Երաժշտական եռանկյունի

Ֆրանսիական շանսոնի «Սուրբ երրորդությունը». «Երաժշտական եռանկյունի»

20-րդ դարում, հատկապես Եվրոպայում, մեծ տարածում ստացավ հեղինակային երգի ժանրը: Առաջատար էր համարվում ֆրանսիական շանսոնը: Հեղինակների մի քանի սերունդ սնեցին այդ ժանրը սեփական ստեղծագործություններով:

«Փարիզում, հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո, մեծ տարածում էին ստացել փոքր սրճարաններում և բազմաթիվ համերգային հարթակնեուրում հեղինակ-կատարողների ելույթները: Այդ բազմազանության մեջ աչքի էին ընկնում երեքը՝ Ժակ Բրելը, Ժորժ Բրասենսը, Լեո Ֆերեն, որոնց հետագայում անվանեցին ֆրանսիական երգի Սուրբ երրորդություն»,- ասում է թարգմանիչ, երգիչ, երգերի հեղինակ Պերճ Թյուրաբյանը, ում հիմնական մասնագիտությունը լեզվաբանությունն է, և նա դեռևս երիտասարդ տարիքից զբաղվել է ֆրանսիական պոեզիայի թարգմանություններով: Նրա մոտեցման գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Պերճ Թյուրաբյանի հայերեն թարգմանությունները այնպես են արված, որ  այդ երգերը հայերենով կատարելիս՝ բանաստեղծությունը չի կորցնում տաղաչափական օրինաչափությունը, և հենց դրանով է պայմանավորված Թյուրաբյանի կատարումների գրական և երաժշտական արժեքը:

Ֆրանսիական շանսոնի հիմքում դրված է պոեզիան: Բանաստեղծական տեքստը շանսոնի նախապայմանն է. սրանով էլ շանսոնը որպես ժանր և երևույթ առանձնանում է մնացած հանրամատչելի երաժշտական տեսակներից: Հաճախ թվում է, որ մեղեդային և տեմպոռիթմային ձևերը երկրորդական են, բայց ընդհանուր առմամբ ֆրանսիական երգը թե՛ իր մեղեդայնությամբ, թե՛ փարիզյան և ֆրանսիական տրամադրությամբ խիստ առանձնանում է 20-րդ դարի երգային մնացած բոլոր տեսակներից:

Բրելը, Բրասենսը և Ֆերեն իրարից խիստ տարբերվող հեղինակներ են  զգացմունքայնությամբ, էքսպրեսիայով և կատարման առումով: Այդ հեղինակներից յուրաքանչյուրը ընդգծված խարակտերային են, և այդ ուրույն ոճը նույնպես փոխանցված է Թյուրաբյանի թարգմանություններում: Կատարողի՝ երգը մատուցելու միայն իրեն հատուկ  ոճը առանձնացնում է նրան բոլոր հայ հեղինակներից, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ստեղծագործության մեջ Թյուրաբյանը նաև անդրադառնում է հայկական արևմտահայ և արևելահայ պոեզիային՝ գրելով սեփական երաժշտությունը հայ պոետների տողերի հիման վրա:

Ապրելով Միացյալ Նահանգներում, աշխատելով Կոլումբիայի համալսարանի գրադարանում, Թյուրաբյանն իր թարգմանություններով և կատարումներով կամուրջ է ստեղծում հայ և համաշխարհային գրականության և երաժշտության միջև, և նրա յուրաքանչյուր այցը Հայաստան նշանավորվում է լեփլեցուն  դահլիճներով և յուրահատուկ համերգային ծրագրերով:

Back to top button