ԿարևորՀասարակություն

Արցախյան կազմակերպությունները կմասնակցեն քաղաքաշինական մրցույթներին․ քննարկվում է կարգը հստակեցնելու հարցը

Քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ այս պահին նախնական տվյալներն ամփոփվում են։ Գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ բռնի տեղահանվածն իր կենսաթոշակը ստանա՝ վստահեցնում են կառավարությունում։ Միաժամանակ նկատում են՝ օրենսդրությունը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կառավարությունում առաջնային է նաև բռնի տեղահանվածներին աշխատանքով ապահովվելու հարցը։

Այս ուղղությամբ աշխատանքներ նույնպես տարվում են՝ հայտարարել է վարչապետըն ու նշել, որ շինարարության ոլորտում աշխատող կազմակերպությունները՝ օրենսդրությանը համապատասխան առաջիկայում կկարողանան մասնակցել պետության կողմից հայտարարվող մրցույթներին։ Այժմ իրավական որոշակի կարգավորումներն են հստակեցվում։

Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակային իրավունքն օրենքի ուժով ծագել է փախստականների կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու հետ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հստակեցմամբ, գործող իրավակարգավորումներով որևէ խոչընդոտ չկա, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձը դիմի և նրան կենսաթոշակ նշանակվի․ առկա են միայն ընթացակարգային խնդիրներ։

«Համապատասխան հաշվարկ պիտի լինի հիմքում, որ նշանակվի կենսաթոշակը, ինչպես ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Հիմա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերները նախագիծ են մշակում, որ առավել պարզեցված, այսինքն՝ մեր օրենսդրությունը պարզեցնելու կարգավորումներ ներառենք, որ այդ անցումը լինի շատ ավելի սահուն, քան յուրաքանչյուր հաշվարկման դեպքն է»

Նոր ընթացակարգերը թույլ կտան,որ հոկտեմբերի 25-ից, երբ բռնի տեղահանվածներին  ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ է տրվել, վերականգվի նրանց օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքը՝ զուգահեռ այժմ տրվող աջակացությանը։

Վարչապետը հստակեցնում է․ «Արդյո՞ք թոշակները ստանալու համար նրանք որևէ գործողություն պետք է կատարեն»։

«Եթե մեկը որոշել է այդ իրավակարգավորումներով առաջ շարժվել՝ դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա որևէ խոչընդոտ չկա, որ գործող իրավակարգավորումներով նշանակվի այդ կենսաթոշակը։ Մեր կարգավորումների նպատակը նա է, որ հավաքական կարգավորում ձևավորենք, որ այդ անհատական դիմումները և վերահաշվարկների կարիքը մեղմենք, այսինքն՝ ընդհանուր առմամբ շատ ընթացակարգեր պարզեցնենք»,-պարզաբանում է Խաչատրյանը։

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը շարունակվում են․ ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում ԱՍՀ նախարարությանը հատկացվել է ևս 950 միլիոն դրամ հոկտեմբերի վճարումները շարունակելու համար։

Պարզաբանում է նախարար Նարեկ Մկրտչյանը․ «40+10 հազար դրամ աջակցության ծրագրից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվել է 73 հազար 196 անձ։ Նրանցից 69 հազար 199-ը ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10- հազարական դրամ աջակցություն»։

Արդյունքում՝ այս հատկացումն իրականացնելուց հետո 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են։ Ընդհանուր առմամբ՝ նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 միլիարդ 370 մլն դրամ։ 100 հազար դրամ միանվագ աջակցության վճարումների ուշացումները պատճառ ունեն՝ դիմումների մուտքագրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել՝ մասնավորապես դրանց սխալ լրացնելու կամ բանկային հաշիվների նույնականացման հետ կապված։ Բացի այդ, վճարումները շաբաթական կտրվածքով հաստատելուց առաջ կրկին ստուգվել են, թե շահառուներից քանիսն են գտնվում ՀՀ-ում, որպեսզի ավելի հասցեական ու արդյունավետ տրամադրվի աջակցությունը։

Վարչապետը տեղեկացնում է՝ աջակցությունը՝ աջակցություն, բայց կառավորությունը այլ խնդիր էլ ունի․

«Մեզ համար կարևորագույն խնդիր է աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին աշխատանքի տեղավորման հարցում։ Այս ուղղություններով աշխատանք արվում է։ Մենք որոշում ենք կայացրել կամ քննարկել ենք, որ ԼՂ շինարարական կազմակերպությունները կարող են օրենքով սահմանված ձևով գնահարցման միջոցով այդ ընկերությունները մասնակցեն մրցույթներին։ Հանրապետությունում ունենք նախագծեր, երբ մի քանի անգամ մրցույթների են դրվել, մասնակից չի եղել՝ ծանրաբեռնվածության պատճառով»։

Փոխվարչապետը հստակեցնում է՝ իրավաբանական անձանց վերալիցենզավորման ու գրանցման կարիք կա, որից հետո կօգտվեն այդ հնարավորությունից։ Կապիտալ ծախսերի աճը հնարավորություն է տալիս վստահություն ունենալ, որ արցախյան ընկերությունները ևս կկարողանան մասնակցել աշխատանքներին։

Back to top button