիք ունի։

«Որովհետև ես ընդգծեցի, որ իրավական հարցերը պետք է ճշգրտվեն։ Որովհետև դրանք բարդ թեմաներ են, և ինչ ասում ենք, հետո պետք է գնանք, դրանց իրավական հիմնավորումները տանք։ Որովհետև եթե իրավական հիմնավորումները չտանք, այդ քաղաքական հայտարարությունները կմնան քաղաքական հայտարարություն»։   

ԱԺ փոխնախագահը հավելում է․ «Սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի շրջանակում բոլոր տեսակի հարցերը քննարկման ենթակա են, եթե դրանք ունեն իրավական հիմքեր, եթե դրանք քարտեզագրված են, եթե երկկողմ համաձայնագրերում գրանցված են և այլն։ Այստեղ որևէ մութ սենյակ, մութ անկյուն պետք չէ փնտրել։ Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական անկլավ կա Ադրբեջանում»։

Հակոբ Արշակյանը խոսում է Արծվաշենի մասին։ Քարտեզագետները բազմիցս նշել են, որ թեև Արծվաշենն իր տարածքով համարժեք է Ադրբեջանի կողմից «անկլավներ» համարվող տարածքներին, բայց ռազմավարական տեսանկյունից այստեղ շահում է Ադրբեջանը՝ «անկլավ» կոչվածներով ներկայություն ապահովելով Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան ճանապարհներին։ Այս վերլուծությունները, սակայն, Հակոբ Արշակյանը արժանահավատ չի համարում։

«Եկեք ռազմավարական գնահատումները թողնենք փորձագետներին։ Ես այդպիսի մասնագետների չեմ տեսել»։   

Ինչ վերաբերում է ապաշրջափակվող ենթակառուցվածքներին, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ԱԺ փոխնախագահն առանցքային է համարում ապաշրջափակումը ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Մինչդեռ եռակողմ հայտարարության 9-րդ կետի երեք նախադասություններում այդպիսի ձևակերպում չկա։ Ըստ հայտարարության՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ծառայության մարմինները:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հայտարարության 9-րդ կետը վերանայելու առաջարկով հանդես գալ՝ Հակոբ Արշակյանը չի պարզաբանում։

Back to top button