ԿարևորՄշակույթ

Սերգեյ Սմբատյանը «ԴասA» ծրագրի շրջանակում երաժշտության դաս է անցկացրել աշակերտների հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի երաժիշտները «ԴասA» կրթական ծրագրի շրջանակում հանդիպել են «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի սաների հետ։ Մաեստրո Սմբատյանն իր խոսքում ներկայացրեց դասական երաժշտության կարևորությունը‚ խոսեց նվագախմբի կառուցվածքի‚ դիրիժորի դերի մասին։ Նա շեշտեց‚ որ իր և նվագախմբի անդամների համար երաժշտությունը կենսակերպ է‚ իրենք հավատում են երաժշտության ուժին և այն գաղափարին‚ որ երաժշտությունն աշխարհը կարող է դարձնել ավելի լավը։ Դիրիժորը նաև պատանիներին ու ուսուցիչներին հրավիրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգներին։

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանն ընդգծում է «ԴասA» ծրագրի կարևորությունը։ «Դպրոցի աշակերտների մոտ այս ծրագիրը բարձր արժեհամակարգ է ձևավորում‚ և մեր ցանկությունն է‚ որպեսզի «ԴասA»-ն շարունակական լինի։ Նման նախաձեռնություններով կարող ենք մոտենալ մեր արմատներին‚ մեր մեծերին‚ տեղեկություններ ստանալ համաշխարհային երաժշտարվեստի մասին։ Դասական երաժշտությունը բարություն է սերմանում‚ մաքրում միտքն ու հոգին»‚- ասաց տիկին Գեղամյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն աշակերտների հետ անցկացրին ինտերակտիվ դաս. ներկայացրին նվագախմբի գործիքային կազմը‚ մանրամասներ հայտնի կոմպոզիտորների կենսագրությունից‚ վերլուծեցին նրանց ստեղծագործությունները‚ խոսեցին համերգներին ներկա գտնվելու ընթացքում էթիկայի կանոնների մասին‚ իսկ առավել ակտիվ աշակերտները ստացան նվերներ։ Երաժիշտները ներկաներին պարգևեցին նաև երաժշտական կատարումներ։ 

«ԴասA»-ի հանդիպումները շարունակական են‚ դրանք կայանում են տարբեր կրթօջախներում։ 2023թ․ փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում` ապահովելով ավելի քան 8000 սովորողների ակտիվ մասնակցություն:

«ԴասA» կրթական ծրագիրն իրականացվում է  2018 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս մերձեցնել բարձրարժեք երաժշտարվեստին և ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 

Back to top button