ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Բարի ցանկությունների հայտարարություն»․ թուրքագետները թերահավատ են հայ-թուրքական սահմանի բացման հարցում

Որքանով է իրատեսական հայ-թուրքական ցամաքային սահմանը մոտ ապագայում բացելու հեռանկարը։ Նախօրեին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում հնարավոր է  իրագործվեն։ Խոսքն այս փուլում  Հայաստան-Թուրքիա սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու մասին է։ Մասնագետները լավատես չեն, հիշեցնում են Անկարայի նախապայմանները, որոնցից վերջինը վերաբերում է Խաղաղության պայմանագրին։

«Բարի ցանկությունների հայտարարություն»․ հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու կողմերի պատրաստակամությունն այսպես է բնորոշում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։ Հիշեցնում է, որ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին խոսակցությունները շրջանառվում են 2021թվականից, սակայն մինչ օրս իրականություն չեն դառնում։

«Արցախի ամբողջական հայաթափումից հետո, համարում են, որ այդ այսպես կոչված այդ խոչընդոտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն լուծված է։ Նաև «խաղաղության պայմանագրի» երեք սկզբունքային կետերում համաձայնության գալու մասին հայտարարությունը հիմք է, կարծում եմ, նման հայտարարությունների, քննարկումների համար։ Սակայն Ադրբեջանի նախագահը չի հայտարարել Հայաստանի 29.800քկմ տարածքի մասին, քանի որ շատ լավ հասկանում է, որ առնվազն 200 հազար ք/կմ տարածք բռնազավթված է ՀՀ-ից։ Եթե հայտարարի ուրեմն պետք է նաև դուրս բերի այդ զորքը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հույս էր հայտնել, որ հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում հնարավոր է իրագործվեն։ Խոսքը Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացվելու մասին է:

Վարչապետը շեշտել էր, որ վերազինման և վերականգնման ուղղությամբ Մարգարայի անցակետում աշխատանքներ են տարվել, և այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, սակայն, հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահը  դեռ նախորդ տարի հստակ հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիր կնքվի, իսկ այդ ուղղությամբ երեք սկզբունքների համաձայնության մեջ չկա այնպիսինը, որը կարևոր է Անկարայի համար՝ ասում է զրուցակիցս։

«Քանի դեռ «խաղաղության պայմանագիրը» չի կնքվել, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Թուրքական կողմը նշում է, որ քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, խոսքը նաև միջանցքի մասին է, իսկ երեք սկզբունքներում միջանցքի մասին խոսք չկա։ Եվ հետո սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ կողմերը դեռևս հստակ պայմանավորվածություններ չունեն»։

Արմեն Մարուքյանը ռիսկեր է տեսնում երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու հարցում։

«Ադրբեջանի քաղաքացին, ենթադրենք, Արցախի օկուպացված տարածքներով գալիս է սահման, ողջ Հայաստանի տարածքով պետք  է անցուդարձ անի, որ սահման հատի, դա գլխացավաք կդառնա։ Հնարավոր են պրովոկացիաներ, գաղտնի տեղեկատվության հավաքագրման աշխատանքներ։ Նույն ռիսկը կա , օրինակ, Թուրքիայի տարածքով Սիրիայից ահաբեկիչների մուտքի հարցում։ Կրկին անվտանգային լուրջ խնդիրներ են»։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը նոր թափ ստացավ 44-օրյա պատերազմից հետո՝  2020թվականի տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը եղավ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը դադարեցվել էր 2019 թվականին։ Այս տարվա մայիսին, սակայն, Թուրքիան փակեց իր օդային տարածքը Հայաստանի ինքնաթիռների համար, ինչին հետևեց Անկարայից  պահանջը՝ ապամոնտաժել Երևանում բացված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը։

Այդ հայտարարությանը նախորդել էր Երևանի մարդասիրական քայլը․ հայ փրկարարները Մարգարայի կամրջով 30 տարվա դադարից հետո բեռներ էին տեղափոխել Թուրքիա՝ երկրաշարժից տուժած բնակավայրերի բնակիչներին օգնելու նպատակով։

Back to top button