ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Թուրքական դեմարշ՝ Արևմուտքի և Իսրայելի դեմ. սրված հարաբերություննե՞ր, թե՞   դիվանագիտական խաղ

Թուրքիայի նախագահը հերթական դեմարշն է սկսել Արևմուտքի դեմ՝ մեղադրելով ժամանակակից եվրոպական երկրներին՝ հրեաների ագրեսիվ պահվածքի համար։ Նա շարունակում է հակաիսրայելական ելույթներ ունենալ ու մեղադրել մի շարք երկրների, իր խոսքով՝ «Պաղեստինի պետությունը վերացնելու հրեաների ծրագրին աջակցելու համար»։ Էրդողանի հռետորաբանությանն ի պատասխան՝ Իսրայելը սպառնում է հարաբերությունները վերանայել, իսկ մինչ այդ հետ է կանչել իր դիվանագետներին Անկարայից և պահանջել, որ թուրք դիվանագետները հեռանան Իսրայելից։ Փորձագետները, սակայն, կեղծիք են նկատում Էրդողանի՝ Իսրայելի և Արևմուտքի հետ հարաբերությունները սրելու մեջ։

21-րդ հարյուրամյակը համարելով Թուրքիայի դար՝ Էրդողանը թուրքերի հայրենիք է «հռչակում» Ղրիմից մինչև Արցախ, Պաղեստինից մինչև Թուրքմենստան, Աֆղանստանից մինչև Չեչնիա։ «Գազան ևս մեր հայրենիքի անբաժան մասն է»,- հայտարարել է Օսմանյան կայսրության վերակերտման հովերով տարված էրդողանը։ Միջազգային փորձագետները «ոտքը դրած տեղին «հայրենիք» անվանող Էրդողանի ելույթը ձևական են համարում։ Համոզված են՝ նրա համար նշանակություն չունի պաղեստինցիների կյանքը, իսկ նպատակը Արևմուտքին նսեմացնելն է։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այլ դրդիչ պատճառներ նույնպես տեսնում է Էրդողանի պահվածքի համար.

 «Այնպես չէ, որ Թուրքիան կամ Էրդողանը հատկապես, մեռած է պաղեստինցիների համար, կամ չարերի համար և այլն, և այլն, ամենևին էլ ոչ։ Դա միայն օգտագործում է իր շահերի համար։ Իր շահերից մեկն էլ այն է, որ ինքն իրեն հռչակել է որպես աշխարհի մուսուլմանների պաշտպան, ինչպես նաև աշխարհի թյուրքական ցեղերի պաշտպան, այդ պատճառով էլ ինքը, ուզի թե չուզի, պիտի պաղեստինցիների կողքը կանգնի»։

Հանուն Պաղեստինի կազմակերպած երկու միլիոնանոց հանրահավաքի ժամանակ Էրդողանը մեղադրել է իր ռազմավարական դաշնակիցներին՝ «խաչի ու կիսալուսնի միջև պատերազմ հրահրելու մեջ» և սպառնացել՝ նույնը կլինի Մերձավոր Արևելքում, ինչ եղել է Լիբանանում, Ղարաբաղում։ Փորձագետները նկատում են, որ Արցախում Ադրբեջանի հետ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարած և հայերի սպանած Էրդողանը պատրաստվում է աշխարհին ապացուցել, որ Իսրայելը պատերազմական հանցագործ պետություն է։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը սպասելի էր համարում Էրդողանի նման պահվածքը և չի զարմանում հօգուտ Պաղեստինի Թուրքիայում միլիոնանոց ցույցերից, միաժամանակ, սակայն, նկատում է, որ այստեղ Ադրբեջանի գործոնն էլ գոյություն ունի։  

