Սփյուռքի ձայնը

Հանուն հայկական շահերի․ ի՞նչ  ակնկալել Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծումից․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի իրավաբանները Հայաստանում են՝ Հայ իրավաբանների համաժողովին մասնակցելու նպատակով. ի՞նչ սպասել համաժողովից։

«Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության». այս խորագրի ներքո էին Երեւանում հավաքվել Սփյուռքի եւ Հայաստանի իրավաբանները։  Սփյուռքի  հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց Հայ իրավաբանների երկօրյա համաժողով, որին մասնակցեցին 200-ից ավելի իրավաբաններ 31 երկրից։  

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխարհասփյուռ հայ իրավաբանների հանդիպումը արդյունավետ է գնահատում՝ հետագա գործողությունների ակնկալիքով։ Իրավաբանների նման հանդիպում կազմակերպելու գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ՝ ասում է։

Անվտանգության, արտակարգ իրավիճակների, ԼՂ հայերի իրավունքների պաշտպանության, հայկական ազգային շահերի պաշտպանության և դրանց աջակցության ճանապարհային քարտեզների մշակման, Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները ու ոչ միայն․ սրանք էին քննարկվում և՛ համաժողովի, և՛ պանելային քննարկումների ժամանակ։ Հատկապես խոսվում էր Սփյուռքի դերի մեծացման, աշխատանքների համակարգման, Միջազգային քրեական դատարանում եւ այլ ատյաններում հայկական հարցերի ներկայացման անհրաժեշտության մասին։

Գերմանա-հայկական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, German Institute for Compliance-ի անդամ Գուրգեն Պետրոսյանը, օրինակ, «Հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմները» խորագրով քննարկման ժամանակ խոսեց փաստահավաք աշխատանքների կարևորության եւ միասնական արխիվի ստեղծման անհրաժեշտության մասին։

Հայկական իրավաբանական հանրույթը աշխարհում մեծ է, շեշտում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Հենց դրանով է նաեւ կարեւորում Սփյուռքի հետ աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը։ Եղիշե Կիրակոսյանը «ԼՂ հիմնախնդիրը և հետպատերազմյան իրավական գործընթացները» քննարկման բանախոսներից էր. Պետությունների խնդիրները բարձրաձայնելիս, շատերի կարծիքով, դատական գործընթացները արդյունավետ միջոց չեն։ Նման կարծիքներ եղել են եւ նախկինում, եւ այսօր։

Back to top button