ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 մլրդ դոլար հատկացնելու բյուջետային հայտի շրջանակում Բայդենին ուղղված հայտարարության մեջ ի թիվս այլ երկրներին տրամադրվող հավելյալ օգնությանը, հիշատակել է նաև Հայաստանը։
Փորձագետները, սակայն, լավատես չեն ամերիկյան աջակցության հարցում։ Կարծում են, որ ԱՄՆ քաղաքական շահերը ավելի շատ ջերմ հարաբերություններ են ենթադրում Թուրքիայի ու Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։
Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վերջին շրջանում փոխվել է՝ համոզված է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։ Նա ամերիկյան սպասվող աջակցության հարցում ավելի համեստ ակնկալիքներ ունի, հիշեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի՝ հայաստանյան վերջին այցն ու դրանից հետո նրա արած մի քանի հայտարարությունները։
«Երբ Սամանտա Փաուերը Հայաստան եկավ, հայտարարեց, որ իր գործակալությունը Արցախի բռնագաղթվածներին հատկացնելու է 11.5 մլն դոլար, որը շատ փոքր գումար է թե Արցախի հայերի կարիքների համար, թե ամերիկյան հսկա ռեսուրսների համատեքստում ։ Ես կասեի, որ դա ամոթալի փոքր գումար էր»։
Ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու ԱՄՆ Սենատի հատկացումների հարցով հանձնաժողովի լսումների ժամանակ Բայդենի վարչակազմին ուղղված խնդրանքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Հայաստանը ևս պետք է ներառվի օգնություն ստացող երկրների շարքում:
Հատկացումը նախատեսված է Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով մարդասիրական ծանր կարիքների մեջ հայտնված երկրներին օգնելու համար։ Զրուցակիցս հուշում է այս հարցում մեծ ակնկալիքներ չունենալու և ավելի համեստ սպասելիքներ ունենալու մասին։
«Անշուշտ, պետք է համեստ լինեն մեր սպասումները, քանի որ եթե երազային լինեն , հետո հուսախաբ կլինենք, ինչպես միշտ։ Եթե կարող ենք մի բան պոկել, ուրեմն պետք է աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ եթե հուսահատվենք ու չպահանջենք, ապա ոչինչ չենք ստանա»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Հայաստանին ԱՄՆ ցանկացած աջակցության հարցում գոհ լինելու կարևորությունն է շեշտում, հիշեցնում է, որ Հայաստանը՝ ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ երկիր է, ինչը հիմնավոր պատճառ կարող է լինել հատկացումների հարցում որոշումներ կայացնելու գործում․
«Չի կարելի քաղաքական առումով մանիպուլյացնել ֆինանսական այդ հատկացումները, քանի որ տրամադրողը նրանք են, և մենք որպես ստացող կողմ լավագույն դեպքում պետք է մեր գոհունակությունը հայտնենք կամ հասկանանք՝ եթե պարտավորություն է, որը պետք է տրամադրվի և քիչ է հատկացվում՝ նոր վիճարկենք։ Բայց այս դեպքում կարիք չկա վիճարկելու այլ երկրների հետ համեմատվելու համատեքստում»։
Հարութ Սասունյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն, առաջնորդվելով իր քաղաքական շահերով, նախապատվությունը տալիս է ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային ու Ադրբեջանին։ Նա այս մոտեցումը ԱՄՆ նախագահ Բայդենի կեցվածքով չի պայմանավորում․
«Բայդենը միշտ եղել է հայամետ և հայասեր թե որպես սենատոր, թե որպես փոխնախագահ։ Երբ հանդիպեցի Բայդենին, ինքն ասում էր, որ Ամերիկայի ամենահայամետ քաղաքական դեմքը ես եմ։ Եվ երբ նախագահ եղավ, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանից հետո մեծ շրջադարձ ենք տեսնում Բայդենի մոտեցումներում։ Ինքն անընդհատ փորձում է Թուրքիային սիրաշահել։ Տեսնում է, որ մտերմացել է ՌԴ-ի հետ և ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որ պատժամիջոցներ չի կիրառում ՌԴ-ի նկատմամբ։ Եթե այսպես շարունակվի, կգնա Ռուսաստանի կողմը»։
ԱՄՆ սենատորների, կոնգրեսականների կողմից, սակայն, մոտեցումների փոփոխություն Հայաստանի նկատմամբ չկա՝ ասում է զրուցակիցս։ Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդին կոչ արեց վերանայել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը և աջակցել Հայաստանին։ Նա նշում էր, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ճանապարհով նոր տարածքային նվաճումներ չունենա: Նշում էր նաև, որ ԱՄՆ-ն դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնության տրամադրումը՝ հիշատակելով Արցախում էթնիկ զտումները։
Այս տարվա սկզբին էլ կոնգրեսականներն էին պահանջում ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի ուղղումը և արգելափակել ռազմական տեխնիկայի վաճառքը Ադրբեջանին։
ԱՄՆ կոնգրեսականներն անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին էին պահանջներ հնչեցնում։ Այսօր, սակայն, ամերիկյան կառավարության մոտեցումն այս հարցերում բավականին սառն է՝ նկատում է Հարութ Սասունյանը։
«Երբ պաշտոնյաներին հարցնում ենք, թե ինչ են անելու 907-ը, ասում են, որ մտածում են։ Սառած վիճակ է, օդից կախված»։
Զրուցակիցս նկատում է՝ Ադրբեջանը թեև հատել է բոլոր կարմիր գծերը, սակայն ԱՄՆ-ն սպասում է «խաղաղության պայմանագրին»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը այլ դիտանկյունից է հարցը վերլուծում․
«Հիմա ՀՀ-ն՝ որպես ալյանս գտնվում է այլ ռազմաքաղաքական ուղեծրում, հետևաբար դա իրենց խանգարում է ՀՀ հետ ունենալ ավելի սերտ համագործակցություն, նաև ֆինանսական օգնության տրամադրում։ Նրանց համար այս պահին թիվ մեկ գեոպոլիտիկ թշնամին ՌԴ-ն է, որի հետ ՀՀ-ն ի դեմս ՀԱՊԿ համագործակցության է, իսկ Ադրբեջանը, չլինելով որևէ այլանսի մեջ, ավելի շատ է հավակնում ԱՄՆ ուշադրությանն արժանանալուն, քան ՀՀ-ն»։
Սակայն հարցը միանշանակ չպետք է դիտարկել, քանի որ Հայաստանում բավական ակտիվ են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումները՝ ավելացնում է զրուցակիցս՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն համակ ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին։