Գերդաստաններ

Հանրահայտ Նեմրութն ու գերդաստանի 4 շնորհալի լուսանկարիչները. Բաղդասարյաններ. «Գերդաստաններ»

Նա մեծ ներդրում ունեցավ հայ ֆոտոլրագրության պատմության մեջ, նա հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ, որոնք եկան փոխարինելու ձեռքով արված նկարներին, նա միակն էր, ում շնորհվեց արվեստի վաստակավոր գործչի կոչում, նրա որդիները պատվախնդրորեն շարունակեցին հոր գործը: Նրանք հիմնեցին «Ֆոտոլուր» գործակալությունը և արժանացան լուսանկարչական աշխարհի և հանրության համակրանքին։

Դեռևս 1910-ական թվականներին կամ ավելի վաղ Երևանում՝ այսօրվա Կրկեսի շենքի հարևանությամբ մի թաղամաս կար, որը կոչվում էր Մոլոկանսկի։ Այստեղ երկար ժամանակ Երևանի բերդից հատվածներ էին մնացել․ դրանք հիմնովին քանդվեցին այն ժամանակ, երբ կառուցվեց Երևանի մամուլի շենքը։ Ահա այս թաղամասում ապրում էին Բաղդասարյանները, որոնք նկարիչներ էին և փայլուն լուսանկարիչներ։

Նրանց թվում էր շատ հայտնի Նեմրութը։ Հենց նրա լուսանկարներում էլ անմահացան Երևանի բերդի՝ դեռևս պահպանվող կտորները։ Յոթ տարեկան էր Նեմրութը, երբ նրանց ընտանիքը 1914 թվականին Վանի Այգեստաններից գաղթեց Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեց Երևանում՝ հենց այն թաղամասում, որի մասին պատմում էինք։

Յոթամյա Նեմրութը դժվար էր հարմարվում Երևանի կյանքին։ Հավանաբար Այգեստաններում նա իրեն ավելի ազատ էր զգում, և հենց այդ գունեղ աշխարհն էր, որ նրան տրամադրել էր հոր նման գեղանկարիչ դառնալ։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ տղան տեսավ Երևանում քայլող ճանապարհորդներին՝ լուսանկարչական ապարատները ձեռքներին։

Նեմրութին վաղ մանկության տարիներին կոչում էին Սամվել, սակայն հետո նկարիչ հայրը՝ Հովհաննես Բաղդասարյանը, որոշեց իր տղաներին անվանել Վասպուրական աշխարհի տեղանուններով՝ Սամվելին՝ Նեմրութ, Մելիքին՝ Սիփան, Վահանին՝ Ծիլվան։

1915 թվականի գաղթից հետո, արդեն Երևանում, Նեմրութի մականունը փոխվում է քաղաքացիական անվան՝ ասում է լուսանկարիչ, Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր Նեմրութի որդին՝ ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը։  

15 տարեկան էր Նեմրութը, երբ հայրը նրան նվիրեց լուսանկարչական սարք և տղան սկսեց նմանվել իր տեսած ճանապարհորդներին և ամբողջովին նվիրվել հոգեհարազատ ու սիրելի աշխատանքին՝ լուսանկարչությանը։

1925 թվականներին նա տարբեր կենտրոններում աշխատում էր որպես լուսանկարիչ և ղեկավարում էր նաև լուսանկարչական խմբակներ։

Նա դարձավ հին Երևանի դիմանկարիչը, ստեղծեց պատկերներ, որոնք հուշ ու պատմություն դարձան։ Մեր քաղաքի շատ հնագույն շենքերի պատմություններ պահպանվեցին Նեմրութի լուսանկարների շնորհիվ։

Խորհրդային Հայաստանում Ստալինի արձանի բացման օրը սարափելի մառախուղ էր, և Նեմրութը չէր կարող լուսանկարել իրադարձությունը, բայց տարբեր հնարքներով նա կարողացավ հասցնել ու առավոտյան այն ներկայացնել օրաթերթերում։

Հետաքրքիր է նաև հիշել, որ երբ ներկայանալի հանդիպումներ էին լինում Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին, մեր ղեկավարի աչքերը փնտրում էին միայն Նեմրութին՝ հիշում է Մելիք Բաղդասարյանը։   

Նեմրութն առաջինն էր, ով հայկական լրագրության մեջ զետեղեց լուսանկարներ, որոնք փոխարինելու եկան մինչ այդ ձեռքով արված նկարներին, նա միակն էր այս ոլորտում, որ արվեստի վաստակավոր գործչի կոչում ստացավ։

Այս հետաքրքիր և անմնացորդ աշխատանքին նվիրված մարդու որդիներից երկուսը դարձյալ դարձան հայտնի լուսանկարիչներ՝ Մելիքը և Հերբերտը։ Որդիների սերն ու հետաքրքրությունը լուսանկարչության նկատմամբ սկսվեց այն ժամանակ, երբ նրանք հորն օգնում էին տեղափոխել սարքերով լցված ծանր պայուսակը և մեկնում էին նրա հետ հեռավոր շրջաններ՝ լուսանկարչական աշխատանքներ կատարելու։

Որդիներն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո աշխատանքի անցան  Արմենպրեսում։ Երբ ինչ-ինչ պատճառներով եղբայրները դուրս եկան այդ գործակալությունից, ստեղծեցին «Ֆոտոլուր» լրատվականը։ Մելիքը միշտ ձգտում էր Հերբերտին նմանվել, սովորել նրա հմտության գաղտնիքը, սակայն և չէր մոռանում հոր պատգամը. «Տեխնիկան կարող ես սովորեցնել, բայց աչքը՝ ինքը պետք է ունենա»։

Մելիք Բաղդասարյանի բազմաթիվ հանդիպումներն անվանի մարդկանց հետ այսօր պատմություն են դարձել ոչ միայն նրանց լուսանկարելու, այլև շփման իմաստով։ Օրինակ՝ Շարլ Ազնաուրի, Արամ Խաչատուրյանի, Ժակ Շիրակի, Քլինթոնի ու Ելցինի  և այլոց հետ։

Մելիքի որդիները՝ Հայկը և Վահրամը շարունակում են պապի, հորեղբոր և հոր մասնագիտությունը։ Նրանք այսօր «Ֆոտոլուր» գործակալությունում են աշխատում՝ սիրով, մեծ հետաքրքրությամբ ու նոր ասելիքով։

Ժամանակները ինչ-որ տեղ փոխվել են։ Նրանք ավելի ազատ են, անկաշկանդ և շատ լուսանկարներում նույնիսկ կարելի է կռահել, թե ինչպիսի ավարտ կունենա տվյալ իրադարձությունը՝ ասում է Հայկ Բաղդասարյանը։ Լուսանկարիչները բոլոր ժամանակներում արժանի են հիշատակման, քանի որ ակնթարթների պատմությունից հյուսում են ժամանակաշրջանների, իսկ հետո նաև դարի պատմություն։

Back to top button