 «Մենք տեսանք, որ կարծեցյալ երկու եղբայրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, այս հարցում միանգամից ճիշտ հակառակ տեսակետները ունեին. Թուրքիան պաղեստինցիներին պաշտպանեց, իսկ Ադրբեջանը՝ իսրայելցիներին։ Սա էլ է քաղաքականություն։ Իհարկե, Ադրբեջանը նաև Իսրայելի շնորհիվ 44-օրյա պատերազմից հաղթական է դուրս եկել, Իսրայելի հետ շատ սերտ հարաբերություններ ունի նաև Թուրքիայի միջոցով և, չնայած, որ Պաղեստինը մուսուլմանական երկիր է, ինքը մուսուլմանական երկրներից միշտ աջակցություն է ակնկալում, սակայն, տեսեք, որ միանգամից կարող է ծախել մուսուլմաններին և մուսուլմանների գլխավոր թշնամիներից մեկի՝ Իսրայելի կողմը բռնել։ Սա քաղաքականություն է։ Մենք կարող ենք դրանից շատ բան սովորել»։  

Ի պատասխան՝ Թել Ավիվը պատրաստվում է վերանայել Անկարայի հետ դիվանագիտական շփումները։ Հրեա դիվանագետներին հանձնարարվել է լքել Թուրքիան, իսկ թուրք դիվանագետներից պահանջվել է հեռանալ Իսրայելից. Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վերագնահատելու նպատակով՝ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն է պարզաբանել Թուրքիայի հռետորաբանության ֆոնին կատարած քայլը։ Շատ փորձագետներ, սակայն, նկատում են, որ կեղծիք է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածությունը. եթե Էրդողանն իսկապես մտահոգ է պաղեստինցիների համար ու Իսրայելին համարում է ռազմական հանցագործ, ապա ինչու՞ չի փակում ադրբեջանական նավթի ճանապարհը Թուրքիայի տարածքով դեպի Իսրայել։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ադրբեջանական նավթը իսրայելական Աշկելոն է հասնում։ Այս կերպ Իսրայելն ստանում է իրեն անհրաժեշտ նավթի մի զգալի մասը, իսկ մյուս մասը Ղազախստանն ու Իրաքն են ապահովում։

Տիրան Լոքմագյոզյանին, սակայն, թուրքական դիվանագիտությունը չի զարմացնում։ Բացառում է, որ Իսրայելի հետ շատ լավ, հատկապես՝ տնտեսական, հարաբերություններ ունեցող Թուրքիան կարող է հանկարծ քաղաքական վատ հարաբերություններ ունենալ։

 «Չհավատաք, որ քաղաքական վատ հարաբերություն ունի։ Լավ էլ քաղաքական հարաբերություն ունի, իրար հետ շատ էլ լավ համագործակցում են։ Այս դեպքում՝ չէր կարող իհարկե Իսրայելի կողմը բռնել, որովհետև ամբողջ մուսուլմանական աշխարհի առջև սևերես կդառնար։ Այդ պատճառով էլ ինքը «պաշտպան դարձավ» Գազայի պաղեստինցիներին»։

Այսինքն, խոսքերից ու կոչերից բացի որևէ լուրջ գործողություն Թուրքիայի կողմից հօգուտ Պաղեստինի չի լինի՝ համոզված է թուրքագետը։ Լոքմագյոզյանը նկատում է, որ մեզ ծանոթ գործելաոճ է, երբ Արցախի պարագայում Արևմուտքից էինք լսում կոչեր, խոսքեր ու ոչ մի կոնկրետ քայլ Ադրբեջանի դեմ։ Փորձագետը կարծում է, որ նույն տեսանկյունից պետք է նայել նաև Թուրքիա-Արևմուտք իբր «սրված-հարաբերություններին»։ Ի դեպ, չնայած Արևմուտք-Թուրքիա լարված հարաբերություններին՝ Վաշինգտոնը Թուրքիային համարում է դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի արդյունավետ անդամ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն է հայտարարել։ Նա նշել է, որ առաջին անգամը չէ, որ տարաձայնություններ են ունենում Թուրքիայի ղեկավարության հետ։ «Դեռ կշարունակենք աշխատել նրանց հետ՝ այն հարցերի շուրջ, որտեղ համաձայնություն կա»,-ասել է պետքարտուղարության խոսնակը։

Back to top button